ԱՆ պատվաստանյութի ազգային պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ նոյեմբերի 30-ին ավարտվող ժամկետով 48040 դեղաչափ «ԱստրաԶենեկա» է եղել
18:15 - 27 նոյեմբերի, 2021

ԱՆ պատվաստանյութի ազգային պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ նոյեմբերի 30-ին ավարտվող ժամկետով 48040 դեղաչափ «ԱստրաԶենեկա» է եղել

2021 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ Առողջապահության նախարարության պատվաստանյութերի ազգային պահեստում առկա է եղել 48040 դեղաչափ «ԱստրաԶենեկա», որի ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին՝ նոյեմբերի 30-ին։ Պահեստում առկա է եղել նաեւ 235 դեղաչափ «Կորոնավակ», որի ժամկետն ավարտվում է 2022թ.-ի մարտի 18-ին, ապա եւ 10178 դեղաչափ «Սպուտնիկ V» առաջին բաղադրիչ, 14460 դեղաչափ՝ երկրորդ բաղադրիչ, որոնց ժամկետն ավարտվում է 2022թ. փետրվարի 28-ին (պատվաստման առաջին փուլում ներարկում են Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երկրորդ փուլում ներարկում են պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երեք շաբաթ ընդմիջումով: Երկրորդ բաղադրիչի բաղադրությունն առաջինից տարբերվում է)։ Այս մասին Infocom-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 16-ի դրությամբ, բացի վերը թվարկված պատվաստանյութերից, առկա են նաեւ «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» պատվաստանյութերը։ Սրանց ժամկետները, սակայն, ավարտվում են ոչ թե մեկ, այլ մի քանի ամսաթվերի․ «Սինոֆարմինը»՝ 2023թ. հուլիսի 16-ին եւ սեպտեմբերի 10-ին, «Մոդեռնայինը»՝ 2021-ի նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 27-ին, 2022թ. հունվարի 14-ին, հունվարի 22-ին, փետրվարի 14-ին, փետրվարի 27-ին եւ մարտի 5-ին։

Թե որ օրը որ պատվաստանյութից քանի դեղաչափի ժամկետ է ավարտվում, նախարարությունից մեր նախորդ հարցին չէին պատասխանել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հարցին, թե ինչու չեն տրամադրվել այդ տվյալները, պատասխանել էին, որ պատվաստանյութերի բաշխումը դինամիկ գործընթաց է, տվյալներն անընդհատ փոփոխվող են, ուստի կոնկրետ օրվա դրությամբ տվյալ տալն անհնար է։ Մեր դիտարկմանը, որ անընդհատ փոփոխվող են նաեւ պատվաստումների թվերը, նաեւ այն տվյալները, թե որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստվել, ուրեմն՝ նման հաշվարկ անելն ինքնին անհնար չէ, կենտրոնից առաջարկել էին գրավոր հարցմամբ դիմել՝ պահեստում առկա պատվաստանյութերի թիվը տրամադրելու համար։ Ըստ կենտրոնի՝ թիվը բանավոր տրամադրել հնարավոր չէր, քանի որ պետք տվյալների հաշվարկի ու վերլուծության կարիք կա։ Այսինքն՝ Նախարարությունում առկա չէին տվյալներ, թե տվյալ պահի դրությամբ որ խմբաքանակից, որ օրը ժամկետից դուրս եկող քանի պատվաստանյութ է մնացել, քանիսը՝ սպառվել։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԱՆ-ն այս անգամ տրամադրել է նոյեմբերի 24-ի դրությամբ ԱՆ պատվաստանյութերի ազգային պահեստում առկա պատվաստանյութերի դեղաչափերի պիտանելիության ժամկետները։

2023 թ. հուլիսի 16-ի պիտանելիության ժամկետով «Սինոֆարմ» պահեստում այլեւս չկա, իսկ նույն թվականի սեպտեմբերի 10-ի պիտանելիության ժամկետով «Սինոֆարմից» պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ 155862 դեղաչափ է մնացել։

Երկու օրից՝ նոյեմբերի 28-ին ավարտվող պիտանելիության ժամկետով «Մոդեռնայի» դեղաչափ եւս պահեստում չկա, իսկ այս տարվերեջին՝ դեկտեմբերի 27-ին ավարտվող պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից» պահեստում նոյեմբերի 24-ի դրությամբ դեռ 30780 դեղաչափ եղել է։

Եկող տարվա հունվարի 14-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից» պահեստում եղել է 5000 դեղաչափ, հունվարի 22-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից»՝ 17900 դեղաչափ, փետրվարի 14-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից»՝ 236250 դեղաչափ, փետրվարի 27-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից»՝ 150000 դեղաչափ։ 2022-ի մարտի 5-ի պիտանելիության ժամկետով «Մոդեռնայից» եղել է 11900 դեղաչափ։

Առողջապահության նախարարությունից պատվաստանյութերի ժամկետների եւ դեղաչափերի վերաբերյալ մեր հարցման պատասխանում հավելել են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նշված պատվաստանյութերից առկա է նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում, որոնց քանակներն անընդհատ փոփոխվում են:

Այս պահին հարց է առաջանում՝ նոյեմբերի վերջին ավարտվող ժամկետով «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի մի քանի հազար դեղաչափերը կհասցնեն սպառվել, թե ոչ։

Նշենք նաեւ, որ նախօրեին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է եւս 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ:

Թե նոյեմբերի 16-ի դրությամբ ՀՀ-ում պատվաստանյութերի քանի դեղաչափ է առկա եղել, որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստել, կարող եք կարդալ այստեղ։

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Pexels հարթակից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել