Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվում պահվում է 55 հայ. Սիրանուշ Սահակյան
|aravot.am|
aravot.am: Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերեվարված անձինք դեռեւս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը: Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաեւ քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերեվարումներն էին, այդ թվում նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:
Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին, Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակեց «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» վերնագրով զեկույցը, որում նշվում է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն. «2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»:
Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին եւ պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին: Նաեւ՝ Հայաստանը կարծես ընդունեց Ադրբեջանի խաղի կանոնները՝ ռազմագերիների վերադարձի հարցը կապելով քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ: Համենայնդեպս, հայ ռազմագերիների վերադարձի բոլոր դեպքերը կապված են ինչ-որ քաղաքական գործոնների հետ. օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձ, բնակչության ազատում որոշակի տարածքներից եւ այլն: Մարդու իրավունքների խնդիրների կապակցումը քաղաքական պատճառների հետ, Սիրանույշ Սահակյանի կարծիքով, հանգեցրեցին ներկայիս իրավիճակին, երբ մենք ունենք պատանդներ, որոնք պահվում են Ադրբեջանում, ինչ-ինչ քաղաքական խնդիրների լուծման համար:
Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:Բաքվում հայկական կողմն ունի նաեւ 80 ռազմագերի եւ քաղաքացիական անձ կա, որոնց ճակատագրի ուղղությամբ որեւէ աշխատանք չի իրականացվում: 2022 թվականի գարնանից չեն արձանագրվել դեպքեր, որ Ադրբեջանը կնույնականացնի 44-օրյա պատերազմում գերեւարվածների:
12:05 - 30 նոյեմբերի, 2023