Արմեն Գեւորգյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երեւանում:

1990թ. ընդունվել է Օրենբուրգի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: 1996թ. համատեղությամբ ավարտել է Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ: 2015թ.՝ Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցի «Ընդհանուր կառավարում» ծրագիրը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1990-1996թթ. ՌԴ  մի շարք կրթական եւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1997-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 1998-2000թթ.՝ ՀՀ նախագահի օգնական, ապա ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2000-2006թթ.՝ ՀՀ  նախագահի առաջին օգնական: 2006-2008թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007-2008թթ.՝ նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2008-2014թթ.՝  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2014- 2015թթ.՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի» գործադիր տնօրեն: 2016թ. հունվար-հունիս՝ նույն հիմնադրամի նախագահի խորհրդական: 2016թ. հունիս-հոկտեմբեր՝  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2016-2018թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ փոխվարչապետ: 2018-2019թթ.՝ «Արինս գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ: 2019-2021թթ.՝ «Արինս մենեջմենտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հրաժարական եմ ներկայացնում Աժ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

Հրաժարական եմ ներկայացնում Աժ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։   «2021 թվականից հանդիսանալով ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը:   Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ`  վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018  թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:   Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը  և ստանձնած պարտավորությունների իրականացումը  բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»,- ասված է Արմեն Գևորգյանի տարածած հայտարարության մեջ։ 
14:39 - 01 հուլիսի, 2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Պարո՛ն նախագահ, անցած տասնամյակների ընթացքում մեր կազմակերպությունը ձգտել է հետամուտ լինել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փոքրամասնությունների իրավունքները, գենդերային հավասարությունը, բազմազանությունը եւ ժողովրդավարական պետականության համար այլ կարեւոր խնդիրներ: Բայց եւ մեզ չհաջողվեց անդրադառնալ ժողովրդավարական խաղաղության առավել հիմնարար հարցերին, այն է՝ կյանքի իրավունքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը: Ինձ թվում է՝ մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար եւ շատ հաճախ՝ աշխարհաքաղաքական համատեքստում: Այս վեհաժողովում որոշ քննարկումներ ցույց են տալիս՝ մենք թույլ ենք տվել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որոշ եվրոպացիների տառապանքն ավելի կարեւոր համարվի, քան մյուս եվրոպացիներինը, որ որոշ եվրոպացի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անվերապահ լինի, իսկ մյուսներինը՝ միայն դեկլարատիվ: Մեծ ջանքեր ենք գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն աչք ենք փակում այն հանգամանքի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում եւ ազատ վաճառում շուկայում: Երբեւէ չեմ լսել, որ որեւէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ՝ սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Անդամ որոշ երկրներ ցույց են տվել, որ ուժի եւ փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Պարո՛ն նախագահ, մեր կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով: Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որեւէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ: Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների եւ մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն եւ բանաձեւեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը եւ նրա մարմինները՝ ներառյալ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետեւում եւ չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել: Պարո'ն նախագահ, այս բոլոր խնդիրները բարձրաձայնում եմ միայն մեկ նպատակով՝ նպաստելու մեր կազմակերպության զարգացմանը եւ այն ավելի հարմարեցնելու մեր փոթորկված աշխարհին: Կարծում եմ՝ հարգանքի, վստահության եւ երկխոսության միջավայրի վերահաստատմամբ է, որ կարող ենք մեր կազմակերպությունը դարձնել միջազգային համագործակցության եւ ազատ աշխարհի արժեքների պաշտպանության համապատասխան ֆորում»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:56 - 21 հունիսի, 2022
Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների. Արմեն Գևորգյան

Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր «Հայկական օրակարգ. ռազմավարություն՝ առանց բարդույթների» հոդվածում գրում է․ «1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։  Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ համակարգ։ 2.   Մենք չպետք է բարդույթավորվենք ո´չ մեր չափսերից, ոչ էլ ընթացիկ հնարավորություններից, ոչ՝ բնակչության թվից, բայց  միևնույն ժամանակ ադեկվատ և ազնվորեն գնահատենք մեր վիճակը և ռեսուրսները, անկեղծորեն սկսենք համազգային երկխոսություն՝ այս մարտահրավերների ինքնուրույն հաղթահարման հեռանկարների շուրջ։ 3. Մենք պետք ենք պատրաստ լինենք քննարկել այլ հեղինակների առաջարկները և սցենարները՝ տարածաշրջանային զարգացումների և համագործակցության նոր ձևերի մասին, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանք պետք է անվերապահորեն ընդունենք։ Մենք պետք է պրագմատիկ առաջ տանենք մեր շահերը՝ գիտակցելով, որ մեզնից առավել ոչ ոք չի կարող մեզ համար ցանկանալ ավելի մեծ հաջողություններ և հնարավորություններ։ Իսկ Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան։ 4.    Մինչև 2018 թվականը աշխարհաքաղաքական վեկտորի ընտությունը հանգում էր Ռուսաստանին՝ իրական այլընտրանքի բացակայության գիտակցումով։ Այսօր իրացվում են արևմտյան լավագույն ցանկությունները՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի ուղղությամբ։ Իր հերթին Ռուսաստանը, պահանջելով հստակ կողմնորոշում, չի փոխում  դաշնակիցների հետ աշխատանքի իր՝ ակնհայտորեն հնացած մեթոդները։5. Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խոշոր տերություններն ունեն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, բայց մենք պետք է ունենանք ազգային շահեր։ Ազգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի։ Իսկ այլ տերություննների շահերի բախումը մեր երկրում հղի է անկանխատեսելի աղետներով։ 6. Կարևոր է հստակ գիտակցել, որ, անկախ աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, մեր երկրի ժողովրդավարության և իշխանության որակը կախված է բացառապես մեզնից։ Ո´չ ռուսները, ո´չ ամերիկացիները, ո´չ մեկ ուրիշը դեմ չեն լինելու, եթե մենք կառուցենք ժամանակակից պետություն՝ օրենքի գերակայությամբ։ 7. Այսօր միջազգային հարաբերություններում Հայաստանի հիմնական տրանսֆորմացիան այն է, որ Հայաստանը խնդիրների կարգավորման ռուսական կապվածությունը փոխարինում է Բրյուսելյան պրոցեսով։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկու պրոցեսները հատման կետ չունեն, և տանում են երկու հակառակ ուղղություններով։   8. Զուգահեռ պրոցեսների, զուգահեռ բանակցությունների այս իրավիճակը կարող է բերել մի կետի, երբ գործող իշխանության փոփոխության ներքաղաքական գործոններին կգումարվի միջազգային լեգիտիմ սպասումը՝ Հայաստանի հիմական բանախոսի փոփոխության։ Նման տրամադրություններ արդեն իսկ նկատվում են Ռուսաստանում, որն ի դեպ մինչ 2021թ. ընտրությունները հանդես էր գալիս որպես Փաշինյանի անվտանգության և հետպատերազմյան լեգիտիմության երաշխավոր։ 9. Մենք պետք է վերջապես նկատենք ամենապարզ հետևությունը. հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ։ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնբասը և հիմա կանգնած է այլ կորուստների շեմին։ Հայաստանը կորցրեց Արցախի զգալի հատվածը և բուն Հայաստանից տարածքներ։ 10. Անգլոսաքսերը սկսել են խրախուսել երրորդ պետությունների տարածքներում պատերազմները, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և դեմ, միևնույն ժամանակ խուսափելով դրանցում սեփական ուղղակի ներգրավվածությունից։ Նման մարտավարություն արդեն իսկ կիրառվել է Սիրիայում, Լիբիայում, և այժմ իրականացվում է Ուկրաինայում։ Դրանից բացառապես շահում են խրախուսող տերությունների ռազմաարդյունաբերության համալիրները, էներգետիկ համակարգը և ֆինանսաբանկային համակարգերը։ Փոխարենը ավերվում են երրորդ պետությունները, և նրանց ժողովուրդներն առերեսվում են ազգային աղետին։ Մենք պետք է խուսափենք այդ հեռանկարից»։
21:09 - 28 մայիսի, 2022
Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի այսօրվա նիստում հանդես է եկել հայտարարությամբ։ Այն պատգամավորը հրապարակել է Թելեգրամի իր ալիքում. «Կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից։ Դրանք չկարգավորված հակամարտություններն են: Այս առումով մենք պետք է խոսենք ոչ այնքան այն մասին, թե ինչպես աշխատել և ճիշտ շփվել երեխաների հետ, այլ՝ թե ինչպես գտնել ուղիներ և մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիներում գտնվող երեխաները հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների համար: Վեհաժողովի վերջին նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար։  Գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առաջ։ Ավելի քան երեսուն տարի սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում։ Միայն մեկ տարբերությամբ՝ նրանց մեջ հայրենասիրության  և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի, նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են։  Ուստի խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Ղարաբաղի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։ Ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։ Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու  ազատությունները»։
13:57 - 18 մայիսի, 2022
Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին ապրիլի 25-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը : Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, «Ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում: Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։ Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։ Պարոն նախագահ, Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը։ Եվ վերջապես, պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին։ Շնորհակալություն»։
10:54 - 26 ապրիլի, 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։
21:31 - 04 ապրիլի, 2022
Հայկական օրակարգ. ինչպես կրկին դառնալ գործոն կամ Հայկական նախաձեռնողականության մասին. Արմեն Գեւորգյան  |news.am|

Հայկական օրակարգ. ինչպես կրկին դառնալ գործոն կամ Հայկական նախաձեռնողականության մասին. Արմեն Գեւորգյան |news.am|

news.am: Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի Աշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։ Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի սկզբանե նախանշվեց ներքաղաքական անոմալիաներով, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Մեր տարածաշրջանում և մեր իրավիճակում խաղաղության մասին խոսել պատերազմում պարտված գործիչների շուրթերով՝ նշանակում է ի սկզբանե պատրաստ լինել նոր զիջումների, լինել անվճռական և ամբողջությամբ կախված արտաքին գործոններից (գործընկերներից)։ Սա խաղաղություն ձեռքբերել չէ, այլ՝ երկրի բնակչության մոտ գերակշռող վախի և տագնապի զգացման տարրական շահագործում։ Նման քաղաքականությունը վերջնարդյունքում հանգեցնում է այն բանին, որ թույլին կարելի է ավելի ուժեղ ցավեցնել և նրա հետ խոսել միայն վերջնագրերի լեզվով։ Արդյունքում հնարավոր չի դառնում չեզոքացնել պատերազմի վտանգը։ Խնդիրները, որոնց հիմա առնչվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ժամանակին ձևավորվեր նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը հնարավորություն կունենար՝ վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և սկսել իրական երկխոսություն գործընկերների հետ։ Բայց պարտությունից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ վերցնել այդ դադարը, որպեսզի հնարավորություն ունենար վերախմբավորվելու և նոր դիրքերից աշխատելու։ Այնուհանդերձ, նույնիսկ այսօր մենք ունենք հնարավորություն՝ ավելի համարձակ լինելու և տարածաշրջանում մեր կորցրած դիրքերը վերականգնելու։ Մենք պետք է գիտակցենք, որ 44-օրյա պատերազմից հետո, մեր ողջ թուլությամբ և խոցելիությամբ հանդերձ, Հարավային Կովկասի բանալին գտնվում է մեր ձեռքերում։ Բոլոր հիմնական խաղացողները հասկանում են, որ այսօրվա հայաստանյան որոշումների արդյունքում կա´մ Թուրքիան դառնում է Կովկասի նոր «նայողը», կա´մ այդ դերում մնում է Ռուսաստանը՝ դիրքերն ուժեղացնելու հեռանկարով։ Այս առումով կա որոշակիության խնդիր՝ թե ու´մ հետ է Հայաստանը կապում իր ապագան կամ ու´մ է հանձնելու Հարավային Կովկասի բանալին։ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար և որոշակի իմաստով դառնում է հետքայլ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ադրբեջանը, չթաքցնելով իր մտադրությունները, արդեն բացահայտ հակառուսական խաղ է սկսել։ Բացառված չէ իրավիճակ, որ լարվածության բարձրացման դեպքում Ադրբեջանը ռուսական զենքը կիրառի Արցախում ռուսական զինվորականների դեմ։ Խաղաղության պայմանագիրը՝ առաջարկվող պարամետրերով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը 30 տարի անկախության համար պայքարից հետո նշանակելու է՝ ունենալ Նախիջևանի ճակատագիրը։ Սա ենթադրում է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Այսօր արագացված կերպով ստորագրելով խաղաղության պայմանագիր՝ առանց հայկական ռազմավարական շահերի, մենք նպաստելու ենք Թուրքիայի և նրա դաշնակիցների համար Հայկական հարցի փակմանը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հիմնական ելակետ է դառնում թյուրքական կոալիցիայի և ռուսական ուժերի պոտենցիալ ուղիղ առճակատումը։ Այսօր բոլոր կողմերը ձգտելու են խուսափել նման զարգացումից։    Ինչու՞մ է հայկական նախաձեռնողականության էությունը. 1․ Հայկական կողմը պետք է հետևի եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ չկա որևէ ձևակերպում խաղաղ պայմանագրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, սա այդ փաստաթղթերի ակնհայտ առավելությունն է, այդ պատճառով անհրաժեշտ է հրատապ կերպով հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով և առաջարկել՝ քննարկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները։ Պետք է անել հարցադրում՝ հրաժարվու՞մ է արդյոք Մինսկի խումբը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից, թե՞ ոչ և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքից։ Պետք է փորձել հասկանալ՝ աշխատու՞մ է արդյոք Մինսկի խումբը, թե՞ կարգավորման պրոցեսը գտնվում է ազատ անկման մեջ։ 2․ Եթե միջազգային հանրությունը չի արձանագրում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, ապա պետք է պարզ դառնա, որ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում՝ ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև Արցախում անցկացնել հանրաքվե՝ սեփական սուվերենության հարցով։ 3․ Հայաստանը պետք է պահանջի գերեվարված անձանց անհապաղ վերադարձ՝ որպես նախապայման՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։ 4․ Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն ներկայացնի Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերը։ Հայկական կողմը պետք է իրականացնի դիվանագիտական և տեղեկատվական աջակցություն ռուսական խաղաղապահ ուժերին։ 5․ Պետք է հրապարակայնացնել տարածաշրջանում բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակները, որոնք առաջարկում կամ քննարկում է հայկական կողմը, դրանով իսկ վերահաստատելով պատրաստակամությունը՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանը պետք է առաջարկի՝ հրավիրել այս թեմայով միջազգային կոնֆերանս՝ 3+3 ձևաչափի, ինչպես նաև՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների, ԵՄ և ԱՄՆ, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Եվրասիական բանկի մասնակցությամբ, այսինքն՝ դոնոր-կոնֆերանս՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հիմնական ուղղությունների և զարգացման նախագծերի որոշման, ինչպես նաև՝ դրանց անխափան գործունեության երաշխիքների և իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման համար։ 6․ Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում, որն ի թիվս այլոց պետք է պարունակի հետևյալ կետերը. - Այն մասին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը և պատրաստ է ցույց տալ ռազմական և այլ տիպի աջակցություն (այդ թվում՝ ՀԱՊԿ խողովակով)՝ Հայաստանի հանդեպ երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։ - Այն մասին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ - Այն մասին, որ ռուսական կողմը երաշխավորում է՝ տարածաշրջանում երրորդ կողմին տրամադրված զենքը չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ։ Ռուսաստանը նախաձեռնում է քայլեր՝ Հայաստանի՝ սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և ռուսական 102-րդ բազայի առավելագույն մոդեռնիզացիայի և ուժեղացման ուղղությամբ։ - Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստակամ է Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգեր ստեղծել։ - Այլ՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի և պարենային անվտանգությանն աջակցող քայլեր։ 7. Հայաստանն ինքը պետք է հրապարակայնորեն հայտարարի իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հարցին։ 8. Պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ՝ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, օրինակ՝ կարելի է նախաձեռնել առաջին եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։ Պետք է առավելագույնս աջակցել Իրանի տնտեսական ծրագրերին՝ Հայաստանի հարավային շրջաններում։ 9. Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պիտի պահպանենք առավելագույնս զգացմունքազերծ պրագմատիզմ։ Հայաստանը պետք է հստակ սահմանի, որ Թուրքիայի հետ երկխոսությունը և հարաբերությունների վերականգնումը բացառապես երկկողմանի օրակարգի հարց է։ Եթե այդ պրոցեսը պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի պահանջների բավարարմամբ, ապա թուրքերը պետք է հստակ գիտակցեն, որ Հայաստանը չի անի ոչ մի քայլ, որը կվնասի Ռուսաստանի շահերին։ Թուրքիայի հետ հարաբերություններում կարող ենք դնել կոնկրետ խնդիրներ՝ սահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, համատեղ տուրիստական կլաստերների ստեղծում, օրինակ՝ Անիում, հաղորդակցության ուղիների բացում և զարգացում, հայկական էլեկտրաէներգիայի արտահանում, Թուրքիայի հայ համայնքին աջակցություն և այլն։ 10. Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է օգտագործի այդ հնարավորությունը՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ բաց երկխոսության համար՝ քննարկելով այդ պետությունների՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ դաշնակցային պահվածքի խնդիրը։ Նվազագույնը պետք է ստանալ այդ պետությունների կառուցողական չեզոքություն։ Ամփոփում Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում»։
13:15 - 04 ապրիլի, 2022
Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին թույլ տալ Գևորգյանին ս․թ․ ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ Հիբրիդային մասնակցություն այս դեպքում նախատեսված չէ, և Գևորգյանը չի կարող հեռավար մասնակցել։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազներն առարկեցին, հիշեցնելով, որ նախկինում դատարանը մերժել է Գևորգյանի նմանատիպ միջնորդությունները։ Դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին մեկնել Հռոմ։
13:56 - 22 մարտի, 2022
Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

Դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։  Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար։   «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները»,- նշվում է մեղադրանքի մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մեղադրանքը պարզ չէ իր պաշտպանյալի և պաշտպանական խմբի համար, ուստի 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։ Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:
15:27 - 15 փետրվարի, 2022