Ի՞նչ փուլում է Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային երթուղու կառուցումը․ անդրադարձ |artsakhpress.am|
12:43 - 12 օգոստոսի, 2022

Ի՞նչ փուլում է Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային երթուղու կառուցումը․ անդրադարձ |artsakhpress.am|

artsakhpress.am: Ստեփանակերտ-Գորիս այլընտրանքային ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն տանող խաչմերուկից։

Այս մասին նշված է Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձում՝ Բերձորի միջանցքում կառուցված ճանապարհի և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 21 կմ երկարությամբ և 11 մետր լայնությամբ նորակառույց ճանապարհն անցնում է Մեծ շենով, շարունակվում՝ դեպի Հին շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։
 
Ճանապարհի շինարարությունն ադրբեջանական կողմն էր սկսել դեռևս 2021 թվականին և ավարտին հասցրել մեկ տարվա ընթացքում։
 
ԱՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանի խոսքով՝ լրիվությամբ ավարտված է կահավորումը։ Ներկա պահին որոշ տեղերում իրականացվում է կողային առուների կառուցում։ 
 
Ավարտին է հասցվել նաև Աղավնո գետի 2 ափերը կապող կամրջի շինարարությունը ։ Նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ, այնտեղից կշարունակվի դեպի Տեղ և կմիանա Գորիս տանող մայրուղուն։ Աղավնո գետի մյուս ափում՝ դեպի Կոռնիձոր, սկսվել է 11 կիլոմետրանոց ճանապարհի շինարարության հողային աշխատանքները, որոնք օգոստոսի 4-ից են ընթանում։ Համայնքի ղեկավարը լիահույս է, որ ճանապարհի գործարկումն աշխուժություն կբերի։ Ճանապարհաշինարարները խնդիր են դրել 8 ոլորանով միանալ կամրջին։
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն էլ Առաջին ալիքի լուրերի հետ զրույցում մանրամասնել է, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը շուրջ 11,8 կմ է՝ բաժանված երեք տեղամասի։ «Պայմանագրերում նախատեսում են 240 օրում՝ մյուս տարվա գարնան ավարտել ճանապարհի կառուցումը»,- հավելել է Գոռ Ավետիսյանը։ Ըստ տեղամասերի պատասխանատուների՝ այս փուլում հիմնականում հողային աշխատանքներ են ընթանում։
 
Նախատեսում են մինչև 2023 թվականի գարնան սկիզբ ավարտել բոլոր աշխատանքները՝ այդ թվում բետոնային։ Շինարարությունն իրականացնում է երեք ընկերություն։ Շինարարները վստահեցրել են՝ ամեն ինչ կարվի, որ հնարավորինս շուտ շահագործման հանձնվի ճանապարհը։
 
«Շինարարության ընթացքը լավ է։ Սկսել ենք 6 կիլոմետրից՝ նախ հեռացնելով բուսական շերտը։ Սպասում ենք լաբորատորիայի պատասխանին, որպեսզի սկսենք լիցքը։ Շարժվում ենք ըստ գրաֆիկի։ Խոչընդոտ չկա։ Սահմանված ժամանակահատվածում կավարտենք»,-ասել է «Քարավան» ՍՊԸ-ի աշխղեկ Արմեն Խաչատրյանը։
Մինչև հիմնական այս ճանապարհահատվածի շինարարության ավարտը Արցախ-Հայաստան ճանապարհային կապը կգործի Աղավնոն շրջանցող 4,5 կիլոմետրանոց խճապատ հատվածով, որն այս օրերին վերակառուցում է «Արցախուղի» ընկերությունը։
 
ԱՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետը վստահեցնում է՝ ժամանակավոր ճանապարհը դժվարանցանելի չի լինի․ կապահովվի անխափան երթևեկություն ցանկացած մեքենայի համար։
 
Նոր երթուղով նախօրեին երթևեկել է ԱՀ Անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը և քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել