armtimes.com: Դպրոցներում 1-ին կիսամյակը պետք է ամփոփված լիներ մինչեւ հունվարի 23-ը: Այս մասին «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» տեղեկացումը շատ ուսուցիչների մոտ առաջացրել է դժգոհություն եւ անհանգստություն:
Այդ տեղեկացմամբ՝ էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը պետք է լրացնի դասացուցակով նախատեսված դասը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո հաճախումների եւ բանավոր առաջադրանքների գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում են, բացառությամբ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքերի։
Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ բացակա աշակերտների համար։
Խնդիրն այն է, որ ուսուցիչները նշում են, որ եթե թեմատիկը կամ կիսամյակային գրավորը, ասենք, գրվել է հենց վերջին օրը՝ հունվարի 23-ին, ինչպե՞ս պետք է հասցնեին այդ օրը ե՛ւ ստուգել, ե՛ւ գնահատականներն անցկացնել. ներկա պահանջը եւ կարգը արդյո՞ք չեն հակասում իրար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման հակասություն չի կարող լինել, քանի որ եռօրյա աշխատանքային օրերի ժամկետը գործում է բոլոր օրերի համար, եւ եթե գրավորը տրվել է հունվարի 22-ին կամ 23-ին, ուսուցիչներն ունեն նույնքան ժամանակ այդ գրավորի արդյունքները անցկացնելու, այսինքն՝ կարգը միանման է գործում ցանկացած օրվա գրավորի պարագայում:
«Ուսուցիչն ունի երեք աշխատանքային օր գրավորի արդյունքը էլեկտրոնային մատյանում անցկացնելու. այս կարգը գործում է սեպտեմբերի 8-ից, որի շրջանակներում մի շարք փաստաթղթեր թվայնացվեցին, այդ թվում՝ էլեկտրոնային մատյանները, եւ դպրոցները այլեւս չեն վարում թղթային մատյաններ»,- նշեց նա:
Ուսուցիչներին անհանգստացնում է նաեւ այն հարցը, որ էլեկտրոնային դասամատյաններում չեն հասցրել ժամանակին նշանակել գնահատականները, կայքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: Եղել են նաեւ, որ նախկին գրանցումները կորել են:
Ավելին՝ armtimes.com-ում
comment.count (0)