«Ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը». Մանե Թանդիլյան |tert.am|
13:47 - 08 մարտի, 2019

«Ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը». Մանե Թանդիլյան |tert.am|

ԱԺ-ում օրենսդիր մարմնի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը իր բացման խոսքը սկսեց հասարակական-քաղաքական գործիչ Մարգարիտ Թետչերի խոսքերով:

«Երբ ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, երբ ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը»,-մեջբերեց պատգամավորը: «Ես զարմացել էի, որ խոշոր հասարակական-քաղաքական գործիչ Մարգարիտ Թետչերն ինձ հետ համակարծիք է, որովհետև սա իմ անցած ուղու փորձառությամբ՝ կարմիր թելով ինձ հետ եկող ճշմարտություն է, և զարմացել, թե ինչու սա տեսանելի, գնահատելի չէ»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը նկատեց, որ կանայք խոսելու փոխարեն գործ են անում: «Դրա վառ ապացույցն էր վերջերս Ազգային ժողովում նախորդ նիստերից մեկի քննարկումը, երբ պատգամավորները մեկը մյուսին կոռեկտության կոչ էին անում, իսկ կանայք ուղղակի կոռեկտ էին առանց կոչերի»,-նշեց նա:

Ըստ նրա` պետական կառավարման գործում կանանց որակյալ մասնակցությունը, հավասարակշռված մասնակցությունը բերելու է պետության զարգացմանը: «Մեզ հաճախ ասում են, թե կինն ընտանիքի սյուն է, պահապան է, իսկ պետությունն ի՞նչ է, ես վերաբերվում եմ պետությանը որպես ընտանիք»,-ասաց նա և նշեց, որ այն պետությունները, որտեղ կանանց ներգրավվածությունը հավասարակշռված է, ունեն զարգացման բարձր մակարդակ:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել