Ինչպե՞ս են Ադրբեջանում պաշտպանվելու Արցախի գործիչների իրավունքները․ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվում արդար դատաքննություն չի լինի

 |aravot.am|
12:42 - 09 հոկտեմբերի, 2023

Ինչպե՞ս են Ադրբեջանում պաշտպանվելու Արցախի գործիչների իրավունքները․ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվում արդար դատաքննություն չի լինի |aravot.am|

aravot.am: «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ հարցին, թե Ադրբեջանի կողմից առեւանգված Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանվելու Ադրբեջանում։ Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 10 հոդվածներով, որոնց համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ նրա իրավունքները կպաշտպանի ադրբեջանցի փաստաբան։ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ռազմագերիների գործերով Ադրբեջանում ներգրավված են եղել հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված փաստաբաններ, որոնք գործել են մասնագիտական էթիկային եւ փաստաբանական գործունեության սկզբունքներին հակառակ եւ չեն ապահովել իրական պաշտպանություն։

«Ադրբեջանի փաստաբանական համայնքը մեծ մարտահրավերներ ունի եւ նրանք դժվարություններ են ունենում քաղաքական օպոնենտների պաշտպանության հարցում։ Այն փաստաբանները, որոնք ընդդիմախոսների համար պատշաճ փաստաբանական գործունեություն են իրականացրել, հետագայում զրկվել են փաստաբանական գործունեության լիցենզիայից։ Այսինքն՝ պետությունը միջամտել եւ դադարեցրել է իրեն ոչ հաճո փաստաբանների գործունեությունը։ Մյուս կողմից, պետության կողմից տրամադրվող այս անվճար փաստաբանները կախման մեջ են գտնվում պետությունից։ Եվ կան միջազգային զեկույցներ, որոնք արձանագրում են, որ ապահովված չէ իրավական օգնության որակը եւ այս ինստիտուտն անկախության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ եթե նման արձանագրումները կատարվել են հենց ադրբեջանցի մեղադրյալների վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ այդ ռիսկերը բազմապատկվում են հայ մեղադրյալների գործերով։ Հետեւաբար, ես հույս չունեմ, որ այդ փաստաբանական գործունեությունը որեւէ կերպ կարող է ազդել դատական ակտերի վրա, ոչ միայն այն պատճառով, որ փաստաբանները կախյալ են եւ որակյալ ծառայություններ չեն մատուցի, այլ նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանական կողմը հայտարարեց նաեւ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է փաստաբան, որին ընտրել են ընտանիքի անդամները։ Անդրադառնալով այս հաղորդագրությանը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այստեղ կա առաջընթաց․ «Եթե նախկինում բոլոր ռազմագերիներին ներկայացնում էին պետության կողմից նշանակված փաստաբանները, այս պարագայում ընտանիքներին հնարավորություն է տրվել ընտրել փաստաբան։ Բայց եւս մեկ անգամ վերահաստատենք, որ այդ ընտրությունը կատարվում է Ադրբեջանում լիցենզավորված եւ գործող փաստաբաններից։ Այստեղ մենք կարող ենք հարաբերական կախյալության մասին խոսել, այսինքն՝ մասնավոր փաստաբանները հարաբերական ավելի անկախ են պետությունից, բայց ընդհանուր առումով մենք կարծում ենք, որ փաստաբանական համայնքը կայացվածության խնդիր ունի։ Եվ դա չի կարող չազդել ամբաստանյալների դատաքննության իրավունքի վրա»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել