ՄԻՊ-ը նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու բացառություններ նախատեսելը սխալ է համարում |armenpress.am|
17:27 - 03 նոյեմբերի, 2021

ՄԻՊ-ը նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու բացառություններ նախատեսելը սխալ է համարում |armenpress.am|

armenpress.am:  ՄԻՊ Արման Թաթոյանը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջից որոշ անձանց, օրինակ` նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար բացառություններ նախատեսելը սխալ ու անիմաստ է համարում՝ նկատելով, որ այդ անձանց մեծ մասը հիմնականում պատվաստված է: Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 14-ից աշխատող քաղաքացիները պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կամ պատվաստված լինելու հավաստագիր կամ  ՊՇՌ թեստի պատասխան: «Սակայն, այդ որոշման մեջ կան բացառություններ, օրինակ` նախագահը, վարչապետը, համայնքի ղեկավարները, պատգամավորները, դատավորները, գլխավոր դատախազը և ՄԻՊ-ը»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք ՄԻՊ-ն այդ որոշման մեջ մարդու իրավունքների խտրականության խնդիրներ չի՞ տեսնում:

Թաթոյանը նշեց, որ բացառությունները ֆիքսված են օրենքի նախագծով: «Այդ բացառությունները ես համարում եմ սխալ, կարծում եմ՝ դա խտրական մոտեցում է: Կարծում եմ, որ դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակից բխելը: Մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչու ենք որոշ պաշտոնյաների ազատել: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա ավագանին ավելի շատ է մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ սա ինքը համարում է սխալ:

ՄԻՊ-ը նշեց, որ ինքը պատվասված է: Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե այդ մարդկանց ինչպես պետք է պատասխանատվության ենթարկել: «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, և պետք է դրվի պատասխանատվություն, և այդ մարդիկ պետք է հանրային պատասխանատվության ուժով կատարեն իրենց պարտավորությունը, ոչ թե պետք է առաջնորդվենք այդ մադկանց էլ պարտադրելու ճանապարհով»,-ասաց նա:

Թաթոյանի կարծիքով՝ օրենքով պարտավորություն սահմանել պետք է : Ըստ նրա՝ այդ բացառությունները նախատեսելու դեպքում քաղաքացուն հնարավոր չի լինի բացատրել, թե ինչու են այդ պաշտոնյաներն ազատվում:

«Ես այն ընկալումն ունեմ, որ այդ պաշտոնյաները, եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ստացել է պատվաստում: Այսինքն՝ իմաստը չկա այդ բացառությունը նախատեսելու: Հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն ենք առաջ բերում: Միասնական մոտեցում պետք է լինի: Հանրային պարտավորություն պետք է լինի, ինչ անենք, որ պաշտոնյայի նկատմամբ վարչարարություն չի կարող իրականացվել, բայց օրենքով պարտավորություն կա»,-ասաց ՄԻՊ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել