ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 11
23:30 - 17 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 11

23։26- Նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը, իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկին, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը։ Ելքը միակն է․ ձեր ձայնը տվեք «Հայ ազգային կոնգրես»-ին, և դրանով խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք։ [Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը]

 

22։34- «Հանրապետություն» կուսակցությունն իշխանության գալու դեպքում խոստանում է զարկ տալ հանքարդյունաբերությանը՝ դրանով զագացնել տնտեսությունը և հզորացնել բանակը։ Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը։ Մենք բազմիցս ենք դրա մասին ասել, չենք թաքցնում։ Փորձելու ենք ՀՀ–ի բոլոր հանքերին աջակցել որպես պետություն։ Դա միակ լուծումն է, որ թռիչքային, արագ ֆինանսական հարց կլուծի, որովհետև մեզ շատ արագ զինվել է պետք։ [«Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյան] |hetq.am|

 

22։22- Մեկնարկել է «Հայաստանն ընտրում է» վերջին նախընտրական հեռուստաբանավեճը, որին հրավիրված են եղել ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարները։ Սակայն, ինչպես նախապես հայտարարվել էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին։ «Ազատ Հայրենիք»-ը ևս չի մասնակցում, քանի որ Հանրայինը մերժել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը (նա ցուցակի առաջին համարը չէ)։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի ներկայացել բանավեճին։ Այսպիսով՝ այժմ Հանրայինի տաղավարում են ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ԼՀԿ առաջին համար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, «Հայոց հայրենիք»-ի առաջին համար Արտակ Գալստյանը և Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» կուսակցությունից։

 

22։14- Հանրապետության հրապարակում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ երթով շարժվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն, որտեղ վերջինս մասնակցելու է առաջին դեմքերի մասնակցությամբ նախընտրական մեծ բանավեճին։

 

22։05- Ղարաբաղի հարցի լուծման առումով  լիարժեքորեն ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման։ Մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը ԼՂ-ի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս փաստին՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է։ [Նիկոլ Փաշինյան]

 

21։35- Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիների բացման համատեքստում ՀՀ որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և երկրները կստանան հավասարաչափ, համաչափ հնարավորություններ, այնպես, ինչպես նկարագրված է 2021-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել՝ այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|

 

21։30- Հիմա ժամանակն է խոսել ապագայի առանցքային ուրվագծերի մասին, ձևակերպել, թե ինչ ապագա ենք մենք պլանավորում։ Ապագայի մասին մեր պատկերացումները հիմնված են չորս հենասյուների վրա։ Առաջին հենասյունը անվտանգությունն է, երկրորդ հենասյունը՝ տնտեսությունը, երրորդ հենասյունը՝ իրավունքը և արդարությունը, չորրորդ հենասյունը՝ մարդկային կապիտալի զարգացումը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում]

 

21։19- Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույր մեզ թև տվեց հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման, հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգևեցին՝ հարազատ զավակի նման։ Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաաստանի Հանրապետության առաջնորդությունը: [Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում]

 

21։03- Մենք անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ առանց հիմնավորումների կարելի է մեզ մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ, որոնք չենք գործել: Գիտեմ, որ այս ընթացքում բարդ է եղել նաև ձեզ համար: Մեզ չեն ներում իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը պահպանելու համար, ձեզ չեն ներում մեր կողքը կանգնելու համար: Մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին լինելու համար, մարդկանց վերևից չնայելու համար: Մեզ և ձեզ չեն ներում իրենց ներմուծած բարքերը մերժելու համար, փողը կուռք չդարձնելու համար: Մեզ չեն ներում, որ չենք դարձել իրենց նման։ [Լիլիթ Մակունցը՝ Հանրապետության հրապարակում] |1lurer.am|

 

20։58- Այս մեր հանդիպումից հետո անմիջապես գնալու եմ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին և հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտացնողներին։ [Նիկոլ Փաշինյան]

 

20։56- Այս հանգրվանում Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ։ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային են լինելու այդ ճանապարհի ընտրության հարցում։ Առաջին՝ հանձնվել, համակերպվել, կոտրվել, վերադառնալ անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացու ունեզրկում, կեղծված ընտրություններ, համակարգված կոռուպցիա և կաշառակերություն, այն գարշահոտ ճահիճը, որից միակ ելքը թվում էր արտագաղթը։ Եվ երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը, անհոգնում, առանց դադարելու շարունակել անհրաժեշտ բարեփոխումները և քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։ [Արարատ Միրզոյանը՝ հանրահավաքի ընթացքում]

 

20։25- Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք: Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ: [Սերժ Սարգսյանը` «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը] |tert.am|

 

18։35- «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ վարչապետի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Առաջին նախագահը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2010 ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, կազմում է 1 մլն 27 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 հողամաս, 3 հասարակական տարածք և 1 ավտոմեքենա՝ «Լինքոլն Թաունքար» մակնիշի։ 

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

 

18։19- Դեռևս պատերազմը չէր եղել, ես խորհրդարանում ասում էի, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իր օպոնենտները շարունակաբար մնան քրեական գործերի տակ եղած նախկինները։ Երբ ինքը ամբիոնից ասում էր՝ մեզ ուզում եք քշեք, թող Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը գան, նա իզուր չէր դա ասում։ Նրանց երազանքն է եղել, որ իրենց օպոնենտը շարունակաբար մնան նախկին իշխանությունները, ովքեր իր կողմից կհրավիրվեն բանավեճի, բայց չեն գնա բանավեճի։ Դա երազանք է ցանկացած քաղաքական գործչի համար, այսինքն՝ ի սկզբանե այս դասավորությամբ է տարվել ամեն բան։ [Էդմոն Մարուքյան]

 

18։15- ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին: Ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի: ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա: [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյան]

 

17։58- Ընտրությունների վերահսկման կոմիտեի՝ համացանցում տարածած՝ «Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ահազանգ» վերտառությամբ գրառման կապակցությամբ հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի շրջանակներում: [Ոստիկանություն]

 

17։50- «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները այսօր Գյումրիում ներկայացրել են դաշինքի ծրագիրը՝ ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը: Հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը պատասխանել են գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին: [«Պատիվ ունեմ» դաշինք]

 

17:48- Միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու Ժամանակն է: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հույս ունենք՝ Հայաստանը  կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար։ [ԵՄ-ում ՀՀ դեսպան Անդրեա Վիկտորին] |armenpress.am|

 

17:21- Արմեն Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը։ Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:

 

17։18- Տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական գործընթացները հարկադրում են մշակել Ադրբեջանի և Թուրքիայի հետ փոխադարձ հարաբերությունների ձևավորման որակապես նոր ռազմավարություն՝ հաշվի առնելով այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների կամ դրանց բացակայության բնույթը՝ սթափ գիտակցելով և առավել իրատեսական գնահատելով նրանց քաղաքականության էությունն ու ուղղվածությունը: Այո՛, որքան էլ դժվար է, բայց պետք է փորձել ուղիղ երկխոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ [«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյան]

 

16։02- «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ԱԳՆ ԱԺ արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյալները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։ ԱԳՆ-ն մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով, որ հարցումը պետք է ներկայացվի գրավոր, և որ կոնտակտային տվյալները անձնական տվյալ են, և դրանց տրամադրումը երրորդ անձանց անթույլատրելի է։ Հայտարարում ենք, որ ԱԳՆ գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն։ [«Պատիվ ունեմ» դաշինք]

 

15։36- Մարտունիում «Հայաստան» դաշինքի և քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վեիջիններիցս մեկը բարձրացրեց գյուղատնտեսության նախարարությունը վերաբացելու հարցը և նշեց, որ մուրճին հակառակ բերել է մի մանգաղ, որ Ռոբերտ Քոչարյանը վերականգնի գյուղատնտեսության նախարարությունը և հնձի քաղաքական մոլախոտերին։ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ գործիքը զուտ իր նպատակով օգտագործել։ |tert.am|

 

15:17- Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր կողքին, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին, պետության, պետականության, ձեր գյուղի, հարազատների, զինվորի կողքին։ Մեր կողքին կանգնելով՝ դուք ունեք այդ առաքելությունը, որովհետև երկիրը վտանգի մեջ է, անդունդում է, և պետք է այս վիճակից դուրս գանք։ [«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյան] |tert.am|

 

15։15- «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ: Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ։ Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար: [«Պատիվ ունեմ» դաշինք]

 

14։40- Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։ Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։ Նրանք պիտի ստանան 0 քվե։ [ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյան]

 

14:17- Հանրային ՀԸ-ի գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը:  Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային ՀԸ ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար: [«Ազատ հայրենիք» դաշինքի խորհուրդ]

 

14:09- Ստացված ահազանգերը վերաբերում են խոշոր գործարաններին, բժշկական կենտրոններին, մասնավոր այլ հիմնարկներին և ՏԻՄ աշխատակազմերին։ Ահազանգերի զգալի մասը վերաբերում է ընդդիմության կողմից  ֆինանսական և տնտեսական կախվածության օգտագործմանը։ Թե՛ լրատվամիջոցներում, թե՛ դիտորդների կողմից արձանագրվել է «Գազպրոմ Արմենիա» հիմնարկի աշխատակիցների զանգվածային մասնակցությունը «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կազմակերպած հանրահավաքին։ [«Անկախ դիտորդ» դաշինք]

 

14:08- ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ ներկա կլինի Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Հայաստան գործուղվող պատվիրակությունը ղեկավարելու է գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սմիրնովը: |azatutyun.am|

 

13։10- Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր: Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20- ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:  [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]

 

13։06- Ռուսաստանը և ՀԱՊԿ- ը մեր դաշնակիցները չեն։ Համոզված եմ, որ մեր շահերը և բազում (թեկուզ եվրոպական) երկրների շահեր համընկնում են՝ Հունաստան, Ֆրանսիա, Ամերիկա, և եթե փնտրենք, շատ իրական դաշնակիցներ կգտնենք։ Հիմա Ռուսաստանի կողմից մեզ արգելված է որևիցե այլ դաշնակից փնտրել՝ բացի իրենից: Այսինքն՝ ոչ թե մեզ է արգելված, այլ մեր այսօրվա կառավարությանը և իշխանությանը։[«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգ Կյուրեղյան]

 

12։49- Խնդրում եմ՝ դիմանալ և չտրվել գործող իշխանության ճնշումներին։ Ընդամենը մի քանի օր կարելի է դիմանալ իր վերջին օրերն ապրող իշխանության անօրինական ճնշումներին։ Նրանք ձեզ կսպառնան, կփորձեն սիրաշահել, խաբել, ի՜նչ ասես կանեն, բայց նժարին մեր պետությունն է։ Իմ հորդորն է՝ չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե՛ք կիրառել վարչական լծակները, չստիպեք մարդկանց՝ քվեարկել իրենց խղճին դեմ, ու դուք ինքներդ նույնպես այդպես չանեք։ Մենք իրար հետ մեծ աշխատանք ունենք անելու, մեր երկիրը վիրավոր է, մեր ժողովրդին ուզում են ստորացնել։  Եկեք միասի´ն դա թույլ չտանք, եկեք միասին ոտքի կանգնեցնենք մեր երկիրը։ Եթե մենք այսօր սխալվենք, եթե այսօր զիջենք, եթե այսօր կոտրվենք, վաղը կարող է ուշ լինել։[«Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը՝  կոչով դիմելով ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին]

 

12։27- Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն: [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ]

 

12։26- Երկու բարեփոխման մասին կնշեմ: Բարձրագույն դատական խորհրդի համամասնությունն անհրաժեշտ է փոփոխել, անդամների մեծամասնություն ընտրելու հնարավորությունն ընձեռելով դատավորների միությանը: Անհրաժեշտ է նաեւ վերականգնել դատավորների անձեռնմխելիությունը նաև ոչ դատավորի լիազորությունների իրականացման առնչությամբ քրեական հետապնդման դեպքերում: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումը կարելի է իրականացնել միայն բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ: [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Արա Զոհրաբյան] |armtimes.com|

 

11:57- Ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Ինչպես ասում է «Լուսավոր Հայաստան»- ը, պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝  յուրաքանչյուրը իր ներդրումը ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյան] |armenpress.am|

 

11:56- Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու  վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված,  իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով:
Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով,  վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:  Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի   Վանաձոր և  Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ: [ԱԺԲ- ի հայտարարությունը]

 

11:37- Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․- ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։ Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․- ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին։ [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան] |armeniasputnik.am|

 

11:37- Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: Հունիսի 19- ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ- ում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

 

10:43- «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը բացառիկ քաղաքական քարոզարշավ է եւ այն խոշոր առումով հաջողված է: Դրա ապացույցը այն հրապարակներն են, որոնք լեցուն են քարոզարշավի ընթացքում: Բայց ես ուզում եմ իշխող կուսակցությունը զգա, թե ինչ պատասխանատվություն ունի, եւ եթե նույնիսկ խոսքը հասարակությանը ստրկացնել ցանկացողներին պատասխանելու մասին է, կուզենամ նրանք չիջնեն մյուսների մակարդակին: [«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրացուցակի 5- րդ համար Ստյոպա Սաֆարյանը՝ ՀԺ- ի հետ հարցազրույցում] |armtimes.com|

 

10:37- Ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի և փաստորեն կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում: Նա ասաց, որ այս ընտրությունների արդյունքներով առկա խնդիրները չեն լուծվելու, բայց սա կարող է սկիզբ դառնալ անհրաժեշտ ուղղությամբ արդյունավետ գործողությունների: [ «Ազգային օրակարգ» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Հակոբյանը` ընտրողների հետ հանդիպմանը]

 

9:15- Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ։ Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 12

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել