Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Եղոյան |armenpress.am|
13:22 - 24 մարտի, 2022

Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է, որ Արցախի կարգավորման հարցով բանակցային գործընթացում Հայաստանի ներկայացրած կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել: Եղոյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք գործող իշխանությունը չի հատի ադրբեջանցիների, թուրքերի հետ բանակցություններում, ինչո՞ւ հստակ չի ձևակերպվում, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Արման Եղոյանը նշեց՝ երբ խոսվում է կարմիր գծերից, պետք է հիշել, որ երբ մի անգամ գծեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու: «Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն սիրում է որոշակի առումով կոնֆիդենցիալություն, դիվանագիտությունն արվեստ է՝ խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահամանափակեք նրա հնարավորությունները՝ գործել ապագայում»,-ասաց պատգամավորը:

Վերադառնալով 1991-1992 թթ՝ նա ասաց, որ եթե այդ ժամանակ այդ կարմիր գծերի հարցում հայկական կողմն ունենար ավելի ճկուն դիրքորոշում, այլ ոչ թե հստակ հայտարարություններ, գուցե, այսօր շատ ավելի բարվոք վիճակում հայտնվեր ՀՀ դիվանագիտությունը: Նա ընդգծեց, որ կարմիր գծերը պետք է պահպանի ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ ընդդիմությունը:

Արման Եղոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ կարմիր գծեր ունի իշխանությունը, հարց բարձրացրեց՝ ի՞նչ կարմիր գծեր են իրենք ժառանգել, ի՞նչ կարմիր գծեր էին դրված 2018 թվականին, փաստաթղթավորված ձևով, ո՞րտեղ է եղել այդ կարմիր գիծը:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կարմիր գծերը՝ Արցախի կարգավորման հարցով,  2018 թվականից հետո չեն փոխվել, բանակցային գործընթացում արտահայտված կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել»,-ասաց Արման Եղոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել