Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին |armenpress.am|
12:41 - 25 մայիսի, 2021

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին կայացած բրիֆինգին, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, անդրադարձել է Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններ ունենալու մասին խոսակցություններին: 

«Իմ տպավորությամբ այս թեման վաղուց սպառվել է, այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին: Չեմ կարծում, որ այսօր դա այն թեման է, որի շուրջ պետք է բանավեճեր, քննարկումներ ծավալենք»,-  ասաց Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե այդուհանդերձ կան տարաձայնություններ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց մեջ որևէ տարաձայնություն չլինի: Միգուցե զույգերի մոտ է նման բան լինում… չեմ կարծում, որ դա այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գնում են իրենց ճանապարհով»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են: Նրա խոսքով, այս ընտրություններին կան մրցակիցներ, որոնց դեպքում առկա են անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի, անվտանգության և այլ հարցերի առնչությամբ:

«Հետևաբար կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն: Կան այլ կարգի մրցակիցներ և կարծում եմ, որ դրա շուրջ (խմբ.-այլ ուժերի հետ համագործակցություն) դեռ ավելի առարկայական խոսակցություններ կունենանք, երբ բոլոր դաշինքները գրանցվեն»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել