Հայոց ցեղասպանություն

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանահայ մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են իրանահայ համայնքի կառույցներին և տեղի հայ պատգամավորներին՝ դատապարտելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը, որի ժամանակ ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր ՀՀ անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ Կոչում մասնավորապես նշված է․ «Իրանահայ համայնքի կրոնական և ազգային կառույցներին, նրանց ենթակա մարմիններին, հանձնախմբերին, եկեղեցական խորհուրդներին, հասարակական, տնտեսական, մշակութային և մարզական միություններին և Իրանահայ համայնքի բոլոր անդամներին. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր Հայաստանի Հանրապետության անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ Ծաղիկների խոնարհման ընթացքում, երբ ՀՀ դեսպանության պատվիրակությունը շարժվում է դեպի հուշարձան, հանկարծ կարգապահներից անցնելով պատվիրակության կողմն են հարձակվում երկու-երեք կանայք, որոնք մոտենալով ՀՀ Դեսպանին ու նրա տիկնոջը և ընկերակցողներին, ջանում են նրանց ձեռքերին հարվածելով խլել մատուցման համար նախատեսված ծաղիկները: Ավելի ուշ, խայտառակությանն ավելացավ ևս մի նոր դրվագ, երբ նույն դավադրության հերթական հատվածն իրականացրին Լկտիությունը բեմադրած խմբի մի քանի այլ անդամներ ՀՀ իշխանություններին ուղղված լուտանքների վանկարկումով։ Անկախ այն բանից, թե ՀՀ դեսպանությունն ինչպիսի վերաբերմունք է ունենալու չարամտորեն նախապատրաստված բեմադրության հեղինակների նկատմամբ, այդ արարքներն իրենց մեջ պարունակած մաղձի, անշնորհք պահվածքի և անպատասխանատու վերաբերմունքի առումով դատապարտելի են։ Այն ժողովուրդը, որ քանիհարյուրամյա ստրկություն է ճաշակել, այսօր իրավունք չունի Հայ Պետականության գոյության ու նրա խորհրդանիշների բարձր բարոյական արժեքն ու նվիրական գոյության արժեվորման ու պահպանման պարտականությունը չհասկանալ։ Եղեռնի հիշատակի միջոցառումները, որոնք մեր ազգային միասնականության խորհրդանիշներից են, այսօր չեն կարող տգետ անձանց անբարո արարքներով իրենց հակոտնյային վերածվել։ Հանցանք կատարող անձինք կարող են չհասկանալ իրենց արածի գեշության աստիճանը, հաճախ այդպիսիները ունակ էլ չեն այդ կարգի բաների գիտակցելուն, բայց գիտակից հայորդիները, այդ տգեղ և տգետ արարքները կանխելու առումով լուրջ պարտականություններ ունեն։ Մենք, ներքո ստորագրող կառույցներս, խստորեն դատապարտելով այդ ստոր ու դավադիր արարքը, դիմում ենք Իրանի խորհրդարանի զույգ պատգամավորներին, հատկապես պարոն Արա Շահվերդյանին, ով նաև ԻԻԽ-ում Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովին, Թեմական խորհրդին, նրա կողմից կյանքի կոչված` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի կազմակերպիչ հանձնախմբին և ազգային արժեքների խաթարման հանդեպ խղճմտանք ունեցող բոլոր հայորդիներին, խստիվ դատապարտել տեղի ունեցածը և համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածն ըստ արժանվույն գնահատելու՝ այդ մոլորյալ ընթացքի շարունակությունը կանխելու համար։ - Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիր - Իրանահայ ազգային և մշակութային միություն - Զեյթուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոն - Սասուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոն - «Արաքս» շաբաթաթերթ»:
18:59 - 02 մայիսի, 2025
Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Փարիզի սրտում՝ Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։  Այդ մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։  Միջոցառման մեկնարկին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ են զետեղել վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ գործիչներ։  Ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով են հանդես եկել CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։  Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում են եղել տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոնների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։  Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։
15:46 - 25 ապրիլի, 2025
Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը |armenpress.am|

