Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը |1lurer.am|
14:00 - 09 մայիսի, 2022

Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել զորահանդես՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի։ 

Շքերթի ժամանակ բարձրացվել են ռուսական եռագույն ու Հաղթանակի դրոշները, հնչել է «Սրբազան պատերազմ» երգը։ Արարողությունը ղեկավարել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ընդունել է շքերթը։

Միջոցառմանը մասնակցել է 11 հազար զինվորական։ 2022 թվականի շքերթի առանձնահատկությունը Դոնբասում հատուկ գործողության մասնակիցների մասնակցությունն է արարողությանը։ Այս անգամ ռազմական շքերթին ցուցադրվել է միայն ցամաքային տեխնիկան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հաղթանակի շքերթի օդային մասը չեղարկվել է եղանակային վատ պայմանների պատճառով։

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի առիթով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները ուղերձներ են հղել իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին։

«Սրտանց շնորհավորում եմ մեր ընդհանուր մեծ տոնի՝ Հաղթանակի օրվա առթիվ։ Ցավոք, այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում։ Մեր սուրբ պարտքն է կանխել Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարական ժառանգների վրեժը»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա նաև քաջառողջություն և երկարակեցություն է մաղթել ուկրաինացի վետերաններին, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղ և արդար ապագա։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր ուղերձում նշել է․ «Փետրվարի 24-ին մենք լսեցինք՝ նորի՛ց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց խավարը վերադարձավ Ուկրաինա: Դա հասկանում են բոլոր երկրներն ու ժողովուրդները, որոնք այսօր աջակցում են Ուկրաինային։ Այսօր՝ Հիշատակի և հաշտության օրը, մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր պաշտպանեցին իրենց հայրենի հողն ու աշխարհը նացիզմից։ Ճշմարտությունը կհաղթի։ Եվ մենք ամեն ինչ կհաղթահարենք»,-ասել է Զելենսկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել