Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|
17:05 - 06 հունվարի, 2024

Մենք տեղեկություններ չունենք՝ չհաստատված 80 գերիներն այս պահին ո՞ղջ են, թե մահացած․ դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը․ Սիրանուշ Սահակյան |aravot.am|

aravot.am: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ այս պահին Ադրբեջանում պահվող Ադրբեջանի կողմից հաստատված ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։

Aravot.am-ը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում հիշեցրել է՝ Արգիշտի Քյարամյանի ներկայացմամբ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների թիվը 23 է, մինչդեռ տարբեր առիթներով ինքը նշել է, որ գերեվարված մեր հայրենակիցների թիվն անցնում է 80-ը։ Հարցին՝ այստեղ հակասություն չկա՞, նա պատասխանել է․ «Առաջին թվի առումով հաստատված գերիների թվային հակասություն չկա։ Այստեղ նշված է՝ 23-ից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։ Մեր տեղեկություններով՝ 2023-ին գերեվարվել են 18-ը, որից երկուսը մինչև սեպտեմբերյան ագրեսիան։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռաշիդ Բեգլարյանին և Վագիֆ Խաչատրյանին, որոնք ևս ձերբակալվել, գերեվարվել են 2023-ին։ Մինչև 2023-ը ունենք 5 գերեվարվածներ, որոնք կապված են 2020-ի հետ։ Թերևս այս 17 թվի մասով կա հակասություն, որը կարող է զուտ մեթոդաբանական լինել, բայց ընդհանուր թվի հետ կապված որևէ հակասություն չկա»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ հաստատված գերիների թվի հրապարակման հետ մեկտեղ ինքը մատնանշում է բռնի անհետացած գերիների վերաբերյալ տեղեկություններ, այսինքն՝ անձինք, որոնք թեև գերեվարվել են, սակայն նրանց գերեվարման փաստն առ այսօր հաստատված չէ․ «Մենք տեղեկություններ չունենք, թե այս չհաստատված գերիներն այս պահին ո՞ղջ են, թե՝ մահացած, և նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Դրանք միտումնավոր թաքցնում է ադրբեջանական կողմը։ Այս առնչությամբ է, որ մենք բարձրաձայնում ենք 80 թիվը։ Այս 80 անձանց առնչությամբ մենք ունենք տեղեկություններ, որ նրանք ողջ գերեվարվել են, և գերեվարումի ընթացքում կամ դրանից կարճ ժամանակ անց ողջ են եղել, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները բացակայել են, սակայն դրանից հետո ինչ ճակատագրի են արժանացել, անհայտ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել