ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13
23:02 - 19 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

22։44-Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ: Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը: Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]

 

21։59-2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:
Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով: [ՀՀ Ոստիկանություն]

 

21։42-Մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիրում այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար։ [«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյան]

 

19:52-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:

 

19:47-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:

 

18:29-Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել:

 

18։17-Ընդհանուր առմամբ Հանրային հեռուստատեսությունը հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։

 

18։07-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ, բացի երկարաժամկետ դիտորդներից, հունիսի 20-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: [ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն]

 

17։48-ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու,  ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են  ձեռք բերվե լայն մասին, որ նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : [ՀՔԾ]

 

17։38-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս ավելի աչալուրջ լինեն: [Նախագահի աշխատակազմ]

 

17։20- «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն այսօր ձերբակալել է:  [Դաշինքի անդամ Արսեն Բաբայան]

16։35-Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝ 

-հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,
-որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,
-առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,
-որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,
-հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  [Գլխավոր դատախազություն]

16։31- Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:  [Գլխավոր դատախազություն]

16։04- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի իրականացրած հարցումների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը։ Սակայն հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։

15։48- Արամ Սարգսյանը կընտրի ժամը 13:00-ին Արարատ գյուղում` ընտրատեղամաս 13/31 (N1 միջնակարգ դպրոց): Հասցե` Վազգեն Սարգսյանի 40։ [Հանրապետություն կուսակցություն]

 

15։41- Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իր՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու: Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի: [«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան]

15։34-Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն: [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետ թեկնածու Արթուր Վանեցյան]

15։28- Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին։  Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին: [ԱԺ աշխատակազմ]

14։31- Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: ԿԸՀ նախագահը Սարգսյանին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից: [Նախագահի աշխատակազմ]

13։32- Ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը այսօր և առավել ևս վաղը ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ։ Եվ այդ բարձրագույն իշխանության կարգավիճակը յուրաքանչյուրը իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով։ [Նիկոլ Փաշինյան]

 

12։38- Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  ՔՊ կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում։  ՄԻՊ-ի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

12։21- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ։Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու  1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ [ՀՀ ՔԿ]

12։20- Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով հանդես է եկել ուղերձով]

 

11։47- «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին ժամը 11:30-ին կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի /Անդրանիկի թաղամաս, 120 հասցեին հարող հատված/ թիվ 95 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում տեղակայված 7/46 ընտրատեղամասում: [Արդար Հայաստան]

11։38- Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ |armenpess.am|

11։31- Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված։ Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։ Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը: Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։ [Արմեն Սարգսյան]

 

11։19- Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021 թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: [ՀՀ ՔԿ]

11։09- Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։ Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։  |armenpress.am|

11։08- Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678։ [ՀՀ ոստիկանություն]

10:50- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ 
Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։ |armenpress.am|

10:42- Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրն առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ [Գլխավոր դատախազություն]

10։40- Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Նախընտրական քարոզչությունն այսօր ԸՕ-ով արգելվում է: Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 25 ուժ՝  21 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է: |tert.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել