Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխօրերի հաշվարկն ու ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն այլևս չեն կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ
11:17 - 27 հունվարի, 2022

Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխօրերի հաշվարկն ու ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն այլևս չեն կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ։

Այժմ գործող կարգավորումների համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը։ Նախարարությունը նշել է, որ իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կարող է հաշմանդամություն սահմանվել ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է, կամ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայության դեպքում, այլ, օրինակ, ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման, կամ անորոշ կանխատեսումով, որոնց դեպքերում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կարող է չսահմանափակվել, ավելին, վերականգնման հեռանկարի բացակայությամբ ախտաբանական վիճակների դեպքում հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում և անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը։    

Ըստ այդմ, նախարարության մեկնաբանմամբ, հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն և անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում, ինչպես նաև հնարավոր են դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հաշմանադամության սահմանման հարց չառաջանալ։ 

Հիմա, երբ նախագիծն ընդունվել է, նախարարությունը վստահ է՝ կկանոնակարգվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել