Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հարգելի՛ Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- նշված է Պապիկանի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Ֆրանսիացի գործընկերոջը շնորհավորել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։  Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում։ Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները՝ Ֆրանսիայում
11:22 - 24 դեկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։ Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը: Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։ Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
11:22 - 21 դեկտեմբերի, 2024
Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ»

 |factor.am|

Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ» |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին՝ այն գնահատելով «ոչ օբյեկտիվ և կողմնակալ»։ Մեջլիսը Եվրախորհրդարանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և «Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին ծառայելու մեջ»։ «Կասկած չկա, որ այս բանաձևը մեր երկրի դեմ ուղղված երկարատև զրպարտչական արշավի մի մասն է։ Ադրբեջանի հաջողությունները, որոնք միավորեցին համաշխարհային հանրությանը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, դարձան այս արշավի ակտիվացման պատճառը՝ համալրված նոր կեղծ տարրերով»,- ասված է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, թե, իբր, Ադրբեջանում բոլոր հիմնական իրավունքներն ու ազատությունները լիովին երաշխավորված են․ «Եվրախորհրդարանում քննարկումները և ընդունված փաստաթղթերը դարձել են այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտության գործիք: Այնուամենայնիվ, այս կառույցը պետք է լավ հասկանա, որ իր ոչ օբյեկտիվ դիրքորոշումը և կեղծ տեղեկատվություն ֆորմալացնող բանաձևերն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում»: Ադրբեջանի օրենսդիրները Եվրախորհրդարանին կոչ են անում «կենտրոնանալ եվրոպական մայրցամաքում աճող սեփական խնդիրների լուծման վրա»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:51 - 20 դեկտեմբերի, 2024
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը |armenpress.am|

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը |armenpress.am|

armenpress.am:  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման՝ Փարիզի նախաձեռնությունը։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում: «Շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ կապված Ուկրաինայում ուժերի առկայության հետ, որոնք կարող են նպաստել խաղաղության տանող ճանապարհի կայունացմանը: Էմանուելը տեղեկացրեց մյուս գործընկերների հետ իր փոխադարձ շփումների մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար», - գրել է Զելենսկին։  Նա արդյունավետ է անվանել առանձնազրույցը և շեշտել, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ամրապնդումը մնում է հիմնական խնդիրը։  Զելենսկին նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի պատրաստման շուրջ։  «Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիայի կողմից մեր բանակի համար մեկ բրիգադի պատրաստման համար, պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ: Ակնկալում ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և իրենց ավանդը կներդնեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների համալրման գործում», - գրել է նա։ Ըստ Զելենսկիի գրասենյակի՝ սա նրա ութերորդ հանդիպումն է Մակրոնի հետ 2024 թվականին։
12:46 - 19 դեկտեմբերի, 2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել համերաշխության ուղերձի համար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն X-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը։ «Շնորհակալ եմ համերաշխության ուղերձի համար, հարգելի Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի բնակիչների հետ են, որ լրջորեն տուժել են այս աղետից»,- գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և զգալի վնասների: Ես հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և բնական աղետից տուժածներին»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում։ Մայոտում Շիդո ցիկլոնի ավերածությունների պատճառով բազմաթիվ զոհեր կան։ Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կհասնի հազարի։ 1500 մարդ է վիրավորվել, 200-ի վիճակը ծանր է։ Մայոտի բնակչության գրեթե 70%-ը լրջորեն տուժել է, ամբողջ թաղամասեր վերածվել են փլատակների:
20:12 - 18 դեկտեմբերի, 2024
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ: Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:
20:34 - 17 դեկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  «Մեծարգո պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական ու քաղաքական մեծ փորձառությունն ու կարողությունները գործի կդրվեն՝ ի շահ բարեկամ Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։ Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ընդլայնելու հայ և ֆրանսիացի ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված` մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունները։ Իմ վճռական պատրաստակամությունն եմ հայտնում համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության շրջանակներում։ Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում անվտանգության և արդար ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի հետևողական ջանքերը: Բարձր ենք գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։ Մեծ պատիվ կլինի առաջիկայում պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար։ Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր ծրագրերում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»,-նշված է ուղերձում:
17:16 - 17 դեկտեմբերի, 2024
Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ
 |1lurer.am|

Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը: Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Ֆրանսիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ արաբական հանրապետությունում քաղաքացիական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, և անվտանգության նկատառումներով փակել էր Դամասկոսում իր դեսպանությունը: 
16:22 - 17 դեկտեմբերի, 2024
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
 |factor.am|

Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ խորհրդարանում անցկացված պատմական քվեարկությունը տապալեց նախորդ կառավարությունը, գրում է France24-ը։ 73-ամյա Բայրուն՝ Մակրոնի կենտրոնամետ ​​դաշինքի կարևոր գործընկերը, ֆրանսիական քաղաքականության նշանավոր դեմքերից է: Նրա քաղաքական փորձը համարվում է առանցքային կայունությունը վերականգնելու ջանքերում, քանի որ ոչ մի կուսակցություն Ազգային ժողովում մեծամասնություն չունի: Առաջիկայում իշխանության փոխանցումը տեղի կունենա վարչապետի նստավայրում, պաշտոնաթող վարչապետ Միշել Բարնիեն արդեն սպասում է իր իրավահաջորդին։ Բարնիեի կառավարությունն արձակվել է դեկտեմբերի 5-ին խորհրդարանի անվստահության քվեից հետո, որին աջակցել է 574 անդամներից 331-ը։ Երկու օր առաջ վարչապետն ընդունել է 2025 թվականի սոցիալական ապահովության բյուջեի մասին օրինագիծը՝ օգտվելով Սահմանադրության 49.3 հոդվածից (թույլ է տալիս օրենք ընդունել առանց խորհրդարանում քվեարկության)։ Ֆրանսուա Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետների ընթացքում՝ Էդուարդ Ֆիլիպից, Ժան Կաստեկսից, Էլիզաբեթ Բորնից, Գաբրիել Ատալից և Միշել Բարնիեից հետո։ Բայրուն վերջերս արդարացվել է Եվրախորհրդարանի միջոցները յուրացնելու մեղադրանքից։ Մակրոնն իր հերթին անցած շաբաթ խոստացել է մնալ իր պաշտոնում մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2027 թվականը։
17:31 - 13 դեկտեմբերի, 2024
Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են |azatutyun.am|

Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Վրացական երազանք»-ի հաղորդագրությունը։ «Վրացական երազանք»-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը «ցանկություն է հայտնել նպաստելու ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը»՝ շեշտելով, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։ Իվանիշվիլին ողջունել է համատեղ ջանքերի գաղափարը։ Մակրոնն ու Իվանիշվիլին պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին զրուցել՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։ Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։
15:03 - 11 դեկտեմբերի, 2024
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով: Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:  Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:   Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
22:28 - 10 դեկտեմբերի, 2024