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա:  Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։  «Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,-նշված է հայտարարության մեջ։  Նա նաև նշել է, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից։  «Հայերի ցեղասպանության 110-ամյակի տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որոնք զոհվեցին և խորհում ենք նրանց պատմությունների շուրջ, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն»,- նշել է Կանադայի վարչապետը։  Վերջինս նաև աջակցության խոսքեր է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ շեշտելով, որ նրանք քաջություն են ունեցել հաղթահարելու իրենց կյանքի անհավանական դժվարություններն ու կառուցելու իրենց համայնքներն ու ինստիտուտները։   Մարկ Քարնին խստորեն դատապարտել է Ցեղասպանության ​​ժխտումը և ընդգծել պատմական անարդարությունների ճանաչման կարևորությունը տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ շարունակական մտահոգությունների ֆոնին։  «Չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից, հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։ Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա, որը զերծ է խտրականությունից և ատելությունից»,- ասված է հայտարարության մեջ։ 
11:13 - 25 ապրիլի, 2025
ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ |tert.am|

ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ |tert.am|

tert.am: Պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Ադամ Շիֆը: «Գլենդեյլի հայ համայնքի կողքին կանգնած՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ ազատ արձակվեն հայ ռազմագերիները։ Եվ մենք պետք է արդարություն պահանջենք», - գրել է քաղաքական գործիչն ու կից լուսանկար հրապարակել Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունից։ Ինչպես նշում է Asbarez-ը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ սենատորը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձն Արցախ և ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման և պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։ «Միացյալ Նահանգները նաև պետք է կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից, ազատ արձակել ռազմագերիներին, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, միջազգային մոնիտորինգը պահպանի Հայաստանի սահմաններին և ապահովի Հայաստանին անվտանգության աջակցություն», - նշված է նրա հայտարարությունում:
10:31 - 25 ապրիլի, 2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Թբիլիսիում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Թբիլիսիում

Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիի Շերատոն հյուրանոցի դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, հասարակական և գիտամշակութային շրջանակների, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես իրականություն ճանաչելու և ընդունելու կարողության ու կարևորության մասին։ Դեսպանը շեշտեց, որ ներկայիս ոճրագործությունները թարմ են պահում մեր հիշողությունները և միգուցե, եթե 110 տարի առաջ կատարվածին արժանի գնահատական տրվեր,, մարդկությունը կխուսափեր հաջորդող տարիներին իրականացված և մեր օրերում իրականացվող հանցագործություններից: Հուշ-երեկոյին բանախոսեցին Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մաիսուրաձեն և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետազոտող Ռեգինա Գալստյանը։ Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Գերմանիա) և դաշնակահար Մամիկոն Նահապետովը (Վրաստան, Գերմանիա): Ավարտին ՀԱԵ Վրաստանի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ․Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը խոսեց Հայոց ցեղասպանության այլևս սրբադասված նահատակների բարեխոսության խորհրդի ու հայ ժողովրդի միասնական ոգին պահպանելու անհրաժեշտության մասին։ Երեկոյի ընթացքում սրահում կազմակերպվել էր նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով վրացի նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու «Հայ ժողովրդի գողգոթան» գծանկարների շարքի ցուցադրությունը։
09:36 - 25 ապրիլի, 2025
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի հայտարարություններին |factor.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի հայտարարություններին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստն ու խեղաթյուրելով պատմությունը։ «Մենք կտրականապես մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները, որոնք արվել են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Նման փորձերը, որոնք հստակորեն նպատակ ունեն շահագործել անցյալի ցավերը քաղաքական դրդապատճառներով, բացարձակապես անիմաստ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, թե Թուրքիան, իբր, միշտ «պաշտպանել է խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման խթանումը համաշխարհային մակարդակում և տարածաշրջանում»։ «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ​​​​ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական ​​շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարությունում։
22:01 - 24 ապրիլի, 2025
Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը |armenpress.am|

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:  «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում այն ​​հրաշալի հոգիների հիշատակին, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայեր աքսորվեցին և մահվան երթի դատապարտվեցին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար»,–նշել է Թրամփը:  Նա ընդգծել է ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերը։ «Մենք հպարտ ենք 1915–ին հիմնադրված՝ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր օժանդակեցին և կամավորագրվեցին՝ օգնելու իրենց տներից տեղահանված հայերին»,–շեշտել է ԱՄՆ նախագահը: Նա հավելել է . «Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը»: Թրամփը ընդգծել է՝ երջանիկ են, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի ԱՄՆ ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան ԱՄՆ կյանքում՝ լինելով ականավոր զինվորականներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:  «Մենք ակնկալում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակություն և տարածաշրջանային կայունության պահպանում, քանի որ մենք շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–եզրափակել է ԱՄՆ նախագահը:  
21:49 - 24 ապրիլի, 2025
Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ

Հունաստանի նախագահի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ

Հունաստանի Հանրապետության Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հղում անելով Հունաստանի նախագահի կայքէջ։  «Հայոց ցեղասպանության այսօրվա տխուր 110-րդ տարելիցին մենք հիշում և հարգում ենք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Թե՛ այս մարդկանց հիշողության, և թե՛ մեր մարդկային խղճի առջև ազգային գերագույն պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև մշտապես զգոն լինել կանխելու համար ապագայում նման ահավոր հանցագործությունները, որոնցից, ինչպես հայերը, տուժել է նաև hունական աշխարհը, ինչպես նաև ցանկացած արարք, որը գործով կամ խոսքով դրդում է խտրականություն, անհանդուրժողականություն և բռնություն։ Մարդկության միակ ճանապարհը ոչ այլ ինչ է, քան խաղաղության, համակեցության և արդարության ճանապարհը», - նշված է հայտարարությունում։
19:34 - 24 ապրիլի, 2025
110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը

 |factor.am|

110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը |factor.am|

factor.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝  ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։«110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։Նշվում է, որ պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատության դիմելն անփոխարինելի քայլեր են միմյանց և անցյալը հասկանալու, անկեղծ մոտեցմամբ պատմական վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:27 - 24 ապրիլի, 2025
Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ |armenpress.am|

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։  Լիբանանի նախագահը իր ուղերձում ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ «Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», - ասել է Աունը: Նախագահ Աունը վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ այս սկզբունքները պահպանելու համար նրա խաղաղ պայքարում։ Նա նաև բարձր է գնահատել ծագումով հայ Լիբանանի քաղաքացիների ներդրումը` ընդգծելով նրանց երկարամյա և կառուցողական դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական ​​կյանքում:  «Նրանք միշտ եղել են Լիբանանի բազմազան և առատորեն միահյուսված ինքնության անբաժանելի մասը», - ասաց Աունը: Եզրափակելով իր հայտարարությունը նախագահն ասել է. «Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը ողջ աշխարհում։ Թող Աստված պահապան լինի Լիբանանին և նրա ժողովրդին բոլոր չարիքներից»։
16:13 - 24 ապրիլի, 2025
Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին

Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել հայ համայնքին և Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղերձ է հղել, որում նշված է. «Այս տարի ևս խորին հարգանքով ենք հիշում  Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան հայերին և մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց սերունդներին»։  «Մենք մեր սրտում դեռ զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած ապստամբությունների, զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը»։  Թուրքիայի նախագահը նշել է՝ մյուս կողմից գիտակցում են, որ պետք է միասին կերտել ապագան՝ հավատով, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան․ «Նրանք, ովքեր փորձեցին պատմությունից թշնամանք ստեղծել և խարխլել մեր միջև ամուր կամուրջներն ու կապերը, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»։  Ուղերձում նշվում է, թե Թուրքիայի մշակույթի, արվեստի, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած հայ քաղաքացիների անդորրը, անվտանգությունն ու բարօրությունը շարունակելու են մնալ իրենց առաջնահերթություններից, ինչպես և մյուս բոլոր քաղաքացիների դեպքում։  «Ինչպես Թուրքիան միասին հասցրել ենք այս օրերին, Թուրքիայի դարաշրջանն էլ ուս ուսի տված կկառուցենք։ Ահա այս մտքերով կրկին անկեղծորեն կիսում եմ Հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը, հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած Օսմանյան քաղաքացիներին», - նշված է Էրդողանի ուղերձում։
15:48 - 24 ապրիլի, 2025
Ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր. Իտալիայի փոխվարչապետի գրառումը |1lurer.am|

Ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր. Իտալիայի փոխվարչապետի գրառումը |1lurer.am|

1lurer.am: Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։ Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։ Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին: Հիշեցնենք՝ այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
14:54 - 24 ապրիլի, 2025
Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա |armenpress.am|

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։ Մարիա Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։  «Ապրիլի 24֊ին լրանում է 20-րդ դարի պատմական ամենամեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, և հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը։  Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց միավորում է ցանկությունը՝ պահպանելու անցյալի ողբերգական իրադարձությունների հիշողությունը, որը չի կարելի մոռացության մատնել։ 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավարի` Սերգեյ Դմիտրիի Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության դերակատարները կատարվածը որակել են որպես մարդկության դեմ հանցագործություն։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացել է  ռուս-թուրքական սահմանը և փրկել է ավելի քան 350 հազար հայերի»,- նշել է Զախարովան:  Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։   Ռուսաստանի Պետական Դուման 1995 թվականի ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 
14:14 - 24 ապրիլի, 2025