Ակտիվ պատգամավորները. ԱԺ աշխատանք [2]
11:30 - 05 օգոստոսի, 2020

Ակտիվ պատգամավորները. ԱԺ աշխատանք [2]

2018-ի դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված 7-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2019 թվականի հունվարի 14-ին: Խորհրդարանի պատգամավորների թիվը 132 է՝ քաղաքական 3 թիմերից: 

Շուրջ մեկուկես տարուց ավելի  է՝ աշխատում են օրենսդիր մարմնի  պատգամավորները, հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, ելույթներ են ունենում, հարցեր են ուղղում միմյանց, քննարկումներ են իրականացնում, ընդունում եւ փոփոխում են օրենքներ: 

Նախորդ հրապարակմամբ  անդրադարձել էինք ԱԺ ոչ այնքան ակտիվ պատգամավորներին՝ «կոճակ սեղմողներին»: Ստորեւ ներկայացնում ենք 7-րդ գումարման Ազգային ժողովի աչքի ընկնող, շատ ելույթներ ու հարցեր հնչեցնող, շատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորներին: 

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, որը զբաղվում է խորհրդարանի աշխատանքի մշտադիտարկմամբ: Կայքում կարող եք գտնել խորհրդարանի պատգամավորների քվեարկությունները, ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ունեցած ելույթները եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ Ազգային Ժողովի պատգամավորների վերաբերյալ: Նշենք, որ մշտադիտարկվում են միայն օրենսդրական քննարկումների ժամանակ հնչած հարցերը եւ ելույթները: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 38-ը 4 նստաշրջանների ընթացքում ունեցել են 5-ից 20 ելույթ, իսկ 20 եւ ավելի ելույթ ունեցող պատգամավորների թիվը 21 է: 

Օրինակ՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է 10 ելույթ, հնչեցրել է 10 հարց: Հեղինակել կամ համահեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 622 անգամ, որոնցից կողմ է քվեարկել 539, դեմ՝ 60 անգամ:

Պատգամավոր Անուշ Բեղլոյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 9 անգամ, հնչեցրել է 18 հարց: 1 օրենսդրական նախագծի հեղինակ է: 599 քվեարկություններից կողմ է քվեարկել 514 անգամ, դեմ՝ 44:

5-10 անգամ ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Տիգրան Ուլիխանյանը, Եղիշե Սողոմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Մանուկյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Լենա Նազարյանը, Հովիկ Աղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը, Շիրակ Թորոսյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը եւ Արման Եղոյանը 

4 նստաշրջանների ընթացքում 10-20 անգամ ելույթ են ունեցել շուրջ 19 պատգամավորներ:

Օրինակ՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 4 նստաշրջանների ընթացքում ունեցել է 20 ելույթ, հնչեցրել 18 հարց: Համահեղինակել կամ հեղինակել է 3 օրնսդրական նախաձեռնություն: Ընդհանուր առմամբ քվեարկություններին մասնակցել է 527 անգամ, որից 451 կողմ, դեմ՝ 43: 

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 19 անգամ, հնչեցրել է 5 հարց: Պատգամավորը 40 օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ կամ համահեղինակ է: 697 քվեարկությունից՝ կողմ՝  578, դեմ՝ 74: 

10-ից 20 ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Սերգեյ Ատոմյանը, Սոս Ավետիսյանը, Լուսինե Բադալյանը, Սիսակ Գաբրիելյանը, Գոռ Գեւորգյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Նարեկ ԶԵյնալյանը, Հովհաննես Իգիթյանը, Արամ Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստինե Պողոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Արմեն Փամբուխչյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունից 21 պատգամավորներ ելույթ են ունեցել 20 եւ ավելի անգամ:

Օրինակ՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 75 անգամ, հնչեցրել է 77 հարց: Հեղինակել կամ համահեղինակել է 46 օրենսդրական նախաձեռնություն: Ընդհանուր առմամբ մասնակցել է 659 քվեարկության, որից կողմ 538, դեմ՝ 72:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը 4 նստաշրջանների ընթացքում ելույթ է ունեցել 68 անգամ, հնչեցրել 40 հարց: Պատգամավորը հեղինակել կամ համահեղինակել է 4 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկել է 561 անգամ, որից կողմ՝ 491, դեմ՝ 45:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը նույնպես բավականաչափ ելույթներ է ունեցել: 4 նստաշրջանների ընթացքում 63 ելույթ: Հնչեցրել է 19 հարց, հեղինակել կամ համահեղինակել է 27 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկել է 707 անգամ, որից կողմ՝ 598, դեմ՝ 70:   

20 եւ ավելի ելույթ ունեցած պատգամավորների շարքում են նաեւ Գայանե Աբրահամյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Համազասպ Դանիելյանը, Միքայել Զոլյանը, Հայկ Կոնջորյանը, Վաղարշակ Հակոբյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Գեւորգ Պապոյանը:

7-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները

Օրենսդրական նախաձեռնությունների համար հիմք է հանդիսանում ե՛ւ «Մանդատ» տեղեկատվական ՀԿ-ի հիմնած parliamentmonitoring.am կայքը, ե՛ւ Ազգայի ժողովի parliament.am կայքը:

Այսպիսով` «Իմ քայլը» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություն հեղինակած կամ համահեղինակած պատգամավորը Արտակ Մանուկյանն է: Չնայած, որ parliamentmonitoring.am-ում նշված է 16 օրենսդրական նախաձեռնություն, այնուամենայնիվ, ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի, Արտակ Մանուկյանը 46 օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ համահեղինակ է: Ներկայացված օրենսդրական նախաձեռնություններից 8-ն ամբողջությամբ ընդունվել են, 10-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, եւ եւս 19-ը նստաշրջանի օրակարգում դեռեւս չընդգրկված նախագծերի շարքում են, սակայն պաշտոնապես շրջանառության մեջ են: 

Ըստ parliamentmonitoring.am-ի` պատգամավոր Արտակ Մանուկյանին հաջորդում է Նարեկ Զեյնալյանը՝ 14 օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, Զեյնալյանը ներկայացրել է 20 օրենսդրական նախաձեռնություն, որից 11-ն ամբողջությամբ ընդունվել են, 8-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 13 օրենսդրական նախագիծ, սակայն, ըստ ԱԺ կայքի՝ 30: Ներկայացված 30 նախագծերից 5-ն ամբողջությամբ ընդունված են, 8-ը ներառվել են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 5-ը պաշտոնապես դրվել են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 13 օրենսդրական նախագիծ, սակայն, ըստ Ազգային ժողովի կայքի, 16, որոնցից 9-ն ամբողջովին ընդունվել են, 1-ը՝ պաշտոնապես դրվել շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընգրկվել նստաշրջանի օրակարգում:

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ըստ parliamentmonitoring.am-ի, հեղինակել կամ համահեղիանեկել է 12 օրենսդրական նախագիծ, սակայն, ԱԺ կայքի համաձայն, 40 նախագիծ, որոնցից 13-ն ամբողջովին ընդունվել են, 6-ն ընդգրկվել են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 12-ը պաշտոնապես շրջանառության մեջ են, սակայն դեռեւս ընդգրկված չեն օրակարգում:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հեղինակել կամ համահեղինակել է 27 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ն՝ ամբողջովին ընդունված, 6-ն՝ ընդգրկված 5-րդ նստաշրջանի օրակարգում, իսկ 11-ը՝ պաշտոնապես դրված են շրջանառության մեջ, սակայն դեռեւս ընդգրկված չեն նստաշրջանում:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հեղինակել կամ համահեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 9-ն ամբողջովին ընդունվել են, 2-ն ընդգրկված են գալիք նստաշրջանի օրակարգում:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հեղինակել կամ համահեղինակել է 17 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 4-ն ամբողջովությամբ ընդունվել են, 6-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, իսկ 7 նախագիծ դրված է շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեղինակել կամ համահեղինակել է 16 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 12-ն ամբողջովին ընդունվել են, 1-ն ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում:

Պատգամավոր Արթուր Դավթյանը հեղինակել կամ համահեղինակել է 27 նախագիծ, Մխիթար Հայրապետյանը՝ 23, Ալեն Սիմոնյանը՝ 19, Լիլիթ Մակունցը՝ 14, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Համազասպ Դանիելյանը՝ 10-ական, Արուսյակ Ջուլհակյանը՝ 9, Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը եւ Վահագն Թեւոսյանը՝ 8-ական, Սերգեյ Ատոմյանը եւ Արմեն Փամբուխչյանը՝ 7-ական, Ծովինար Վարդանյանը՝ 6:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից 5-ը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեցել են 5-ից 20 ելույթ, 6-ը` 20-ից ավելի:

Օրինակ` պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն ունեցել է 6 ելույթ, հնչեցրել է 17 հարց, 7 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ է: 526 քվեարկություններից կողմ է քվեարկել 449 անգամ, դեմ` 40:

Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ունեցել է 10 ելույթ, հնչեցրել՝ 9 հարց, 27 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ է:

Պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Շաքե Իսայանը ունեցել են 11 ելույթ, հնչեցրել են համապատասխանաբար 10 եւ 5 հարցեր: Արթուր Գրիգորյանը՝ 22, Շաքե Իսայանը 16 օրենսդրական նախագծերի հեղինակ կամ համահեղինակ են:

Պատգամավոր Վարդան Վարդանյանն ունեցել է 13 ելույթ, հնչեցրել է 2 հարց, 1 օրենսդրական նախագծի հեղինակ կամ համահեղինակ է:

Պատգամավոր Միքայել Մելքումյանն ունեցել է 162 ելույթ, հնչեցրել 152 հարց, Սերգեյ Բագրատյանը՝ 93 ելույթ, 103 հարց (Բագրատյանն օրերս դուրս է եկել խմբակցությունից), Արման Աբովյանը՝ 86 ելույթ, 58 հարց, Նաիրա Զոհրաբյանը՝ 49 ելույթ, 12 հարց, Վահե Էնֆիաջյանը՝ 39 ելույթ, 20 հարց, եւ Գեւորգ Պետրոսյանը՝ 35 ելույթ, 12 հարց:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից 7-րդ գումարման Ազգային ժողովում ամենաշատ օրենսդրական նախագծեր հեղինակած կամ համահեղինակած պատգամավորը Արտյոմ Ծառուկյանն է` 27 օրենսդրական նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 1-ը, 2 նախագիծ ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը դրված են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում հեղինակել կամ համահեղինակել է 25 օրենսդրական նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 5 նախագիծ, 3-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 4-ը շրջանառության մեջ են, սակայն դեռեւս չեն ընդգրկվել օրակարգում:

Պատգամավոր Արթուր Գրիգորյանը հեղինակել կամ համահեղինակել է 22 օրենսդրական նախագիծ, որոնցից 2-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը շրջանառության մեջ են, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգ, եւ դեռեւս ոչ մի նախագիծ ամբողջությամբ ընդունված չէ:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հեղինակել կամ համահեղինակել է 20 օրենսդրական նախաձեռնություն․ 10-ն ամբողջությամբ ընդունվել են, 3-ն ընդգրկված են 5-րդ նստաշրջանի օրակարգում, 1-ը դրված է շրջանառության մեջ, սակայն դեռեւս չի ընդգրկվել օրակարգում:

Պատգամավոր Արման Աբովյանը 7-րդ գումարման ազգային ժողովում հեղինակել կամ համահեղինակել է 19, Նաիրա Զոհրաբյանը եւ Հրանտ Մադաթյանը՝ 12-ական, Շաքե Իսայանը՝ 11, Տիգրան Ուրիխանյանը եւ Դավիթ Մանուկյանը՝ 10-ական, Էդուարդ Բաբայանը՝ 7, Գեւորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը՝ 6-ական նախագծեր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից 12-ը, այդ թվում՝ 2019-ի սեպտեմբերից այս խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանը, ունցել են 5 եւ ավելի ելույթներ:

Ամենաշատ ելույթներ ունեցած պատգամավորը Արման Բաբաջանյանն է․ 61 ելույթ, 42 հարց: Ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, ըստ parliamentmonitoring.am-ի, 61-ն են, սակայն, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, պատգամավորը ներկայացրել է 10 օրենսդրական նախաձեռնություն եւ 3 անգամ եղել է հիմնական զեկուցող՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերին:

Պատգամավոր Արկադի Խաչատրյանը ելույթ է ունեցել 41 անգամ, հնչեցրել է 42 հարց: Քվեարկություններին մասնակցել է 613 անգամ, որից կողմ՝ 508, դեմ՝ 61: 

Պատգամավոր Մանե Թանդիլյանը ելույթ է ունեցել 37 անգամ, հնչեցրել է 18 հարց: Քվեարկություններին մասնակցել է 539 անգամ, որից կողմ՝ 422, դեմ՝ 58:

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Տարոն Սիմոնյանն ունեցել են 36-ական ելույթ, Գեւորգ Գորգիսյանը՝ 35, Գուրգեն Բաղդասարյանը՝ 27, Անի Սամսոնյանը՝ 26, Սրբուհի Գրիգորյանը՝ 22, Աննա Կոստանյանը՝ 20, Կարեն Սիմոնյանը՝ 15 եւ Արմեն Եղիազարյանը՝ 12:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորները

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում բոլոր նախագծերը ներկայացրել է ֆրակցիայի անունից: Օրինակ` պատգամավոր Մանե Թանդիլյանը 18 անգամ եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծերի հիմնական զեկուցողը, Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող է եղել 8 անգամ, Գեւորգ Գորգիսյանը` 6: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերից ամբողջությամբ ընդունվել է 32-ը, 1 նախագիծ ընդգրկված է 5-րդ նստաշրջանի օրակարգում, 3-ը պաշտոնապես դրվել են շրջանառության մեջ, սակայն դեռեւս չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Ինչպես նաեւ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՀՀ կառավարության եւ մյուս խմբակցությունների մի քանի պատգամավորների հետ համատեղ ներկայացրել է 4 նախագիծ, որոնք ամբողջությամբ ընդունվել են: Պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը  կառավարության հետ համատեղ 2 նախագիծ է ներկայացրել, որոնք ընդունվել են:

Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ընդունված նախագծերի թիվը 727 է՝ հետեւյալ բաշխվածությամբ` ՀՀ կառավարություն` 579 նախագիծ կամ 79.64%, «Իմ քայլը» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ` 87 նախագիծ կամ 11.97%, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ՝ 17 նախագիծ կամ 2.34%, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն եւ խմբակցության պատգամավորներ` 30 նախագիծ կամ 4.13%, տարբեր խմբակցություններից կամ կառավարության հետ համատեղ ներկայացված` 14 նախագիծ կամ 1.93%:

Այսպիսով՝ ուսումնասիրելով պատգամավորների գործունեության դիտարկելի հատվածը, կարող ենք եզրակացնել, որ Ազգային ժողովը միատարր չէ: Կան ե՛ւ պասիվ, ե՛ւ ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող պատգամավորներ։ Սակայն պատգամավորական գործունեությունը չի սահմանափակվում միայն վերոնշյալ գործառույթներով, հետեւաբար այս հրապարակումը պատգամավորների գործունեությունը համապարփակ գնահատելու նպատակ չի հետապնդում։ Հաջորդիվ ավելի մանրամասն կներկայացնենք առանձին պատգամավորների գործունեությունը՝ բոլոր կողմերով։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել