Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին |armenpress.am|
20:27 - 15 փետրվարի, 2022

Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Եվրոպացի պատգամավորները թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները:

«Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի հենց հիմա: Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման, աղավաղման և ոչնչացման ցանկացած փորձ»,- թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը:

Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց նախաձեռնությանը անդրադարձել է նաև նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենը՝ թվիթերում գրելով, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն:

«Ադրբեջանը հայտարարել է, թե ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից: Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսին (Եվրախորհրդարանի անդամ), Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը», - հայտարարել է Պետեր վան Դալենը:

Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: 

Արձագանքելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պղծման և ոչնչացման դեպքերին, այդ թվում՝ «հայկական հետքերի» վերացման ադրբեջանական նախաձեռնությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել էր, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել