ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ
20:17 - 27 նոյեմբերի, 2021

ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։

Այս տարվա նոյեմբերի 16-ին, երբ Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակը լարվել էր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը դիմելու է ՌԴ-ին 1997 թ․-ի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով։

«Քանի որ հարձակում եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թ․-ի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,-ասել էր Արմեն Գրիգորյանը։

Ավելի ուշ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին՝ վերը նշված պայմանագրով օգնություն ստանալու հարցով․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է (խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի), ապա դեռ չեմ կարող հաստատել»։

Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով։

ԱԳՆ-ից հարցի վերաբերյալ հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ։ Նոյեմբերի 16-ին և 21-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև։ Կողմերը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։

Քանի որ այս պատասխանի արդյունքում մեզ համար շարունակում էր անհասկանալի մնալ, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, փորձել ենք նույն հարցի պատասխանը ստանալ նաև հեռախոսազանգի միջոցով, սակայն ԱԳՆ-ից մեր ստացած պատասխանին ոչինչ չեն  ավելացրել։ 

Նշենք, որ 1997 թ․-ի պայմանագրում գրավոր դիմելու ընթացակարգի վերաբերյալ որևէ դրույթ նշված չէ, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ին ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք նաև ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ հայտնել։

Պայմանագրի 2-րդ հոդվածում միայն խորհրդակցություններին վերաբերող դրույթ կա․ «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։

ՌԴ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերյալ հարցին նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։

Դիտարկմանը, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձություններից հետո դիմելու մասին է, Փաշինյանն ասել էր․ «Նոյեմբերի 16-ի իրադրությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք: Եվ մենք շարունակում ենք մեր քննարկումները, և մենք գտնում ենք, որ պետք է Ադրբեջանի պահվածքի էֆֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք, և մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, և Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում»։

Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն նոյեմբերի 16-ին և դրանից հետո չի դիմել ՌԴ-ին` 1997 թ․-ի պայմանագրով օգնություն խնդրելու նպատակով։

Այս դեպքում անհասկանալի է՝  ինչու ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում, թե արդյոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից հետո Հայաստանը դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել