ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10
22:30 - 16 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10

22:22- Քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ հեռուստաբանավեճին ներկայացել են հինգ ուժերի առաջնորդներ՝ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, ԱԺԲ առաջին համար Վահե Գասպարյանը, «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը, «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

Ավելի վաղ քաղաքական ուժերից տասը, այդ թվում՝ բանավեճին ներկայացուցիչներ ուղարկած «Արդար Հայաստան» և  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները հայտարարել էին բանավեճին չմասնակցելու որոշման մասին՝ համարելով դրա ձևաչափը անարդարացի։

 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը Հանրայինի տաղավարից հայտարարեց, որ այս ձևաչափը կայանալ չի կարող, ապա լքեց տաղավարը։


21:48-
Մենք պետք է ամրացնենք մեր սահմանները բետոնային աշխատանքներով, որը թույլ կտա մեր զինվորներին նույնպես պաշտպանված զգալ: 800 մլն դոլար հատկացնելով՝ հնարավոր է ամրոց-պետություն դառնալ: Զենքով մարդը դեռ զինվոր չէ, պետք է զինվորներին կրթել, իսկ դիվանագիտությունն արդյունք կունենա միայն այն դեպքում, երբ դիվանագետի թիկունքը լինի ամուր: [«Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար Ալեքսան Մինասյան] |1lurer.am|


21:40-
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նախընտրական հանդիպում-հանրահավաք: Հունիսի 20-ին քվեախցիկում ընտրելով համար 14-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, հավատացած եղեք, որ կողմ եք քվեարկում ձեր երեխաների ապահով և անվտանգ ապագային, կողմ եք քվեարկում բարգավաճ և հզոր պետությանը: [ԲՀԿ]


21:10-
Մեր քաղաքական մեսիջների շնորհիվ մեզ հաջողվել է իրականում այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ: Չենք հավատում հրապարակված սոցիոլոգիական հարցումներին, դրանք չեն արտացոլում իրականությունը: Որ քաղաքական ուժը մեծ ռեսուրսներ է ներդնում հարցումներում, ստանում է մեծ թվեր: Մենք այդ խաբեությանը չենք մասնակցելու և միանշանակ ուզում ենք ասել, որ սա պետք է մերժվի նաև մեր հանրության կողմից, որովհետև Հայաստանում այսօր քաղաքական սոցիոլոգիա ուղղակի գոյություն չունի: [Լևոն Զուրաբյան] |1lurer.am|


20:25-
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: Ըստ դրա` ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն] |a1plus.am|


20:10-
Հանրային հեռուստատեսությունը կտրականապես հրաժարվեց արտագնա հարցազրույց կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ հարցազրույցը պետք է տեղի ունենա Քոչարյանին հարմար տեղում և ժամանակ: Ժամանակը ֆիքսված էր: Սակայն հետո ՀՀՌ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ արտագնա հաղորդումն անհնար է: Ստուդիական մամուլի ասուլիս նույնպես չի կայանա։ Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա դրանք կորցրել են իմաստը: Նիկոլ Փաշինյանի հետ նույն ստուդիայում գտնվելն արդեն խայտառակություն է: [«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյան] |24news.am|


20:04-
9-օրվա քարոզարշավի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ ՀՀ քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Մեր խնդիրն է հունիսի 21-ին արձանագրել ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատե հեղափոխության հաղթանակը Հայաստանում և շատ արագ անցնել կենսական օրակարգի սպասարկմանը: [Նիկոլ Փաշինյանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում] |armenpress.am|


20:02-
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ [ԿԸՀ]


19:20-
Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ: Հրազդանում բնակիչների հետ հանդիպմանը դաշինքի ներկայացուցիչները լսել են կոտայքցիներին հուզող հարցերը, խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղղությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսված լուծումները և կոչ արել հունիսի 20-ին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը վճռորոշ դարձնել մեր պետության ապագայի կերտման գործում: [«Պատիվ ունեմ» դաշինք] |tert.am|


18:30-
Հայաստանում հիմա իսկապես հրդեհ է։ Առաջնահերթ հարցը այդ հրդեհի մարումն է, որի առանցքային հենասյուներն են լինելու անվտանգությունը, դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրների լուծումը, սպառնալիքների չեզոքացումը, և պետության կառավարելիության ապահովումը։ Սրանք են այն երեք գերակա խնդիրները, որոնց այսօր պետք է լծվի իշխանությանը հավակնող քաղաքական ուժը։ Անհամեստություն չլինի, այդ ուժը, որ ունի նման պոտենցիալ, «Հայ ազգային կոնգրես»-ն է, որովհետև փորձով մնացած ուժերը ցույց են տվել այդ հարցում իրենց անկարողությունը։ [«Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Արման Մուսինյան] 


17։37- 
Մենք այն քաղաքական ուժն ենք, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, թռիչքաձև տնտեսական աճ: Մեկ անգամ դա արել ենք, դա եղել է ձեր աչքի առաջ, լինելու է նաև երկրորդ անգամ։ Մենք նման կարգի հանդիպումներ կազմակերպում ենք՝ վստահ լինելով, որ գալիս են իշխանության, և այս հանդիպումները փորձում ենք օգտագործել տեղական հարցերին ավելի լավ ծանոթանալու համար: [Ռոբերտ Քոչարյանը՝ Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ] |armenpress.am|

 

16:58- Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ [ՀՔԾ]

 

16։40- Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։ Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած «նիկոլական թափթփուկներին» (չակերտները - խմբ․) նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյան]

 

16։04- Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: [ՀՔԾ]

 

15։50- Հնչեցված անհիմն մեղադրանքները, տրված որակումներն ու հաշվեհարդարի սպառնալիքները գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲԸ տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք։

 

15։26- Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլար։ [Դատախազություն] |tert.am|

 

15։15- Ասֆալտապատման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են։ Այդ ընկերությունները խնդիր են ունենալու, զգուշացնում եմ, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո հանդիպելու են պողպատե մանդատի հետ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|

 

15։04- Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում, որովհետև առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Ըստ էության, որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայաստանը կշարունակի՞ իր գոյությունը՝ որպես անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, թե՞ կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս։ Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը։ [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյան]

 

14։37- Գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել։ Ամենաառաջնային թեմաներից մեկը ես համարում եմ ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Կան մարդիկ, որպնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որ ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի: Բայց պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով յուրաքանչյուր դետալը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վայոց ձորում քարողարշավի ժամանակ] |armenpress.am|

 

14։18- 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում։ Իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել: Այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնելու համար ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ] |tert.am|

 

14։08-«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից:
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը:

 

14։01-Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները, և ուսումնասիրությունները իրականացվել են խոշոր քաղաքներում և կոնկրետ շփումներով, այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնվում է 3-րդ տեղում, բայց որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք: Այս ընտրությունները նրա համար են, որ մենք լուծում գտնենք, եթե լուծումը չենք գտնելու, ապա ավելի վատ է լինելու: Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ, և դա նշանակում է, որ 2 ուժերը չեն հաղթում, եթե նրանք չեն հաղթում, ապա ժողովուրդը բոլորին պարտադրում է համերաշխություն, իսկ դա նշանակում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ահա և բանալին: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան] |tert.am|

 

13:15-Նախընտրական շրջանում՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ, Արթուր Վանեցյանը միակ վարչապետի թեկնածուն է եղել, որ այցելել է Արցախ: Մեզ համար շատ կարևոր են երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները: Դրանք են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: Պատահական չէ, որ Արցախում Վանեցյանը հանդիպում ունեցավ Վեհափառ Հայրապետի հետ: [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյան]

 

13:12-Ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործընթացն իրականացվում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ ասոցացվող անձանց կողմից։ Դիտարկված ժամանակահատվածում վարչական ռեսուրս կիրառել է նաև իշխող ուժը։ Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների մարզային այցերին իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են մարզպետներ, մարզպետարանների աշխատակիցներ՝ իրենց աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդի մեջ։ [«Անկախ դիտորդ» դաշինք] |hcav.am|

 

13:09-ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 578 հազար 678 անձ: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար, սխալ է, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձիք դրսում են գտնվում կամ միգուցե, բացակայում են, և իրենց տվյալները առկա են, կասեմ, որ իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինեն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ։ [Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ]

 

13:00-Սյունիքում շատ է խոսվում և քննարկվում արոտավայրերի տարածքի կրճատման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ հանրապետությունում մենք դրա խնդիրը չունենք: Մեզ մոտ արոտավայրերի կառավարման խնդիր կա: Այսօր ՀՀ-ում 1 մլն հա-ից ավելի արոտավայր կա, և դրանք կարող են եռակի անգամ շատ ապահովել մեր այսօր եղած անասունների գլխաքանակը: Մեր երկրում Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն ամենաշատ արոտավայրերն ունեն, խնդիրը, կարծում եմ, մեկն է՝ այդ տարածքներ հասնելու խնդիրներ են հաճախ լինում։ Նախատեսում ենք դեպի արոտավայրեր տանող գրունտային ճանապարհներ կառուցել: [Նիկոլ Փաշինյանը` Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ]

 

12:48-Մենք որևէ կերպ չենք ճանաչում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը օրինական, մենք ասում ենք, որ այս պահին օր առաջ պետք է դրա իրականացումը սառեցվի, և սառեցմանը համարժեք  հայոց պետությունը, (իսկ մենք հիմա հայոց պետություն չունենք), և հայոց իշխանությունը, (իսկ մենք դա չունենք,  այսինքն` իշխանափոխությունից հետ)  բնականաբար պետք է սկսի իր գործընկերների հետ հարաբերվել, թե ինչ կարելի է անել արդեն այսօրվա վիճակում։  Մենք չենք ճանաչում Արցախի բռնազավթումը, մենք չենք ճանաչում, որ Արցախը միայն ԼՂԻՄ է, մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով։ [«Ազգային  օրակարգ» կուսակցության առաջին համար Արա Հակոբյան]

 

12:41-«Արդար Հայաստան» կուսակցության հիմնական նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է։ Քաղաքական ուժն ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը,այն դարձնելով 18 ամիս։ Առաջիկա տարիներին հասարակության ամբողջ ներոժւը պետք է կենտրոնացնել բանակի վրա։ Անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր Զինված ուժեր։ [«Արդար Հայաստանն»  կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյան]

 

12:38-Բոլոր ուժերի նախընտրական ցուցակներում կա 120 մանկավարժ թեկնածու։ Ամենաշատ ուսուցիչները «Պատիվ ունեմ»-ում են և «5165 շարժում»-ում՝ 13 անձ։ Մեկական մանկավարժ կա Հայ ազգային կոնգրես, «Քաղաքացու որոշում», Զարթոնք և Հայոց հայրենիք կուսակցությունների ցուցակներում։ Բուժաշխատողները շատ են «Հայաստան» դաշինքում՝ 7 հոգի, ընդհանուր բոլոր թեկնածուներից 30-ն են բուժաշխատողներ։ «Հայաստան» դաշինքից հետո գալիս է «Պատիվ ունեմ»-ը՝ 4 բուժաշխատող, ապա երեքական բուժաշխատող կա «Վերելք» կուսակցության և «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակում։ |civilnet.am|

 

12:18-Ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է գնահատվի իր խոստումների կատարմամբ, իսկ ընդդիմությունը՝ նրանով, թե ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի ներուժ՝ այդ խոստումները կատարելու համար: Նույնիսկ մտածում եմ, որ ձեզ համար և հեշտ է, և դժվար գնահատել՝ այն տեսանկյունից, որ գործող իշխանության արածի և չարածի մասով բան չկա համեմատելու։ Վերընտրվել ձգտում է մի իշխանություն, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել: [«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյան]

 

11:46-Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս։ Այդքան քվե մենք ստացել ենք այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ ենք մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն։ Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից։ [«Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան] |hetq.am|

 

10:34-Մենք բացարձակապես մերժում ենք նոյեմբերի 10-ի ապօրինի եւ Հայաստանին թելադրված հայտարարությունը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետն իրավունք չունի ընդունելու որեւէ պայմանագիր, որը վավերացված չէ ԱԺ-ի կողմից: Ուստի նոյեմբերի 9-ից սկսած՝ մեզանում տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, ու փաստորեն դա պետական հեղաշրջում է: Եվ սահմանների փոփոխության պարագայում դա միջազգային իրավունքի խախտում է: Հետեւաբար Արցախի հարցի լուծումը կարող է տրվել միմիայն միջազգային հանրության կողմից ստեղծված Մինսկի խմբի ձեւաչափով: Եվ մեր վերջնական նպատակն է Արցախի հետ միացումը, ինչպես դա գրված էր 1990-ի ՀՀ Անկախության հռչակագրում: [Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյան] |aliqmedia.am|

 

10:03-ԼՀԿ-ն կարեւորում է տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր եւ միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային եւ հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Մեզ համար կարեւոր է նաեւ պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների եւ արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը: [ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյան]

 

9:56-«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը։

 

9:10-Քարոզարշավ օր 10. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել տարբեր ձևաչափերով։ Ժամանակացույցը՝ այստեղ: |armenpress.am|

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 11

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել