ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|
14:02 - 17 նոյեմբերի, 2021

ԿԲ նախագահը ներկայացրեց գնաճի կանխատեսումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարվա վերջում գնաճը կգերազանցի նախանշված թիրախային ցուցանիշը՝ 4 տոկոսը, սակայն հաջորդ տարի, եթե ռիսկեր ի հայտ չգան, վերադարձ կկատարվի այդ ցուցանիշին: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի ՝ գնաճի վերաբերյալ հարցին:

«Մենք ունենք մանդատ՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը: Այս  տարին սպեցիֆիկ տարի էր՝ պայմանավորված կորոնավիրուսի հետևանքներով, համաշխարհային պարենի շուկաներում հիմնական պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ինչպես նաև առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի արագ տեմպերով աճով »,-ասաց Գալստյանը:

Ըստ նրա՝ գնաճի ավել բարձր ցուցանիշներին բերող երկրորդ բաղադրիչը պարենի միջազգային գներն են՝ պայմանավորված թե բեռնափոխադրումներով, թե որոշակի առումով նաև՝ վատ բերքով:

«Մենք տեսանք, որ Հայաստանում 2021-ին 2020-ից հետո, երբ բավականին բարձր խնայողություններ էին կուտակվել, մարդիկ սկսեցին  այդ խնայողությունները ծախսել, որը հավելյալ պահանջարկ է ստեղծել: Դրա արդյունքում այս պահի դրությամբ՝ մեր գնաճը 9,1 տոկոս է»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց, որ ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա:

Գալստյանը հիշեցրեց `ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսել է տոկոսադրույք բարձրացնել: Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին`Գալստյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջում կունենանք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախը: Բայց լիահույս ենք, ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են. մենք համոզված ենք, որ եթե գնում ենք բազային սցենարով, ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել