factor.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է 400 տոկոսով կամ հինգ անգամ մեծացնեն իրենց հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ պոտենցիալ հակառակորդների դեմ հուսալի զսպում ապահովելու համար։ Նման կոչով է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է DW-ն։
Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել «քվանտային ցատկ» կատարել կոլեկտիվ անվտանգության ոլորտում՝ զգուշացնելով, որ դաշինքի առջև ծառացած սպառնալիքները «չեն անհետանա նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»։
«Անհրաժեշտ է հակաօդային և հրթիռային պաշտպանության 400%-ով ավելացում։ Մենք Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ահաբեկում օդից, ուստի մենք կամրապնդենք մեր երկինքը պաշտպանող վահանը։ Մեր զինված ուժերին նաև անհրաժեշտ են հազարավոր զրահատեխնիկա և տանկեր, միլիոնավոր հրետանային արկեր, և մենք պետք է կրկնապատկենք մեր աջակցության հնարավորությունները, ինչպիսիք են լոգիստիկան, մատակարարումը, տրանսպորտը և բժշկական աջակցությունը»,- նշել է նա։
Խոսելով դաշինքին սպառնալիքների վտանգների մասին՝ գլխավոր քարտուղարը զգուշացնում է, որ «ցանկալին իրականի տեղ ընդունելու մտածողությունը չի պաշտպանի վտանգից»։ «Հույսը ռազմավարություն չէ։ Ահա թե ինչու ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի ուժեղ, ավելի արդար և ավելի մահացու դաշինք»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ակնկալում է՝ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության կգան պաշտպանական ծախսերի զգալի ավելացման վերաբերյալ։ Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը նա հայտարարել էր, որ դաշնակիցները «շատ մոտ են» համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու վերաբերյալ կոնսենսուսի հասնելուն:
Մարկ Ռյուտեի առաջարկի համաձայն՝ մինչև 2032 թվականը դաշինքի երկրները պետք է ՀՆԱ-ի առնվազն 3.5%-ը ծախսեն պաշտպանության, ևս 1.5%-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքների վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)