Կառավարությունը նախատեսում է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար
15:26 - 07 հուլիսի, 2022

Կառավարությունը նախատեսում է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար

Կառավարության այսօրվա նիստին անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝գործադիրը հավանություն է տվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմամբ:

Ըստ հիմնավորման, քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադաների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու:

Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ:  

Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում: Նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը: Կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր և հեռանկարային չեն համարվում երիտասարդության և դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության և բացակայության պայմաններում պետության անվտանգության և գիտատեխնիկական զարգացման համար կարևորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար: Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարևորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը և կրթության շարունակականության և զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող և ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը  և այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը ՀՀ-ում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: 

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով  տարկետման ինստիտուտը վերադարձվում է  բուհական համակարգ: «Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն: Այսինքն՝ ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական որոշակի մասնագիտություններ, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: Շատ կարևոր է մի հանգամանք՝ կառավարությունն իր որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Պարոն Դումանյանը նշեց բուհերում երիտասարդ դասախոսների խնդիրը, ես կընդգծեմ հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասի խնդիրը: Եվ մենք այս հարցերը պետք է կարողանանք կառավարել և կարգավորել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն  նաև  մեխանիզմներ այդ ուսանողների պարտավորությունների կատարմանը հետևելու համար:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև  կրթական համակարգում ներկայում իրականացվող  բարեփոխումները և նշել. «Մենք հիմա քննարկում ենք նաև, թե բուհական համակարգում ինչպիսի բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք, և սա կարող ենք համարել այդ ճանապարհի, շղթայի օղակներից մեկը: Այն կարևոր է  նաև բուհական համակարգի գրավչությունը բարձրացնելու առումով: Իհարկե,  սա վերաբերելու է մյուս ուսումնական տարվա ընդունելության քննություններին, այս տարվա վրա հասկանալիորեն չի տարածվում, որովհետև այն  բավականին բարդ մեխանիզմ է, և մենք պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ, լրամշակենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ընդունելությանն քննություններին և նշել.

«Դուք նկատել եք, որ Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Դրա պատճառներից է նաև այն, այս տարկետման ինստիտուտը չկա,  դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում են ոչ թե կրթություն ստանալու նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու համար: Եվ այստեղ այս մի տարվա ընթացքում մեր աշխատանքի կարևոր հատվածներից  է երկու ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ խնդիր լուծել: Դրանցից մեկը ընդունելությունների քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է, որովհետև այդ սուբյեկտիվիզմի դրսևորումները շատ մեծ խնդիր են առաջացնելու: Եվ երկրորդ՝ գիտական թեզերի պաշտպանության թեման, որտեղ նույնպես գիտենք, որ ունենք պրոբլեմներ: Այսինքն՝ այստեղ միայն ընթացակարգեր և կառուցակարգեր ունենալու հարցը չէ: Շատ կարևոր է նաև նախորդող և հաջորդող շրջանի հետ կապված ունենալ կարգավորումներ, որպեսզի  մեր նպատակին կարողանանք հասնել և ոչ թե ընդամենը միջանցք բացենք այլևայլ դրսևորումների համար: Ես կարծում եմ՝ ժամանակը բավարար է, որպեսզի մենք այդ հարցերին անդրադառնանք»:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ստացել որևէ մարզաձևի ՀՀ հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Կառավարությունը հավանություն է տվել ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:  Օրինագծով, մասնավորապես՝ առաջարկվում է «Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:»: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ և գնահատում իրականացնելու իրավասությունների առկայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել