ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառնալիք է տեսնում. նա կոչ է արել Գերմանիային մեծացնել պաշտպանական ծախսերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառնալիք է տեսնում. նա կոչ է արել Գերմանիային մեծացնել պաշտպանական ծախսերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել Գերմանիային էականորեն մեծացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը և ընդլայնել զինամթերքի արտադրությունը՝ հաշվի առնելով երկրի տնտեսական ներուժը։ Այս մասին նա հայտարարել է Bild պարբերականին տված հարցազրույցում․ փոխանցում է DW-ն։ «Ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին այս հարցը քննարկման առարկա կդառնա բազմաթիվ եվրոպական երկրներում»,- նշել է Ռյուտեն՝ շեշտելով, որ նման քայլն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի սպառնալիքը։ «Ես ձեզ հստակ ասում եմ՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմին։ Սա (պաշտպանական ծախսերի ավելացումը) լավագույն միջոցն է՝ պատերազմից խուսափելու համար»,- հավելել է նա։ Ռյուտեն նաև նշել է, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի ռազմական հնարավորությունները մեծանում են։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատկապես ընդգծել է Գերմանիայի ներդրումը Ուկրաինային ռազմական աջակցության հարցում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի ոչ մի եվրոպական երկիր այնքան չի աջակցում Կիևին, որքան Գերմանիան։ «Հաշվի առնելով Գերմանիայի տնտեսական հնարավորությունները, մենք, իհարկե, ցանկանում ենք, որ նա անի ավելի շատ»,- հավելել է նա՝ ընդգծելով Գերմանիայի «ֆանտաստիկ պաշտպանական արդյունաբերությունն» ու նորարարական ներուժը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:21 - 02 փետրվարի, 2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։
18:51 - 23 հունվարի, 2025
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Հունվարի 15-17-ը աշխատանքային այցով Բրյուսելում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ և քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ և կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։
11:10 - 16 հունվարի, 2025
ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը
 |factor.am|

ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան «X» սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Ղազախստանում «Azerbaijan Airlines»-ի օդանավի կործանման կապակցությամբ և կոչ արել «ամբողջական հետաքննություն» իրականացնել միջադեպի առնչությամբ։ «Մեր մտքերն ու աղոթքները «Azerbaijan Airlines»-ի J28243 չվերթի զոհերի ընտանիքների հետ են: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում վթարի հետևանքով տուժածներին և կոչ ենք անում լիարժեք հետաքննություն սկսել»,- գրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչուններին, օդանավի հրամանատարը որոշել է շեղվել դեպի Ակտաուի այլընտրանքային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
18:32 - 26 դեկտեմբերի, 2024
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ВГТРК-ին և РИА Новости-ին ու հայտարարել, թե Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել: «Այսպես կոչված, եվրոպացի դիտորդների անվան տակ մեզ հետ սահմանին հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է Ալիևը:  Ալիևի խոսքով դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022 թվականի քառակողմ հանդիպման ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի մասնակցությամբ: «Այդ ժամանակ մենք դեռևս չէինք բացառել Ֆրանսիային կարգավորման գործընթացից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու ամսվա ընթացքում Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ թվով կոնտինգենտը կտեղակայվի: Եվ արգումենտը հետևյալն էր. «ինչու համաձայնեցնել ձեզ հետ, սա Հայաստանի տարածքում [տեղակայվելիք] առաքելություն է»: Իսկ մեր արգումենտը հետևյալն էր. «Ինչո՞ւ էիք մեզ հետ համաձայնեցնում, երբ մենք պայմանավորվում էինք: Այդպես չի կարելի»,- ընդգծել է Ալիևը: Նա նշել է, որ հետագայում ԵՄ դիտորդների թիվը մեծացել է՝ հասնելով 200-ի. «Ավելին՝ այդ առաքելությունը սահուն կերպով վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության՝ հաշվի առնելով, որ միացել են նաև Կանադայի ներկայացուցիչները»:
12:06 - 18 դեկտեմբերի, 2024
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հեռանկարները

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։   Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։   Քննարկվել են ռազմական կրթության բնագավառում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։   ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ, ԱԳՆ և ԱԽ գրասենյակի ներկայացուցիչները ավագ դասընթացի ուսանողներին ներկայացրել են Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ բանախոսություններ։   Դեկտեմբերի 11-ին պաշտպանական քոլեջի պետ Մաքս Արթուր Նիլսենը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ ներկայացվել են կրթօջախի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։   Հանդիպման արդյունքներով նախանշվել են նաև ռազմակրթական երկու հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները։
19:39 - 11 դեկտեմբերի, 2024
Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները
 |news.am|

Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները |news.am|

news.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, երկրում արևմտյան ռազմակայանների փակման և օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների չեղարկման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։«Ոչ մի ՆԱՏՕ։ Ոչ մի ռազմաբազա, ուկրաինական հողի վրա զորավարժություններ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ այժմ ստիպված պետք է ընդունել նոր իրողություններ, որոնցից գլխավորը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդգրկումն է Ռուսաստանի կազմ։Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը չի պատրաստվում համակերպվել այն փաստի հետ, որ ուկրաինական օրենսդրությունն արգելում է ռուսաց լեզուն և մշակույթը, ռուսական լրատվամիջոցները և ուկրաինական ուղղափառ եկեղեցին։ «Սա ՄԱԿ-ի կանոնադրությամբ Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Սրա հետ կապված ինչ-որ բան պետք է անել»,- կարծում է նա։ Լավրովը նշել է, որ ռուսաֆոբ «օրենսդրական հարձակման» սկսվելուց ի վեր՝ 2017 թվականին, Արևմուտքը լռում է։ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ «իր շեմին» ոչ մի ՆԱՏՕ չպետք է լինի։ Նա նաև հիշեցրել է ռուսների իրավունքների վերականգնումը։ Լավրովն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հատուկ ռազմական գործողության նպատակի մասին։ «Սա արդարացի է և լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: Առաջին հերթին՝ լեզվական և կրոնական իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Սա լիովին համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին»,- նշել է նախարարը։
12:17 - 06 դեկտեմբերի, 2024
Ռյուտեն ԵՄ-ին կոչ է անում քննադատելու փոխարեն խոսել Թրամփի հետ․ Politico
 |hetq.am|

Ռյուտեն ԵՄ-ին կոչ է անում քննադատելու փոխարեն խոսել Թրամփի հետ․ Politico |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին կոչ է արել երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այլ ոչ թե քննարկել ու քննադատել նրան: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։ Նրանց տվյալներով՝ Ռյուտեն, որը նոյեմբերին Թրամփի հետ հանդիպել էր Ֆլորիդայի վերջինիս կեցավայրում, վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ եվրոպացի նախարարներին հայտարարել է, որ «Թրամփի մասին քննարկելու ու քննադատելու փոխարեն նրանք պետք է խոսեն նրա հետ»։  Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Նոյեմբերյան ընտրություններում հաղթելու դեպքում նա սպառնում էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները ֆինանսական մեծ պատասխանատվություն չվերցնեն սեփական անվտանգության համար։ Հանրապետական նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
13:26 - 04 դեկտեմբերի, 2024
Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ։ Խրիստոդուլիդիսի խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալ Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ հնարավորություններից։ Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսն ԱՄՆ-ի հետ քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցության երեք առաջարկվող մակարդակներ։ Նիկոս Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսի զսպող կարողությունների ամրապնդումն առաջնահերթ նշանակություն ունի. երկիրը հնարավորություններ է փնտրում ինչպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտպանական ծրագրերի միջոցով, որոնց կղզին մասնակցում է։ Խրիստոդուլիդիսը Կիպրոսի հիմնական առավելությունը համարել է կղզու աշխարհագրական դիրքը «առանձնահատուկ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածքում»: Նա նաև հաստատել է, որ կղզու ռազմածովային և ռազմաօդային բազաների արդիականացման որոշումներն արդեն ընդունվել են, և որ Կիպրոսը ԵՄ-ի հետ քննարկումներ է անցկացնում ռազմածովային, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ռազմաօդային օբյեկտների շուրջ։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի ժամկետների մասին հարցին նախագահը պատասխանել է. «Որքան քիչ խոսենք այդ մասին, այնքան ավելի մոտ կլինենք մեր նպատակին»: Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կարևոր նախադեպ դառնալ: Ըստ դաշինքի կանոնների՝ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետությունը չի կարող ընդգրկվել դրա կազմում։ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է համանուն կղզու շուրջ 60%-ը, որի մնացած տարածքին տիրում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ 
12:59 - 29 նոյեմբերի, 2024
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2024 թ. նոյեմբերի 22-25-ը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։ Ա. Քոչարյանը, պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին: Պատվիրակության հետ ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են նաև կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը:
20:58 - 23 նոյեմբերի, 2024