armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին Կիև այցի նախօրեին Մակրոնն ասել է TF1 հեռուստաալիքի եթերում։
«Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց, եթե դուք չպահպանեք հրադադարը, կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նա նաև պատմել է եվրոպացի այլ առաջնորդների հետ Կիև կատարած այցի նպատակի մասին։ «Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել։ Կունենա՞նք հստակ հրադադար։ Վախենում եմ, որ մենք երբեք չենք կարողանա որևէ բանի մասին հստակ խոսել», - նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մայիսի 10-ին ժամանել է Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները մտադիր են շուտով հանդես գալ հրադադարի սեփական նախաձեռնությամբ։
comment.count (0)