Հրազդանի խնդիրները լուծելու ենք բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով․ համայնքապետի ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյան
14:44 - 03 դեկտեմբերի, 2021

Հրազդանի խնդիրները լուծելու ենք բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով․ համայնքապետի ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյան

Դեկտեմբերի 5-ին Հրազդանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»  14 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Վարդան Գևորգյանը․ նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը նորմալ է ընթանում, բակային հանդիպումներ են ունենում, որի ընթացքում բնակիչները համայնքին վերաբերող տարբեր հարցեր են բարձրացնում։ Խոսելով ընտրություններում իրենց ունեցած ակնկալիքների մասին՝ Գևորգյանն ասաց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի քվեարկությունից։

Համայնքապետի թեկնածուն նշեց, որ Հրազդանի խնդիրները նման են Հայաստանի մյուս համայնքների խնդիրներին․ «Մենք պատկերացնում ենք, որ այդ խնդիրները առաջին հերթին տեղական ուժերով լուծենք։ Առանձնահատուկ, Հրազդանին բնորոշ խնդիրներ չկան, որովհետև համայնքների խնդիրները ամբողջ Հայաստանում նույնն են՝ կապված ջրամաքրման, բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի կառավարման, տարրական կոմունիկացիոն խնդիրների հետ»։

Գևորգյանի խոսքով՝ խնդիրները լուծելու են բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով, իսկ ներդրողներին, նրա խոսքով, ներգրավելու են՝ նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելով։

Հրազդանը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Հրազդանին են միանում Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը։ 

Վարդան Գևորգյանն ասաց, որ պատրաստվում են գյուղերի  խնդիրները լուծել՝ հաշվի առնելով դրանց գյուղական առանձնահատկությունները․ «Հողային ֆոնդերի կառավարումից մինչև տարրական ջրամատակարարման խնդիրներ կան, ինչպես բոլոր գյուղական համայնքներում տարիներ շարունակ չլուծված հարցերը։ Կփորձենք ընդհանուր խոշորացված բյուջեի հաշվին ինչ-որ ձևով կազմակերպել»։

Նա նշեց նաև, որ դեմ են եղել խոշորացմանը․ «Գյուղական համայնքների և քաղաքային համայնքի խնդիրների բնույթը տարբեր է, ավելի հեշտ կլիներ գյուղական համայնքները միավորվեին մեկ միավորի մեջ և խնդիրների միասնական լուծում լիներ, քան քաղաքի խնդիրները խառնվեին, քաղաքը իր բազմաբնակչության հաշվին մեծ է, և քաղաքային կենցաղը գյուղական կենցաղից տարբերվում է։ Տարբերությունը շատ մեծ է ու անդնդային»։

Հարցին, թե ինչպես են պատկերացնում ներկայիս իշխանությունների հետ համագործակցությունը, Գևորգյանն այսպես պատասխանեց․ «Խիստ օրենքի շրջանակում ենք պատկերացնում մեր համագործակցությունը»։

Գևորգյանն ընդգծեց, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ «հայտ են նետել» ներկայիս իշխանությանը, այդ պատճառով, ըստ նրա, հրազդանցիները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին։

Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել