aravot.am: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների առեւանգումները ցույց են տալիս, որ գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Եվ իրավական մեխանիզմներն օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Այս մասին «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանն առեւանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավի Մանուկյանին։
«Ադրբեջանը, քանի որ հասել է կայացած պետականության ոչնչացմանը եւ ինքնալուծարման ակտի ընդունմանը, մի քայլ ավել է դիտարկում եւ փորձում է պատժել այն անձանց, ովքեր նախ խորհրդանշական դերակատարում են ունեցել պետականության համար, օրինակ, Արցախի նախագահներն այդպիսի դեր ունեին եւ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումը եւ պայքարը՝ հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։
Երկրորդ, նրանք անձինք են, ովքեր առհասարակ իրականացրել են հայանպաստ գործունեություն եւ խելացի, ուժեղ հայի տեսակի շնորհիվ կարողացել են նպատակային գործունեություն իրականացնել, որը բնականաբար Ադրբեջանը պետք է դիտարկեր ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի։ Ուժեղ հայկական պետականությունը եւ մեր զարգացումը դա սպառնալիք է ընկալվում ադրբեջանական պետականությանը։
Եվ երրորդ, այստեղ կան նաեւ ընտրված ռազմական գործիչներ, որոնց անվան շուրջ կան պատմություններ։ Եվ այստեղ դարձյալ խորհրդանշական հաղթանակն է Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ։ Կայացած զինվորական լինելու ուժով նրանք կարողացել են լուծել իրենց մարտական խնդիրները եւ նաեւ համառել են հետագա պայքարի գործընթացում։ Եվ այս հատկանիշով թիրախավորվել են։
Եթե ընդհանրացնեմ, մենք կարող ենք նշել, որ չճանաչված պետությունում հայանպաստ գործելակերպի համար Ադրբեջանը պատժիչ գործողություններ է իրականացնում այս պաշտոնյաների նկատմամբ։ Գործընթացները ցուցադրական են, նպատակը նաեւ հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամկետ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Արցախի գործիչներին մեղադրանք կարող էր առաջադրվել Քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով։ «Եվ այստեղ հետաքրքրական է, որ Ադրբեջանը նաեւ միջազգային հարթակներում ունի «հեղինակություն», որ քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի։ Դա կարող են լինել հայեր, բայց նաեւ հաջողությամբ դրա թիրախ են ընտրվել Ադրբեջանի ընդդիմադիր տեսակետներ ունեցող քաղաքական գործիչները։ Ադրբեջանն ունի ձեւավորված պրակտիկա՝ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու եւ հասարակությանը մատուցելու։ Եվ միջազգային գործընկերներն էլ այս քրեական գործերի հիմքերը գնահատելիս անպայման հաշվի են առնելու ձեւավորված վատ ավանդույթները եւ իրավունքի գերակայության բացակայությունն այդ երկրում»,- հավելեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)