Քաղաքացին աշխատանքային խնդիրներով կկարողանա անանուն դիմել տեսչական մարմնին. ԱԱՏՄ-ի առաջարկը |armenpress.am|
16:12 - 22 հոկտեմբերի, 2021

Քաղաքացին աշխատանքային խնդիրներով կկարողանա անանուն դիմել տեսչական մարմնին. ԱԱՏՄ-ի առաջարկը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որոնցից 200-ը՝ դիմումների հիման վրա:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը նշեց, որ վարույթների արդյունքում ընդունվել են 81 վարչական ակտեր, տրվել խախտումները վերացնելու կարգադրագրեր:

«Ստացված 200 դիմում-բողոքներից 197-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը: 113 դիմում-բողոքները վերաբերել են օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձերը չվճարելուն, 43-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն, 41-ն՝ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին է վերաբերում»,- ասաց  Իգիթ Հակոբյանը:

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով, դիմումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության խախտումները հիմնականում տեղի են ունեցել չտեղեկացվածության հետևանքով:

«Այդ իսկ պատճառով, տեսչական մարմինը խախտումները կանխարգելելու նպատակով, հասու բոլոր միջոցներով իրազեկում է և՛ աշխատողներին, և՛ գործատուներին ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասով»,- ասաց Ալվարդ Արշակյանը:

 ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ ներկայում տեսչական մարմինն ունի հաստատված երկու ստուգաթերթ՝ հանքարդյունաբերության և մշակվող արդյունաբերության բնագավառում: Այդ ստուգաթերթերի հիման վրա են կատարվում ստուգումները տարեկան ծրագրով:

«Միևնույն ժամանակ մենք ունենք օրենքով նախատեսված ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս համապատասխան հիմքերի դեպքում իրականացնել նաև ըստ անհրաժեշտության ստուգումներ: Եթե տեղեկատվությունը, եղած հանգամանքները համապատասխան լինեն ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքով սահմանված պայմաններին, ապա այդ դեպքում կիրականացվի, ըստ անհրաժեշտության ստուգում»,- ասաց Աշոտ Հարությունյանը:

Քաղաքացիների հետ աշխատանքը, դիմումների ընթացակարգերն առավել դյուրացնելու համար գործարկվել է employeeprotect.am հարթակ, որի միջոցով աշխատողները կարող են ներկայացնել աշխատանքային խնդիրների հետ կապված բողոքները: Դիմումատուները նշելու են, թե որ կազմակերպությունում են աշխատում, կազմակերպության գտնվելու վայրը, որ աշխատանքային իրավունքն է խախտվել, նկարագրվելու է դեպքը, հնարավորություն է տրվելու կցել լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, այլ ապացուցողական նյութեր: Այնուհետև հայտը մուտքագրվելու է համակարգ:

Իգիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում, օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ են պատրաստվում, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներից անանուն նամակների ընդունումը: Կպահպանվի անձի գաղտնիության սկզբունքը, առանց դիմումատուին որպես կողմ ներգրավելու վարչարարություն կիրականացվի:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել