Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան
19:11 - 19 մարտի, 2022

Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
 
«Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին:
 
Եվ ՄԱԿ չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝
 
1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ՝ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով,
 
2. 40000 տեղահանված, որից 5000 շուշեցի, զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.
 
3. նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100 000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:
 
Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները»,- գրել է Արցախի պետնախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել