ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6
23:47 - 12 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6

23:24- Գյուղատնտեսական վարկեր պետք է լինեն 0 տոկոս։ Մինչև երեք միլիոն վարկերը պետք է ներվեն ժողովրդին։ Ժողովուրդը չի կարողանում վարկերի տակից դուրս գալ։ Մինչև երկու միլիոն մարդու վարկ պետք է ներեն։ Դրանից հետո գոնե 2 տոկոսանոց վարկեր տրամադրեն։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի։ 
Օրենքով պետք է վերահսկեն վերավաճառողների գործունեությունը, որպեսզի վերավաճառողն արտադրողից շատ եկամուտ չունենա։ Հայկական արտադրանքը սպառման մեծ ներուժ ունի արաբական երկրներում։[ԲՀԿ վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյան] |1lurer.am|

 

23:21- «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմել է 22 մլն 900 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Վանեցյանը հայտարարագրել է 1 բնակարան։

 

22:35- Կարևորում եմ, որ յուրաքանչյուր ձևավորվող կառավարություն դաշտ բերի օրակարգ, որն ուղղված կլինի 50 տարվա ծրագրի վրա:  Ունենանք երկար տեսլական, ձևավորենք արժեքներ և սկզբունքներ, և ձևավորվող կառավարությունը կարողանա իր ծրագիրը հարմարեցնել այդ օրակարգին: Այդ օրակարգը կդառնա ուղեցույց մեր հանրության համար: Միայն երկար տեսլականով կկարողանանք կառուցել մարտունակ բանակ, հզոր տնտեսություն։ [«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան] |1lurer.am|

 

22:21-Կարևորը անվտանգությունն է. մինչև երկրում այն չապահովենք, որևէ զարգացում չի լինի: Այս համոզմունքն ունեն «Վերելք» կուսակցության անդամները: Քարոզարշավի 6-րդ օրը «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին: Կուսակցության անդամներն ընդգծել են, եթե մարդն իր երկրում իրեն անվտանգ չի զգում, ոչինչ չի կարող անել: «Վերելք» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Արսինե Աղաջանյանը նշել է, որ սկսելու են ֆիզիկական, սահմանային անվտանգությունից, որը ենթադրում է նաև այլ բնագավառների անվտանգություն: Եթե ունենանք պաշտպանված քաղաքացիներ, կունենաք այլ ոլորտների զարգացում, աճ ու բարելավում: |1lurer.am|

 

21:42- Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովել, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը պետք է օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել։ [«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայան]

 

21:42- Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա ֆիզիկական անվտանգույան համար պայքարելու իմաստ չի տեսնի»։

 

20:52- Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել, ուզում են իշխանություն վերցնել, բայց նրանք ուր պետք է լինեին․․․։ Բանտում չեն, որովհետեւ մեր իշխանությունը թույլ է։ Ասում են՝  դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, չի բարեփոխվում, դանդաղ, կրիայի քայլերով առաջ ենք գնում, չգիտեմ՝ մինչեւ երբ ենք սենց շարժվելու։ Ասում են՝ ընտրական օրենսգիրք պիտի բարեփոխվի, Սերժի գրած ընտրական օրենսգրքով ուզում են ընտրություն անցկացնել, դրա համար ամեն տեղ՝ բոլոր քաղաքներում, գյուղերում, պաստառներ են կպցնում՝ բոլորդ գիտեք՝ ում փողերով են անում։ [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը` քարոզարշավի ընթացքում, զրուցելով քաղաքացիների հետ]

 

20:16- Ամենակարևոր ուղերձը պիտի համախմբումը լինի, բոլորը ունեն լավ ծրագրեր, բայց առանց համախմբման ոչ մի կարևոր ծրագիր կյանքի չի կոչվելու․ որովհետև ներուժ չի լինելու։ Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը` Գյումրիում քարոզարշավի ընթացքում] |tert.am|

 

19:57- Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները:

 

19:41-Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե, այդ ժամանակ նման ինչ-որ բան մի թեթև եղել է, բայց միայն պետական կառավարման հանդեպ: Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն։ Պետք է ծրագիր իրականացնել` ճղվիր, բայց իրականացրու ծրագիրը: Պատասխանատվության բռնապետություն: Ինչը հիմա բացարձակապես չկա: Բռնապետություն ընդդեմ ստի: Ոչ մի պաշտոնյա չի կարող ստել: Ես այդ գործը լավ եմ անում: Մենք գալիս ենք, որպեսզի բերենք արժանապատիվ խաղաղություն, վերականգնենք բանակը, պաշտպանենք սահմանները, ապահովենք տնտեսական աճ․․․Եթե ցանկանում եք, որ պետական համակարգն աշխատի ժամացույցի պես, վստահեք մեզ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Վանաձորում կայացած հանրահավաքում]

 

19:30- Պաշտպանության ոլորտում առաջարկում ենք անհապաղ անցնել արհեստավարժ բանակի, որոնհետև միայն այդպիսի բանակն է ունակ հինգերորդ սերնդի պատերազմների պարագայում առանց կենդանի ուժի կորստյան ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր պետականության անկախությունը։ Կարծում ենք, որ պետական անվտանգությունը բոլոր դեպքերում հնարավոր է ապահովել միայն արդիական սպառազինության, ֆիզիկական ու տեխնիկական բարձր պատրաստվածությամբ օժտված անձնակազմի միջոցով, որի համար նախատեսում ենք պայմանագրային աշխատավարձ սահմանել ՀՀ–ում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ [«Ազատական» կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար, պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյան] 

 

18:47- Մեր կուսակցությունը հավաքներ չի կազմակերպում, քանի որ դրա կարիքը չկա: 26 ուժ է մասնակցում ընտրություններին, պատկերացրեք ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ որ միանգամից 26 ուժ է իր հետ խոսում, այդ մարդը ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ: Այդ պատճառով մենք աշխատում ենք այցելությունների միջոցով հանդիպել մարդկանց հետ: Միջադեպի արդեն հանդիպել ենք. երբ Լոռու մարզում իրականացնում էինք քարոզարշավ, միկրոավտոբուս եկավ՝ «Ապագա կա պաստառով», մի անձնավորություն իջավ և հարձակվեց մեր կին թեկնածուներից մեկի վրա: Ոստիկանները ժամանակին արձագանքեցին, և այդ մարդը տեղափոխվեց բաժին: [«Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյան] |armtimes.com|

 

18:32- Ընտրապայքարը, քարոզարշավը և ձևակերպումները բավականին կտրուկ են և թեժ են։ Մի կողմից սա լավ չի, որովհետև, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ ունենալ քաղաքական բանավեճ քաղաքական բովանդակության շուրջ՝ մի քիչ այլ տերմինաբանությամբ, բայց մյուս կողմից գուցե բարին այս է, և պետք է վերջնականապես գծեր քաշվեն, այդ մերժվածների կույտը ընդհանրապես նետվի պատմության աղբանոց։ Իրավունք չունեն և տեղ չունեն նրանք հայկական իրականության մեջ, որքան էլ որ իրենց միլիոնների հաշվին փորձեն մի քանի հոգի հավաքել իրենց կամ իրենց շտաբերի շուրջ և ինչ-որ շարժման իմիտացիա ստեղծել։ [Արարատ Միրզոյանը՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում]

 

18:17- Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր։ [«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյան]

 

17։51- Մենք հաստատ չենք կրկնի նախորդների սխալը, որը հետևյալն էր․ իրենք չգիտես ինչու փորձ էին կատարում բանակցել Ադրբեջանի հետ։ Աշխարհում չկա ազգերի ինքնորոշման խնդիր, որը լուծվել է ուղիղ մետրոպոլիայի հետ բանակցություններով։ Դու չես կարող Ալիևի հետ բանակցել, որ էդ խնդիրը լուծես։ Դու պիտի բանակցես ամբողջ աշխարհի հետ, որ, ամբողջ աշխարհի մեծամեծներ անվանենք, գերտերություն անվանենք, ՄԽ համանախագահ երկրներ անվանենք, ճնշում գործադրեն մետրոպոլիայի վրա, որ դու կարողանաս ստանալ խնդրի լուծում։ Այլ կերպ ասած, լուծման տրամաբանությունը կարող է լինել միայն միջազգային շփումների և ոչ մի դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ։ [«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]

 

17։41- ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի հարցը, որը լուծված չէ, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Եթե նկատել եք, վերջին շրջանում միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն խոսում են սրա մասին, և անհրաժեշտ է վերաակտիվացնել ՄԽ գործունեությունը, միաժամանակ սրանից անհնար է տարանջատել մեր անվտանգային համակարգը, մեր բանակի արդիականացումը պիտի սրան զուգահեռ ընթանա։ [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]

 

17։32- Հայաստանը ծնկած, ջարդված, կազմալուծված, կազմաքանդված վիճակում է այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ։ Մի օրինակ բերեմ․ խոսում ենք Արցախի հարցի կարգավորման մասին, Հայաստանում այսօր ԱԳՆ գոյություն չունի։ Ինչ պետք է անի նոր իշխանությունը։ Առաջինը՝ պետք է լուծի պետական համակարգի կառավարելիության հարցը և պետական ինստիտուտների անխափան աշխատանքի հարցը, ապահովի ներքաղաքական կայունությունը, որպեսզի ունենա ուժեղ թիկունք բանակցություններում, երրորդը նաև բանակի վերականգնումը և ակտիվորեն ներգրավի Արցախի հարցով արտաքին դիվանագիտական հարաբերությունների մեջ և՛ գործընկերների, դաշնակիցների, դաշնակից կազմակերպությունների, և՛ նաև հակառակորդների՝ այդ թվում Ադրբեջանին։ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]

 

17։24- Մենք, ի վերջո, պիտի ընդունենք փաստը, որ խաղաղությունը չեն մուրում, չեն խնդրում, այն պարտադրում են։ Ե՛վ նախկին իշխանությունները, և՛ այսօրվա իշխանությունները ձախողել են իրենց պետականաշինության գործը, և դրա արդյունքում երկուսն էլ հրաժարվում են ստեղծել պարիտետային քննիչ հանձնաժողով, որը կքններ բացթողումները։ [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ Ազատություն ՌԿ-ի «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ]

 

16։58- Չենք բացառում, որ դաշինքներ կարող են ստեղծվել, բայց դաշինքների մասին պետք է խոսել երևի հաջորդ փուլում՝ ընտրություններից հետո։ Մի բան ակնհայտ է՝ բոլոր խոհեմ ուժերը շատ հստակ հայտարարել են, որ որևէ համագործակցություն չի կարող լինել Փաշինյանի ղեկավարած ուժի հետ։ Եվ ակնհայտ է, որովհետև նրանք քաղաքականությամբ չեն զբաղվել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու մասին]

 

16:41- Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև երկիր կառավարելը կրկես ու թամաշա չէ՝ լուրջ արվեստ է, և այդ արվեստը տիրապետող մարդիկ պետք է կարողանան երկիրը ղեկավարել ու երկրի անվտանգության հարցը լուծել։ Մենք պետք է ժողովրդին փրկենք երկընտրանքից․ չկա երկընտրանք՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար: Երկուսն էլ չարիք են (Ն․ Փաշինյանը և Ռ․ Քոչարյանը)։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան] |armenpress.am|

 

16:38- Փաշինյանի հեռացումը ինքնանպատակ չէ, ավելին՝ նպատակը երկրի անվտանգ զարգացումն է, և Փաշինյանի հեռացումն ընդամենը անհրաժեշտ պայմաններից է։ Այսինքն՝ բոլոր երեք ուժերը («ՀԱԿ», «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք - խմբ․) համարում են, որ Փաշինյանի առկայության պայմաններում մեր երկիրը կործանվելու է։ Եվ էստեղ միասնական է դիրքորոշումը։ Երկրի զարգացման հետ կապված՝ կան որոշակի տարբերություններ։ Սակայն չեմ կարող ասել՝ դրանք արմատական տարբերություններ են։ Ռեալ-պոլիտիկի տեսանկյունից երբ դու ունես զարգացման ուղիների հետ կապված որոշակի տարբեր մոտեցումներ, սա ոչ նպատակահարմար է, և ես կարծում եմ՝ դա թյուր պատկերացում է, որ դրանով մեր ընտրազանգվածը փոշիանում է։ Չի փոշիանում, դա շատ լուրջ ընտրազանգված է, որի մի խումբը պաշտպանում է երրորդ նախագահի, մի խումբ՝ երկրորդ նախագահի, և վստահ եմ՝ բավականին մեծ խումբ նաև առաջին նախագահի մոտեցումները։ [Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան]

 

16:04- Դատարանը բավարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ [ՀՔԾ] |armenpress.am|

 

15։39- ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, հաշվի առնելով տարընկալումները, թե ընտրական որ հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով, պարզաբանել է, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է գործող օրենսգրքով, ի թիվս այլնի, նախատեսված ընտրական հանցագործությունները։

 

15:11- Այս մարդիկ այս օրերին գյուղ առ գյուղ, քաղաք-քաղաք փորձում են կրկին մեր ժողովրդին խաբել, մոլորեցնել, հիմա էլ ասում են՝ մեզ պողպատյա մանդատ տվեք, բայց հետաքրքիրն այն է, որ այդ մանդատն ուզելիս չեն ասում, որ այն օգտագործելու են թշնամու դեմ, պողպատյա մանդատ չեն ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար, մանդատ են ուզում ՀՀ-ում վենդետաներ անելու, մարդկանց բանտարկելու, եկեղեցու, ազգային արժեքների դեմ պայքարելու, մեր երկիրը կրկին ծնկի բերելու համար։ Հայ մարդը դրանց պետք է տա հեռացման մանդատը, պատասխանատվությունը, պատիժ կրելու մանդատը՝ երկրն այս վիճակին  հասցնելու համար։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյան] |tert.am|

 

15։03- «Պատիվ ունեմ» դաշինքն առաջնահերթություն է դիտարկում ՀՀ անվտանգության ապահովումը, այդ թվում դրա տարբեր բաղադրիչները՝ սահմանային անվտանգությունը, այն մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմից հետո: Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանը՝ իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝ միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է։ [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյան]

 

14։38- «Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին՝ արդյոք Ռուսաստանը կհեռանա՞ տարածաշրջանից, թե ոչ։ Բանավեճի որոշ մասնակիցներ նշում էին, որ մոտ է այն օրը, երբ Ռուսաստանը կլքի տարածաշրջանը, ինչպես պատմական տարբեր ժամանակահատվածներում է արել։ Որոշ ներկայացուցիչներ էլ նշում էին, որ Հայաստանը իր քաղաքականությունը պետք է կառուցի հայակենտրոնության վրա, դառնա արժեքավոր գործընկեր ու դաշնակից՝ «փրկիչներ» փնտրելու փոխարեն։

 

14։32- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը  նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում: Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: |armenpress.am|

 

14:19- Մենք երբեք չենք կարողանում հաշտվել իրար հետ, դա մեր ներքին պայքարն է, և դա բուժել է պետք։ Դա դաստիարակության խնդիր է, մեր հասարակությունը չունի այդ դաստիարակվածությունը, չունենք քաղաքացու դաստիարակության դպրոց, թե ինչպիսին պետք է լինեն նրա պարտականությունները երկրի, ազգի, դրոշի, զինանշանի և մնացած ամեն ինչի հանդեպ։ [«Վերելք» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը՝ նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ժամանակ]

 

14։15- Պետք է հետ գնալ և հիշել, որ հենց 2018 թ․ մենք բաժանվեցինք՝ կոռուպցիայի և համակարգային քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծողների դեմ պայքար և նոր Հայաստանի բարձրագույն ժողովրդավարական արժեքների դեմ պայքար։ Փորձը ցույց տվեց, որ այսպիսի բարձր կարգախոսներով պայքարը հետո վերածվեց անձնային պայքարի, մենք անցանք անձի մերժման՝ «Մերժի՛ր Սերժին», չմերժեցինք համակարգը, իսկ համակարգի չմերժումը բերեց այս իրավիճակին՝ պառակտման»։ [«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյանը՝ նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ժամանակ]

