Խաղաղության պայմանագրի շուրջ ավելի համագործակցաբար ենք աշխատում. Միրզոյան
 |civilnet.am|
16:16 - 13 նոյեմբերի, 2024

Խաղաղության պայմանագրի շուրջ ավելի համագործակցաբար ենք աշխատում. Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի մշակումը մտել է ավելի ինտենսիվ փուլ։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Իհարկե, խաղաղության պայմանագիրը կա մեր և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում։ Այստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում։ Ես կասեի՝ նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը «իսկապես շատ մոտ են նրան, որ կունենան վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»։

Նա նաև նշեց, որ բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են նաև հաղորդակցության ուղիների, մասնավորապես՝ երկաթուղու վերականգնման ուղղությամբ։

Միրզոյանի խոսքով՝ դինամիկ է նաև երկխոսությունը Թուրքիայի հետ։ Նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների վերագործարկումը։

Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։

Ադրբեջանական կողմն օրերս կառավարամերձ շրջանակաների միջոցով արտահոսք էր կազմակերպել չհամաձայնեցված 3 կետերի վերաբերյալ։ Ըստ դրանց՝ առաջինը վերաբերում է տարածքային հավակնությունների բացառմանը։ Բաքուն բազմիցս պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Մյուս չհամաձայնեցված դրույթը միջազգային դատական ատյաններից հայցերի հետկանչման, երրորդը՝ սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառման մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել