civilnet.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հուլիսի 19-ին հայտնեց, որ հիմք ընդունելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ, նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Օրեր առաջ լեռան գագաթին գտնվող հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որ այդ աշխատանքների հետևանքով «անդառնալիորեն աղճատվել է հնավայրի՝ հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը»։
Հատկանշական է, որ արձանի հիմնարկեքին մասնակցել էր Էկոնոմիկայի նախարարը, իսկ երկու նախարարություններ հաջորդող օրերին հայտարարել էին, որ չեն հաստատել նախագիծը և մտահոգություններ հայտնել լեռան վրա տեղակայված պատմական հուշարձանների և լեռան՝ որպես բնության հուշարձանի խաթարման վերաբերյալ։
Չնայած կառավարությունը դեռ չի հաստատվել արձանի նախագիծը, Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհի և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն արդեն իրականացվում են։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին Ծառուկյանը հայտարարեց 2022-ի հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին առաջարկին դեմ էր արտահայտվել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին խոսքը կառավարությանն է։
«Ի վերջո կա օրենք, կա կարգ, կան կառավարության որոշումներ, և երբ որ այդ նախագիծը սահմանված կարգով կներակայցվի, այդ թվում մասնագիտական քննարկման […] պետությունը սահմանված ընթացակարգերով որոշում կկայացնի»,- հունվարի 24-ի ասել էր Փաշինյանը։
Մայիսի 10-ին հայտարարվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի տարբերակի վերջնական ընտրության մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն կունենա 33 մետր բարձրություն։
Հուլիսի 7-ի կառավարության նիստին Փաշինյանը հայտնեց, որ նախնական դրական գնահատական է տրվել Հատիս լեռան վրա արձան տեղադրելու նախագծին, որովհետև այն Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի։ Փաշինյանը նաև նշեց, որ կառավարության մարմինները դեռ պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
«Հուսով եմ՝ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն։ Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։ Այդ որոշումները կկայացնենք, և նախագիծը առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նախնական դրական եզրակացությունից երկու օր անց՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ արձանի հիմնարկեքը, որին մասնակցում էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նախագիծը անվանեց «շռնդալից» և շնորհակալություն հայտնեց Ծառուկյանին։ «Մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը ինչքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասում էր Քերոբյանը։ Նախարարն ավելի ուշ՝ հուլիսի 18-ին, պնդեց, որ արձանի հիմնարկեքին իր մասնակցությունը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան։
Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍ-ն հայտարարություն արեց՝ պահանջելով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Հատիսի փեշերին ընդհանուր առմամբ առկա է պետական ցուցակում գրանցված պատմության և մշակույթի շուրջ 20 հուշարձան:
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)