ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։
- Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
- Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։
Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։
Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։
comment.count (0)