 

14։12- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով կուսակցության անդամների «պայքարի ուղին»։

 

14։03- Տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների համար նախատեսված դեղորայքը պետք է ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակներում։ Դա առաջնային լուծման հարց է։ Խոստանում եմ իշխանության գալու դեպքում անպայման լուծել այդ հարցը, հատկապես եթե խոսքը անապահով ընտանիքների մասին է։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան] |hetq.am|

 

13։58- Մենք բոլորս իրար հետ պետք է կարողանանք հոգ տանել, որ ձկան պաշարները վերարտադրվեն: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում պարտաճանաչ վճարել հարկերն ու տուրքերը, որովհետև դրանք դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, դառնալու են ձկան պաշարների վերականգնում, Սևանի մաքրման աշխատանքներ, սահմանների պաշտպանություն, բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում հպատակ լինելու փոխարեն, անձը լինի քաղաքացի։ [ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Ծովագյուղում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|

 

13։47- Տնտեսական  նոր կարգ, առաջընթաց և զարգացում․
1. Սոցիալ-տնտեսական զարգացման հիմք պետք է լինեն սեփական հումքի ու քաղաքացու ստեղծագործ ներուժի վրա գործող գիտաարդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրները, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական հասարակության ստեղծման պետական քաղաքականությունը
2. Սոցիալական ծայրահեղ բևեռացման բացառում սոցիալ-տնտեսական նոր կարգի՝ սոցիալական-շուկայական տնտեսության հայեցակարգի միջոցով՝ ապահովելով աշխատողի և գործատուի համահավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները և կանխելով անհատների ու կազմակերպությունների ձեռքում տնտեսական հզորությունների գերկենտրոնացումը
3. Բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական փոքր, միջին և խոշոր ծրագրերի շնորհիվ ստեղծել նոր աշխատատեղեր, մեծ բիզնեսն ու խոշոր նախագծերը դարձնել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման քարշակ, այլ ոչ թե նրանց կլանող ու ոչնչացնող։ [Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք]

 

13։34- Երեկ՝ «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի շուրջ։ Բանավեճի որոշ մասնակիցներ ընդգծում էին, որ ՀԱՊԿ-ը ապացուցել է, որ անգործունակ կառույց է։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է ճանապարհ հարթել դեպի Արևմուտք։  Բանախոսներից ոմանք հակադարձում էին այս տեսակետներին՝ հիշեցնելով, որ Արցախը այս պահին պաշտպանում են ռուս խաղաղապահները։ Բանավեճի որոշ մասնակիցներ էլ հորդորում էին խոսել հայկական շահերից, ոչ թե եվրոպական, ռուսական կամ ամերիկյան արժեքներից։

 

12։37- Կոչ եմ անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը։ [2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյան] |armenpress.am|

 

12։34- Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ, որ հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ ԼՀԿ-ի մասին։ Սուտ համար 1․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտան, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ համար 2․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտաք, որովհետև ԼՀԿ-ն օգնելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ համար 3․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են՝ ԼՀԿ-ն նպաստելու է նախկինների վերադարձին։ Այս երեք սուտը փաստում են այն, որ ԼՀԿ համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դառնում բոլորին։ [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյան]

 

12։23- Գործող կառավարությունը վերջին երեք տարիներին ոչինչ չի արել Սպիտակի համար: Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել, թե ինչ ենք արել։ Մենք բերելու ենք հանգստություն: Ես դա ասում եմ բոլոր հանրահավաքների ժամանակ: Չի կարող բևեռացած, իրար նկատմամբ թշնամացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել: Հնարավոր չէ ոչինչ անել, եթե մի բռունցքի պես չմիանանք և մեր առջև չդնենք՝ ունենալ բարեկեցիկ, զարգացող, ուժեղ Հայաստան։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան] |armenpress.am|

 

12։22- Մեր անվտանգային համակարգը, ըստ էության, 2020 թ-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից։ [«Ազատական» կուսակցության անդամ Արամ Ղլեչյանը՝ «Հայաստանն ընտրում է» նախաընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում]

 

12։13- «Հայոց հայրենիք» կուսակցությունն այն ուժն է, որը երկար տարիներ պայքարել է հանուն Հայաստանի պետականության, հանուն երկրի ու Արցախի տարածքային ամբողջականության, ինչը ոմանց դուր չի գալիս, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության անվտանգության մասին իրապես մտածող չկա, և տարածքային ամբողջականության հարցը ոմանց չի էլ մտահոգում։ Մեր նախընտրական կարգախոսն է՝ «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»։

 

12։00- ՀՀ-ն կանգնած է օրհասական խնդրի առաջ։ Խնդիր ունենք մեր պետականության և ինքնիշխանության։ Ստեղծված իրավիճակը պահանջում է մեզնից կատարել կտրուկ քայլեր։ Այդ քայլերը պիտի ուղղենք մեր երկրի բնական ռեսուրսները ճշգրիտ օգտագործելու, մարդկային ռեսուրսները ճշգրիտ ներգրավելու և աշխատատեղեր ստեղծելու, ներդրումների համար համապատասխան ներդրումային միջավայր ստեղծելու առումով։ Նման գործընթացները պահանջում են ճշգրիտ քայլեր։ [«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյան]

 

11։38- 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին մեկ բան, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը առ ոչինչ է, ի զորու չէ ոչինչ անել, և այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն։ [Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ բանավեճի ընթացքում]

 

11։36- Պարտությունից, նվաստացումից հետո ստեղծվել է անկայուն մի իրավիճակ, որում ոչ մի բանակցված պլան չկա։ Էլ չկա վիճակ, որ ՄԽ համանախագահությունը ինչ-որ պլան ունի, որ դրված է սեղանին։ Այսինքն՝ մենք գտնվում ենք շատ ավելի անկայուն վիճակի մեջ։ Դուք հարցնում եք՝ որն է ձեր դիրքորոշումը, ես էլ ասում եմ՝ չգիտեմ, որովհետև մենք գիտենք մեթոդոլոգիան, բայց չգիտենք այդ պլանը պոտենցիալ ներկայացնող տերությունների դիրքորոշումները։ Այդ նոր պլանը իսկապես երկարատև բանակցությունների արդյունքում պետք է ձևավորվի։ Եվ մենք այն քաղաքական ուժն ենք, որը ունի այդ փորձառությունը, որ մտնի այդ բանակցությունների մեջ և բերի առավել նպաստավոր պլանը և՛ Արցախի համար, և՛ Հայաստանի համար։ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]

 

11։21- ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլև որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը։ [ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում]

 

11։19- Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակցությունը միայն ռազմական անվտանգություն չէ։ Նրանց աջակցությամբ դառնալով հարավ-հյուսիս հսկա նախագծի հանգույց՝ ստանալու ենք բազմամիլիարդանոց ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կստեղծվեն հարյուր-հազարավոր աշխատատեղեր, իսկ երկիրը թռիչքային կերպով կզարգանա, և մենք կլուծենք բոլոր սոցիալական հարցերը և կլինենք բարեկեցիկ։ [«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը՝ Երևանում հանրահավաքի ժամանակ]

 

11։00- Միայն մենք ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ճանաչում ենք ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի փաստաթուղթ, իսկ մնացած մասով դա ռուս-թուրքական հարյուրամյա դաշինքով մեզ պարտադրված հերթական ցեղասպան ու հայրենազրկող ապօրինի փաստաթուղթն է։ Հայտարարում ենք, որ մեր իրական դաշնակիցների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առ ոչինչ ենք դարձնելու այդ փաստաթուղթը և վերադարձնելու ենք գերիներին, որը մեզ համար առաջնային հարց է։ [«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը՝ Երևանում հանրահավաքի ժամանակ]

 

10:48- Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում՝ նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել։ [ՄԻՊ Արման Թաթոյան]

 

10:39- Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել՝ անցնելով ՀՀ բոլոր մարզերի քաղաքներով և գյուղերով: Ժամանակացույցը՝ այստեղ:

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 5


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել