Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով․ միավորային գնահատման փոխարեն որոշ դասարաններում կգործի ընթացիկ, ձևավորող գնահատման մեթոդը․Ինգա Վարդանյան
16:34 - 01 սեպտեմբերի, 2021

Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով․ միավորային գնահատման փոխարեն որոշ դասարաններում կգործի ընթացիկ, ձևավորող գնահատման մեթոդը․Ինգա Վարդանյան

2021-2022 ուսումնական տարվա համար Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) ներդրել է կրթական նոր չափորոշիչներ։ 

Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաեւ դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից՝ այսօրվանից, կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների եւ սովորողների համար։ Մյուս դասարաները, ինչպես Տավուշում, այնպես էլ ՀՀ մնացյալ դպրոցներում, շարունակելու են աշխատել գործող չափորոշիչով։

Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամն իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում։ Օգոստոսի 17-ի տվյալներով վերապատրաստվել է 2-րդ դասարանում դասավանդող 90 դասվար եւ 7-րդ, 10-րդ դասարանների պատմության 128 ուսուցիչ:

Ձեռնարկվող փոփոխությունների, հնարավոր ռիսկերի եւ առավելությունների մասին infocom.am-ը զրուցել է վերապատրաստումն իրականացնող Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի պետ Ինգա Վարդանյանի հետ։ 

Վերջինիս խոսքով՝ եթե մինչ այս շեշտադարում էին գիտելիքը, ապա հիմա կարեւորում են նաեւ կարողությունների ձեւավորումը․

«Այսինքն՝ դրանք այն գիտելիքներն են, որոնք գործողության մեջ աշակերտը եւ հետո քաղաքացին կկարողանա ներդնել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչ վերաբերվում է գնահատման չափանիշներին՝ այս որոշումը գործածության մեջ դնելուց հետո անբավարար գնահատական չի լինելու։ Այսինքն՝ երբ հիմա ասում ենք, որ 1-3 նիշը անբավարար է, դա արդեն չի լինելու, երեխան վաստակում է այնքան, ինչքան ինքը կարողանում է»։

Վարդանյանը մանրամասնեց, որ երկրորդ փոփոխությամբ միավորային գնահատականը հանվում է առաջին դասարանից մինչեւ հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ, այսինքն՝ աշակերտները սկսելու են միավորային գնահատական ստանալ հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, իսկ այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի լինելու, իրականացվելու է ընթացիկ գնահատում ձեւավորող գնահատում, աշակերտի բնութագրիչներ եւ մի շարք այլ գործիքներ են կիրառվելու։

Անդրադառնալով դասաժամերի փոփոխությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցների երկրորդ դասարաններում դասավանդող ուսուցիչները դասավանդելու են 18 ժամ՝ 22-ի փոխարեն, եւ դա համարվելու է մեկ դրույք։ Պատճառն այն է, որ  միավորային գնահատման փոխարեն ներդրված ձեւավորող գնահատումը աշխատատար պրոցես է, այդ պատճառով ուսուցիչներին հատկացվել են լրացուցիչ ժամեր։

«Մնացած դասարաններում՝ 5-րդ, 7-րդ եւ 10-րդ, 20 ժամն է համարվելու մեկ դրույք, որովհետեւ բավականին ժամանակատար գործեր են անում ուսուցիչները՝ նախագծեր, նախագծի գնահատում և այլն, այդ իսկ պատճառով եւս երկու պահուստային ժամ ենք տվել ուսուցիչներին։ Ստացվում է, որ ոչ թե 22 դասաժամն է մեկ դրույք համարվելու, այլ՝ երկրորդ դասարանում՝ 18, իսկ ավելի բարձր դասարաններում՝ 20 ժամը, բայց ոչ թե ուսուցիչը 2 ժամ շուտ է գնալու տուն, այլ ինքն այդ ժամերին լինելու է դպրոցում, որպեսզի կարողանա ձեւավորող գնահատումն իրականացնել։ Ուսուցիչը 4 ժամ քիչ է դասավանդում, բայց վճարվում է մեկ դրույքի չափով, աշխատավարձի կրճատման մասին երբեւէ խոսք չի եղել»,- հավելեց Վարդանյանը։

Ըստ մասնագետի՝ այն գնահատումը, որն իրականացնելու են ուսուցիչները 2-րդ դասարանում, կհանգեցնի նրան, որ ծնողները կհասկանան, որ ոչ թե ուսուցիչն ուղղակի գնահատական է դրել, այլ գնահատել են երեխայի աճը՝ իր նկատմամբ։ Երբ ասում են գնահատական չկա, չի նշանակում, որ ծնողը չի իմանալու, թե իր երեխան ինչպես է սովորում։ Վարդանյանի խոսքով՝ բազմաթիվ գործիքներ են մշակված, որպեսզի ուսուցիչների համար հեշտ լինի։

«Դրանք նաեւ ծնողների համար են, ծնողը հստակ պատկերացնում է, թե երեխան ինչպիսի առաջընթաց ունի, ոչ թե դատատավճռի նման գնահատականը դրվեց եւ վերջ: Հարցը հենց ընթացքին է վերաբերվում, ընթացիկ գնահատումն է, որ շատ կարեւոր է երեխայի անձի զարգացման համար։ Երբ ծնողները, մեր հասարակությունը հասկանան, որ երախային ոչ թե պետք է հարցնեն՝ ի՞նչ ես ստացել, այլ՝ ի՞նչ ես սովորել, դրանով շատ խնդիրներ լուծված կլինեն։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ միավորային գնահատումը շատ ավելի արագ էր տեղի ունենում, քան ձեւավորող եւ ընթացիկ գնահատումը, այ հենց դրա համար է, որ լրացուցիչ ժամով բեռնաթափվել է ուսուցիչը, որպեսզի կարողանա հանգիստ խղճով իր աշխատանքը կատարել»,- մանրամասնեց Վարդանյանը՝ նշելով, որ չնայած  բնութագրով գնահատումը ուսուցչից շատ մեծ ժամանակ է խլում, այնուամենայնիվ ծնողին եւ հետագա ուսուցիչներին տալիս է հնարավորություն՝ հասկանալու երեխայի զարգացման աճը բոլոր ոլորտներում։

Այդ մեթոդը կիրառվելու է առաջին դասարանից մինչեւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ Մեր զրուցակիցը մանրամասնեց, թե ինչու է հենց հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը․ ըստ մասնագետի մեկնաբանության՝ երեխան դասվարական օղակից անցում է կատարում միջին օղակ, եւ նրա համար դա սթրես է, որովհետեւ նախկինում ճանաչել է միայն իր դասվարին եւ մի քանի հարակից առարկաների ուսուցիչների, իսկ հիմա բոլոր առարկաները դասավանդում են տարբեր ուսուցիչներ, եւ միշտ չէ, որ առարկայական ուսուցիչը կարողանում է միանգամից ճանաչել աշակերտին։

«Չէ՞ որ երեխան պետք է զարգանա, բացվի, ուսուցչին ընդունի, որ կարողանա իր բոլոր ունակությունները ցույց տալ, դրա համար ընտրվել է այդ ժամանակը։ Հնարավորություն է տրվում, որ ուսուցիչն ու աշակերտները ճանաչեն իրար, հետո նոր հնարավոր լինի գնահատական դնել։ Հիմա, հասկանալով, որ դա ժամանակատար աշխատանք է, բայց շատ կարեւոր եւ շատ ինֆորմատիվ աշխատանք, մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Բացի դրանից՝ ապրիլից հրապարակված են գնահատման չափանիշներին համապատասխան գործիքները։ Գործիք ասելով՝ նկատի ունեմ հարցադրումներ, հարցարաններ, թեստեր եւ այլն, որ ուսուցիչները ծանոթանային ամռան ընթացքում՝ սեպտեմբերին կիրառելու համար»,- ներկայացրեց Վարդանյանը՝ հավելելով, որ բարձր դասարաններում միավորային գնահատումը պահպանվում է։

Այս տարի միայն Տավուշի մարզի երկրորդ դասարանում է, որ գնահատման կարգը փոխվելու է։ Վարդանյանը տեղեկացրեց, որ վերապատրաստումները լինելու են շարունակական, երկու ամիսը մեկ հիմնադրամի ներկայացուցիչները այցելելու են Տավուշի մարզի տարբեր դպրոցներ, իրականացնելու են դասալսումներ, եւ ամբողջ իմաստն այն է լինելու, որ ուսուցիչների կողմից վեր հանվեն թերությունները, պրոբլեմները, որպեսզի դրանք շտկվեն ու լուծվեն, այլ ոչ թե ուղղակի մատնանշվեն։

«Մենք վերապատրաստել ենք ուսուցիչներին եւ բոլորին խնդրել ենք, որ ամեն անգամ դասը վարելուց հետո ունենան հետադարձ կապի թերթիկներ, որոնց վրա գրեն, թե ինչ թերություններ իրենք նկատեցին, որ մենք կարողանանք հասկանալ՝ այդ խնդիրը համակարգայի՞ն է, թե՞ տվյալ դասարանի հետ է կապված, կամ չափորոշչի, որպեսզի մենք կարողանանք վերլուծել ու լուծում տալ, որովհետև այդ չափորոշիչները հիմա փորձարկման համար են նախատեսված։ Մեծամասամբ կարեւոր է հետադարձ կապը, որ ճիշտ փոփոխություններ, լրամշակումներ անենք»,- ասաց Վարդանյանը։ 

Մեր այն հարցին, թե փոփոխությունների վերաբերյալ ինչ անհանգստություններ են հայտնել ուսուցիչները, Վարդանյանը պատասխանեց, որ հիմնական անհանգստությունն այն է, թե արդյոք իրենց մոտ կստացվի՞, քանի որ շատ մեծ պատասխանատվություն է, մեծ գործ է սկսվում, եւ ուսուցիչները շատ լավ հասկանում են, որ իրենց լավ արված աշխատանքի արդյունքում է ճիշտ չափորոշիչ ձեւավորվելու։ Վարդանյանի խոսքով՝ երբ չափորոշիչը ընդունվի դժվար է լինելու փոփոխություն կատարել, իսկ հիմա հնարավորություն կա, որ ուսուցիչն ինքը, որոշ ժամանակ ճիշտ ընտրություններ կատարելով, կարողանա այսպիսի փաստաթուղթ ձեւավորել, որը հետո մեծ դժգոհություններ չառաջացնի։

«Սա շատ կարեւոր կետ է, որ այս պարտականությունը հենց ուսուցիչներին է, որովհետեւ իրենք են ամեն օր դասարան մտնում եւ իրենք կկարողանան ճիշտ փաստաթուղթ ձեւավորել։ Փորձարկման իմաստը հենց դա է, որ այս գործըթնացներից հետո ՀՀ բոլոր դպրոցներում ընդունվի այս փոփոխությունը, բայց սա փորձարկվելու է նաեւ մյուս տարի, արդեն 3-րդ, 6-րդ, 8-րդ եւ 11-րդ դասարաներում, այսինքն՝ դեռ փորձարկվելու է, որ հասկանանք՝ ինչ արձագանք ունենք։ Լուծումների մասին հիմա դժվարանում եմ խոսել, որովհետեւ մինչեւ մենք չհավաքագրենք արձագանքները, չտանք մշակված եւ համակարգված կարգավիճակ, մենք չենք կարող ասել, թե ինչ ունենք»,- եզրափակեց վերապատրաստումն իրականացնող Կրթության զարգացման եւ նորարությունների ազգային հիմնադրամ ուսումնական բնագավառների մշակման եւ զարգացման բաժնի պետ Ինգա Վարդանյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել