armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, սկսած հենց այս պահից։
«Մենք սպասում ենք Ռուսաստանի համաձայնությանը։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դրսևորի իր խաղաղ մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին հավելել է, որ ինքը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր մայիսի սկզբին և հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս 30-օրյա անվերապահ հրադադարի օգտին և նախազգուշացրել է, որ այն չպահպանվելու դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։
«Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ նվիրված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն ապահովելու գործընթացին՝ եվրոպացիների հետ համագործակցությամբ։ Այդ խաղաղությունը պետք է լինի տևական։Այս ամենը կարելի է իրականացնել շատ արագ»,- նշել է Թրամփը։
comment.count (0)