Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին |armenpress.am|
15:23 - 26 նոյեմբերի, 2021

Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցները պետք է այնպիսի անհրաժեշտ պայմաններ ունենան, որ ծնողը ստիպված չլինի որակի համար երեխային տանել առավել հեռու դպրոց:

Այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանըշ՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նա տեղեկացրեց, որ նոր առաջարկվող փոփոխությունների համաձայն, դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրվելու նաև մոտ բնակվող երեխաներին:

«Դպրոց ընդունվելու ժամանակ ներկայում առաջնահերթություն ունեն տվյալ կրթական հաստատությունում քույր կամ եղբայր ունեցողները կամ եթե ընդունվողը տվյալ դպրոցի աշխատակցի երեխա է: Այժմ այդ առաջնահերթությունների ցանկն ավելացնում ենք: Օրենքի նախագծով առաջնահերթություն կտրվի դպրոցին մոտ բնակվող երեխաներին: Յուրաքանչյուր դպրոցում մենք պետք է ապահովենք կրթության այն նվազագույն որակն ու պայմանները, որ ծնողը ստիպված չլինի փնտրել և գտնել ավելի հեռու դպրոցներ: Իհարկե, կլինեն ծնողներ, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով, կնախընտրեն այլ տարբերակ, բայց հանրակրթության ընդհանուր զարգացումը պետք է ուղղված լինի նրան, որ մենք կրթության որակ ապահովենք բոլոր դպրոցներում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ երեխան պետք է հնարավորություն ունենա հաճախել իր տան մոտ գտնվող դպրոցը:

Ի՞նչ չափանիշներով է սահմանվելու դպրոցին մոտ բնակվելու հանգամանքը: Հարցին ի պատասխան  Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրա համար նախատեսված են քաղաքաշինական նորմեր: Նախագծում սահմանված է հետիոտնային հասանելիության շառավիղ 500 մ-ի չափով, որի հիմքում քաղաքաշինական նորմերն են:  

Առաջարկվող փոփոխություններով դպրոց երեխաներին ընդունելու հարցում առաջնահերթություն կտրվի նաև պետական աշխատողների համար, որոնք երկրի ներսում գործուղվում են, օրինակ, մի մարզից մյուսը, առնվազն 6 ամիս տևողությամբ:

«Բազմաթիվ նման խնդիրներ էին առաջանում, բազմաթիվ դիմումներ էինք ստանում զինծառայողներից , որոնք ընտանիքներով տեղափոխվում են, և երեխաները, կապված որոշ սահմանափակումների հետ, չէին կարողանում ընդգրկվել դպրոցում: Մենք այս առաջնահերթությունը նույնպես սահմանել ենք նախագծում»,- ասաց նախարարի տեղակալը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել