ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմին առնչվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը, մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։
Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նման հիմքով միջնորդության հետաձգումը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապրիլի 26-ին ստացել են պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 309-րդ հոդվածի 3-րդ մաս): Հսկող դատախազի կողմից միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
comment.count (0)