«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն

2020 թվականի մայիսի 15-ին հանրային ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը, Արա Պապյանը, Կարո Եղնուկյանը, Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, Ազատ Օրդուխանյանը եւ այլք, հանդես եկան հայտարարությամբ՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության կայացման մասին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,
նկատի ունենալով, որ դրանք կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,
փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,
արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,
նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,
համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,
նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:
Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

1) առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,
2) անցյալի իրավաքաղաքական գնահատական,
3) իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.
- քրեական արդարադատություն,
- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,
4) իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,
5) Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:
Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:
Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:
Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին»:

2021-ին ստեղծվեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցությունը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու որոշումից հետո Տիգրան Խզմալյանը և Արկադի Վարդանյանը լքեցին ԱԺԲ-ն։

Կուսակցության նախընտրական ցուցակը  գլխավորում է Վահե Գասպարյանը։

Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցները չեն․ մենք փնտրելու ենք իրական դաշնակիցների․ Արեգ Կյուրեղյան

Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցները չեն․ մենք փնտրելու ենք իրական դաշնակիցների․ Արեգ Կյուրեղյան

Այն կարծիքները, որ Ռուսաստանի Դաշնությունը և առհասարակ  ՀԱՊԿ-ը աղետ են պատրաստում ՀՀ-ի գլխին, և մեր տարածքների հաշվին, մեր կյանքերի ու քաղաքացիների հաշվին իրենց շահերն են պաշտպանելու, կարծում եմ՝ ապացուցվել է։ «Հետք»-ի «Բարդ ընտրություն» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգ Կյուրեղյանը։ «Շատ քչերը հիմա կկասկածեն այդ պնդումների իրավացիության վրա։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ-ը ապացուցված դավաճանել են մեզ, չեն կատարել իրենց պայմանագրային պարտականությունները ՀՀ-ի հանդեպ, և նույնիսկ քաղաքացիների հանդեպ։ Մեր զինվորները մնացել էին խրամատներում մեն միայնակ, դավաճանված այն ուժերի կողմից, ովքեր պետք է իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեին ՀՀ-ի հանդեպ, և կարծում եմ, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիան եղել է ոչ միայն Արցախի նկատմամբ, որը իրենք չեն ճանաչում ՀՀ-ի մաս, այլև իրենց ճանաչած ՀՀ սահմաններից ներս։ Թե՛ այսօրվա իրավիճակը, թե՛ պատերազմի ժամանակ բազում դրվագներ կան, որ ադրբեջանա-թուրքական զորքերը ագրեսիա են ցույց տվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ռմբակոծել են գյուղեր, խոցել են ինքնաթիռ Թուրքիայից, և հատել են Հայաստանի Հանրապետության տարածքը,  գերեվարել զինվորներ»։ Նա նշել է, որ իրենք փնտրելու են իրական դաշնակիցների։ «Համոզված եմ, որ մեր շահերը և բազում (թեկուզ եվրոպական) երկրների շահեր համընկնում են՝ Հունաստան, Ֆրանսիա, Ամերիկա, և եթե փնտրենք, շատ իրական դաշնակիցներ կգտնենք։ Հիմա Ռուսաստանի կողմից մեզ արգելված է որևիցե այլ դաշնակից փնտրել՝ բացի իրենից: Այսինքն՝ ոչ թե մեզ է արգելված, այլ մեր այսօրվա կառավարությանը և իշխանությանը»։ Նա նաև ասել է, որ իշխանության գալու պարագայում վերադարձնելու են տարիներ շարունակ ժողովրդից թալանածը։ «Մեծամասնությանը, ովքեր թալանել են ՀՀ քաղաքացուն, կարծում եմ բոլորս էլ գիտենք։ Հայաստանում դուրս գանք փողոց, հարցնենք քաղաքացիներին, իրենք էլ գիտեն, կնշեն բազում անուններ, լայն, մեծ ցանկ։ Մնացածին, իհարկե, պարզելը դժվար չի, կպարզվի, և այդ թալանը վերադարձնելը խիստ անհրաժեշտ է։ Օրինակ, երբ այս իշխանությունը հեղափոխությունից հետո ժամանակին վերադարձներ այդ թալանը, այս թավշյա, ոչ մի բան չանելու քաղաքականությունը դներ մի կողմ և լծվեր իրական գործի, վերադարձներ այդ թալանը, զենք գներ Հայաստանի համար, պատերազմը այս արդյունքը չէր ստանա»։  
13:02 - 17.հունիսի.2021
Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել․ ԱԺԲ

Նախկիններն ու ներկաները սպառնալիքով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված, իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով:Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով, վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի Վանաձոր և Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով աշխատանքից ազատմամբ:Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝ ի շահ իերնց կուսակցական պարագլուխների համար քվե կորզելու:Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:Սիրելի հայրենակիցներ,մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված որևէ ոտնձգության փորձ:Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա
11:50 - 17.հունիսի.2021
Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին: Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ: «Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել,  նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:   Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու: «Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը: Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով  անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք: Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը: «Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած  եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն են՝ ՄԱԿ-ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը,  միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:Ավելին՝ Armtimes.com-ում։
21:55 - 14.հունիսի.2021
Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում |armenpress.am|

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում |armenpress.am|

armenpress.am: Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Բյուրեղավանում, ապա 12։30-ին՝ Նոր Հաճնում, 14։00-ին՝ Եղվարդում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի այգում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 8-րդ օրը մեկնարկելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ ժամը 11։00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպեն քաղաքացիների հետ, ապա կմեկնեն Վարդենիս՝ ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը կրտվի ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին կլինեն Իջևանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։ Նույն ժամին կլինեն նաև Բերդ համայնքում։ ԱԺԲ կուսակցությունը Երևանում նույնպես հանդիպումներ կունենա համակիրների հետ՝ սկսած 19։00-ից կլինեն Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին կլինեն Աշտարակում, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Արարատի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները բնակիչների հետ հանդիպումները կսկսեն ժամը 10։00-ից՝ Անթապից, ապա 10։30-ին կլինեն Մասիսում, 11։30-ին՝ Արևշատում, 12։10-ին՝ Վերին Արտաշատում, 13։00-ին՝ Փոքր Վեդիում, 15։00-ին՝ Վեդիում, 15։30-ին՝ Արարատում, 16։20-ին՝ Ավշարում, 16։50-ին՝ Ոսկետափում և 18։30-ին՝ Արտաշատում։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արմավիրի մարզում և Երևանում։ Ժամը 12։40-ից սկսած հանդիպումներ կլինեն Էջմիածնում, 15։30-ին՝ Մեծամորում, 17։00-ին Քարակերտում և 18։00-ին՝ Արմավիրում։ Ժամը 19։30-ին դաշինքի անդամները կլինեն Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը։ Կուսակցության անդամները ժամը 13։00-ին հանդիպումներ կունենան Քաղսի գյուղում, ապա 18։00-ին՝ Նորատուս գյուղում։ «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես կգա ասուլիսով, որը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Կքննարկվեն ներքաղաքական զարգացումները, նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր։
09:18 - 14.հունիսի.2021
Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

«Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արման Աբովյանին․ «Եթե հանկարծ Ռուսաստանում սկսվի տնտեսական, քաղաքական քաոս, և Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից, դուք ի՞նչ եք առաջարկելու այդ դեպքում Հայաստանին, հայ ժողովրդին»։ Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է Ներսես Զեյնավանդյանի հարցի կոնտեքստը․ «Շտապեմ Ձեզ ուրախացնել, որովհետև Ռուսաստանը չի հեռանա տարածաշրջանից, տարածաշրջանից հենց Ռուսաստանը հեռացավ, տեղը զբաղեցնելու է Թուրքիան։ Ասում եք՝ եթե։ Իսկ եթե միջուկային պատերազմ սկսվի, ու բոլոր պետությունները վառվեն, եթե, օրինակ, եվրոն արժեզրկվի, և Եվրոպան գտնվի շատ վատ, ծանր սոցիալական վիճակում»․․․ Զեյնալվանդյանը հակադարձեց Աբովյանին․ «Ռուսաստանը 100 տարի առաջ հեռացավ՝ հեղափոխությունից հետո, մենք մեն-մենակ կարողացանք  թուրքերին հետ շպրտել մինչև նրա վերադարձը, հետո նա նորից օկուպացրեց մեր երկիրը։ Ընդամենը 30 տարի առաջ Ռուսաստանը հեռացավ և այստեղից իր բոլոր զորքերը տարավ, և մենք ունեցանք հաղթանակներ և ազատագրեցինք Արցախը, մինչև 2020 թ․ Ռուսաստանը, օգտվելով միջազգային իրավիճակից՝ պանդեմիա և ԱՄՆ-ում ընտրություններ, Թուրքիայի հետ նախագծեց պատերազմ և նորից իր զորքը տեղակայեց, օկուպացրեց ամբողջ Արցախը, և հիմա էլ շարունակվում է լավրովյան ծրագիրը, այն է՝ մեզ կտրել Իրանի սահմանից»։ Ըստ Ներսես Զեյնալվանդյանի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը լքելու է տարածաշրջանը։ «5165» ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ իր համար վիրավորական է, երբ Հայաստանը միշտ փորձում է ոչ թե որպես գործընկեր կամ դաշնակից հանդես գալ, այլ փրկիչ է փնտրում․ «Փոխանակ խոսենք՝ ինչ կարող ենք անել, որ արժեքավոր գործընկեր դառնանք, հզորանանք տնտեսապես և ռազմականապես, անընդհատ  ինչ-որ փրկիչների փնտրտուքի մեջ ենք»” «Ազգային-ժողովրդավարական բևեռից» Վահագն Ավագյանն ասաց՝ Լավրովն ինքը հայտարարում է, որ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում կայունացնող գործոն է․ «Ռուս քաղաքագետները հայտարարաում են, որ իրենց ձեռնտու է, որ Արցախում լինի թուրքական դրոշ, ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան, ռուսներն իրենք 250 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել, որ Արաքսից այս կողմ թուրքական զորք լինի, և այդ զորքը գտնվում է Արցախում՝ մեր հարազատ Ակնայում, և հետևում է, թե արցախահայությունն ուր է գնում, ինչ է անում, ռուսները հեռանում են այս տարածաշրջանից  և ամեն ինչ անում են, որ իրենց փոխարեն տարածաշրջան մտնի Թուրքիան»։ Արման Աբովյանն ասաց, որ քաղաքականությունը պետք է կառուցվի միա՛յն հայակենտրոնության և հայամետության վրա․ «Բայց դրա հետ մեկտեղ ստիպված եմ հիշեցնել մի թուրք քաղաքական գործչի խոսքերը․ «Որ վայրկյանին Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, Թուրքիայի արևը կբացվի»։ Թուրքիայի արևն ե՞ք բացում»։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքից» Հայկ Սուքիասյանը նշեց, որ քաղաքական պատմության չիմացության հետևանքով ով, ինչ ասես, կարող է խոսել․ «Ռուսաստանը երկու անգամ այստեղից հեռացել է, մեկը՝ 1918 թ․, մենք ստեղծել ենք Առաջին հանրապետություն, մյուսը Խորհրդային միության լուծարումն է ( ԽՍՀՄ-ի անցյալով տառապողներն ասում են փլուզում), մենք հիմնադրել ենք Երրորդ հանրապետություն։ Եթե մի բան կրկնվելու հատկություն ունի, ուրեմն օրինաչափություն է։ Ասում են, որ Ռուսաստանը չի գնա։ Ցարական Ռուսաստանը 12 անգամ Հայաստանի արևմտյան հատվածը գրավել է, 12 անգամ ժողովրդին հետը ծախել է Թուրքիային։ Վերջին անգամ մտել են Լոռիս-Մելիքովի զորքերի հետ, երբ հայությունը պառկել էր Լոռիս-Մելիքովի ձիերի սմբակների տակ և աղերսում էր փրկություն, բայց Լոռիս-Մելիքովի զորքը հասավ Կարս, հետո վերադարձավ»։ «Ինքնիշխան Հայաստան»-ից Հովսեփ Ղազարյանի կարծիքով՝ համոզմունքը, որ Ռուսաստանը չի հեռանալու, սխալ է․ «Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական միտք, որը պետք է վերլուծի տարբեր սցենարներ։ Հինգ տարուց արդեն մենք խնդիր ունենք Արցախում խաղաղապահների հետ կապված․ ի՞նչ ենք անելու, երբ Ադրբեջանը հրաժարվի երկարացնել մանդատը»։ Ազատական կուսակցությունից Արամ Ղլեչյանն էլ նշեց՝ մենք չպետք է դատողություններ անենք՝ Ռուսաստանը կհեռանա՞, թե՞ ոչ․  «Մենք պետք է առաջնահերթ մտածենք մեր ազգային և պետական շահերի մասին։ Մնացել է չորսուկես տարի, չորսուկես տարվա ընթացքում մենք պետք է ստեղծենք այն բանակը, որն այլևս կախված չի լինելու ո՛չ Ռուսաստանից, ո՛չ որևէ այլ երկրից։ Միայն այդ դեպքում մեր պետականությունն ապահովված կլինի»։
14:41 - 12.հունիսի.2021
Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ․ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները բանավիճեցին արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Երեկ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախընտրական երկրորդ մեծ բանավեճի ընթացքում «Ազատական» կուսակցության ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե ՀՀ ԶՈՒ ինչպիսի հայեցակարգ է ներկայացնելու ԲՀԿ-ն։ «Շատ հստակ և պարզ ներկայացված է մեր ծրագրի մեջ, որ ՀՀ բանակի արդիականացումը և նոր զինատեսակների համալրումը առաջնահերթություններից մեկն է, որը բխում է և որը կարելի է իրագործել և անհրաժեշտ է իրագործել այն պայմանագրերի ներքո, որոնք մենք ունենք թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ ՌԴ-ի հետ։ Ասեմ ձեզ ավելին․ սա գրեթե միակ իրատեսական տարբերակն է, քանզի թույլ է տալիս ՀՀ-ին ստանալ զենքը, զինամթերքը ոչ միայն գումարի դիմաց, այլ որոշ պայմանագրերի և որոշ աջակցությունների շրջանակներում, որը եղել է մինչ այսօր։ Շատ կարևոր է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը ունի ահավոր մեծ պոտենցիալ, և մենք դիտարկում ենք նաև տեղական թե՛ զենքի, թե՛ զինամթերքի արտադրության անպայման և անվերապահորեն զարգացումը և ընդլայնումը»,-պատասխանեց Արման Աբովյանը։ Արձագանքելով Աբովյանին՝ Արամ Ղլեչյանը նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը 2020 թ․-ին ապացուցեց իր կայացած չլինելը։ «Այդ պայմաններում վստահություն եմ հայտնում, որ գործող ձևաչափով ՀՀ զինված ուժերը և ռազմաքաղաքական դաշնակցությունը չի արդարացնում և չի բխում մեր ազգային շահերից»։ Քննարկմանը միացավ նաև Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Ներսես Զեյնալվանդյանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Սյունիքի դեպքերը հստակ ապացուցեցին, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը ի զորու չէ ոչինչ անել։ «Այդ կառույցի հետ կրկին հույսեր կապել և փորձել նոր ռազմաքաղաքական գեղեցիկ բառերով դաշինք կնքել, ապա մեր բանակը կմնա նույն կարգավիճակում։ Անհրաժեշտ է արագ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, և հարթել այն ճանապարհը, որը մեզ ի վերջո կտանի  դեպի ՆԱՏՕ, դեպի անվտանգություն և խաղաղություն»։ Ներսես Զեյնալվանդյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։ «Կներեք հազար անգամ, ինձ մոտ տպավորություն է, կարծես պանթուրանական կամ պանօսամանական պրոյեկտի ինչ-որ բացատրություն է գնում։ Ժողովուրդ, ի՞նչ եք խոսում։ Կներեք, խոսում եք ԱՄՆ-ի մասին, Բլինքենը (ԱՄՆ պետքարտուղարը, խմբ․) երկու օր առաջ հանում է զենքի և զինամթերքի վաճառքի արգելքը դեպի Ադրբեջան, ՄԻԵԴ-ը՝ Եվրոպան, մերժեց հայ գերիների վերադարձի հարցը։ Բա դա ինչու՞ չեք խոսում, դե խոսեք։ Ինչքան պանթուրանական, պանօսամանական բան կա, ասեցիք»։ Այնուհետև «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ավագյանը հարց ուղղեց Արման Աբովյանին։ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ Շոյգուն, հայտարարում է, որ Արցախում Թուրքիայի հետ հրաշալի օպերացիա իրականացրեցինք, որ Ստեփանակերտում այսօր մզկիթ են սարքում։ Խնդրում եմ՝ մեկնաբանեք, եթե կարծում եք, որ պանթուրանական ինչ-որ բաներ են տեղի ունենում»։ Արձագանքելով ԱԺԲ ներկայացուցչին՝ Արման Աբովյանն ասաց, որ ստիպված է լինելու թրեյնինգ կարդալ։ «Շոյգուն ոչ թե ասել է՝ հիանալի օպերացիա ենք անցկացնում, այլ ասել է, որ մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում համատեղ դիտարկման օպերացիա է իրականացվում։ Երբ խոսքը գնում է մզկիթի մասին, մի խեղաթյուրեք, կառուցվում է սուննական մզկիթ այն ռուս խաղաղապահների համար, ովքեր դավանում են իսլամ»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Նարինե Դիլբարյանն էլ բանավեճի մասնակիցներին առաջարկեց խոսել ոչ թե համաթուրքականության, այլ համահայկականության մասին։ «Իհարկե, շատ դյուրին է բոլոր մեղքերը բարդել Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ Ռուսաստանի վրա, բայց ես կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններում շատ ավելի կարևոր է՝ մենք հասկանանք, թե ինչպիսի բանակ ենք ստեղծում, ինչպիսի պայմանագրային հարաբերություններ ենք հաստատել»։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանն էլ առաջարկեց իրավիճակի մասին խոսել փաստերով։ «Նախ սկսենք ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը, ովքեր համարվում են մեր ռազմավարական դաշնակից, շնորհավորում են Ադրբեջանին իր հաղթանակի կապակցությամբ։ Բացի դա՝ արցախյան պատերազմի ժամանակ ներկայացնում էին, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի միայն Հայաստանի սահմանային խնդիրներին, բայց վերջին շրջանում Սյունիքի, Վերին Շորժայի, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը անգործունակ կառույց է»։ «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանը տարօրինակ որակեց ծավալվող քննարկումը։ «Մենք հայ մարդիկ ենք, հավաքվել ենք, ինչ-որ մեկը խոսում է ՀԱՊԿ-ի մասին, մեկը խոսում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին։ Եկեք մենք առաջինը հասկանանք՝ մենք ինչպես պետք է ուժեղանանք, և ինչպես եղած ռազմաքաղաքական դաշինքները պետք է օգտագործենք իրավիճակը բարելավելու նպատակով»։ «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանն էլ հիշեցրեց, որ թուղթ են ստորագրել՝ ավելի քաղաքակիրթ բանավեճի համար, ապա շարունակեց․ «Այնպիսի տպավորություն է, որ մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությանը վնասել այստեղ, որովհետև նույն Արցախի հետ կապված այդ երկրները, որոնց մասին նշում են՝ հայտարարություն արեցին և այլն, իրենք ունեն ընդհանուր կոնսեսուս, թե ինչպես պետք է հարցով զբաղվեն, և ընդհանուր պատերազմի ընթացքում էլ Միացյալ Նահանգները նույնիսկ հայտարարեց, որ Մինսկի խումբը հանդիսանում է լավ օրինակ ռուս-ամերիկյան համագործակցության համար։ Ինձ թվում է՝ այստեղ մենք պետք է ելնենք հայկական շահից, մեր ազգային շահից, հասկականք՝ մեզ ով ինչ է առաջարկում, և ինչպես մենք կկարողանանք մեր խնդիրները լուծել։ Որքան էլ խոսենք Միացյալ Նահանգների հայտարարարությունների մասին, գետնի վրա կան ռուսական զորքեր, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել»։ ԱԺԲ ներկայացուցիչ Վահագն Ավագյանն էլ, շարունակելով ռուս խաղաղապահների համար մզկիթ կառուցելու թեման, նշեց․ «Եթե Ռուսաստանին անհրաժեշտ է իր զինվորականության համար մզկիթ կառուցել, և եթե իրենք Լավրովի բերանով հայտարարում են, որ ցանկանում են միանալ թուրքալեզու ժողովուրդների խորհրդին, և եթե Լավրովը պաշտոնապես հայտարարում է,  որ քաղաքագետները խոսում են, իբրև թե կա ինչ-որ պանթուրանական ծրագիր, ընդամենը պարապ ժամերի խոսակցություն է, և իրենք անգամ հայտարարում են, որ այդպիսի բան չկա, մենք եկեք չանհանգստանանք այդ մասին»։ «Վերելք» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց հարգել ազգային ինքնությունը։ «Հարգենք այս ֆորմատը, հարգենք մեր ով լինելը և ազգային ինքնությունը։ Սա երևի ազգային ինքնության և մտածելակերպին վիրավորանք է, երբ երկու հայ կարող են ջանասիրաբար ներկայացնել եվրոպական արժեքներ կամ ռուսական արժեքներ կամ թուրքական արժեքներ, չգիտեմ՝ ում տակ թաքնված, բայց չներկայացնել ոչ մի հայկական շահ, ոչ մի պետականության շահ»։  
13:31 - 12.հունիսի.2021
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյան

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյան

Միայն մենք ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ճանաչում ենք ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի փաստաթուղթ, իսկ մնացած մասով դա ռուս-թուրքական հարյուրամյա դաշինքով մեզ պարտադրված հերթական ցեղասպան ու հայրենազրկող ապօրինի փաստաթուղթն է։ Այս մասին երեկ Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։ «Հայտարարում ենք, որ մեր իրական դաշնակիցների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու այդ փաստաթուղթը և վերադարձնելու ենք գերիներին, որը մեզ համար առաջնային հարց է»,- ընդգծեց նա։ Գասպարյանի խոսքով՝ շատ կարևոր է գիտակցել, որ ՌԴ-ն թուլացել է և հեռանում է տարածաշրջանից։ ՌԴ-ն հրաժարվել է մեզնից, դավաճանել է մեզ, և հեռանալով իր տեղը զիջումէ Թուրքիային, և մեզ հանձնում է նրան։ ՌԴ-ն արդեն անում է, քանի որ մտածում է՝ մի օր կուժեղանա և կվերադառնա, իսկ եթե արևմուտքը գա տարածաշրջան, ապա ինքը կկորցնի այդ հնարավորությունը․ «ՌԴ-ին չիհետաքրքրում, որ այդ ընթացքում հայն ու Հայաստանը կվերանան թուրքական ծովում։ Այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ անենք, որ հեռացող Ռուսասատնին փոխարինեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այլ ոչ թե Թուրքիան»։ Վահե Գասպարյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ դաշինքը մեզ համար այլընտրանք չունի։ «ՌԴ-ն և պատերազմը, ՌԴ հայաստանյան գործակալները, որոնք արդեն 30 տարի կառավարում են երկիրը, այնքան են թուլացրել ու քայքայել Հայաստանը, այնպիսի մարտահրավերներ են ստեղծել մեզ համար, որ արդեն չենք կարող առանց հզոր դաշնակցի օգնության ոտքի կանգնել ու ազգային պետություն ստեղծել։ Եվ բարեբախտաբար, աշխարհի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև մեր բարեկամ Ֆրանսիան պատրաստ են մեզ ձեռք մեկնելու և աջակցելու։ Ուստի եթե մենք ուզում ենք հայրենիք ունենալ և ապրել մեր հայրենիքում, պետք է սեղմենք նրանց մեկնած ձեռքը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ նրանք տարածաշրջանում մեծ փոփոխություններ են նախատեսում, ուզում են կյանքի կոչել հարավ-հյուսիս հսկա նախագիծը և մեզ տեսնում են որպես այդ նախագծի բաղկացուցիչ մաս, և եթե մենք հապաղենք և օդում թողնենք նրանց մեկնած ձեռքը, ապա Ադրբեջանը չի հապաղելու և մեր փոխարեն ինքն է դառնալու այդ նախագծի մաս, իսկ մենք արդեն հետաքրքիր չենք լինելու ոչ մեկի համար և ոտքի տակ ենք գնալու։ Գասպարյանի խոսքով՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակցությունը միայն ռազմական անվտանգություն չէ․ «Նրանց աջակցությամբ դառնալով հարավ-հյուսիս հսկա նախագծւ հանգույց՝ ստանալու ենք բազմամիլիարդանոց ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կստեղծվեն հարյուր-հազարավոր աշխատատեղեր, իսկ երկիրը թռիչքային կերպով կզարգանա, և մենք կլուծենք բոլոր սոցիալական հարցերը և կլինենք բարեկեցիկ»։ ԱԺԲ խորհրդի անդամը ասաց նաև, որ դաշնակիցների աջակցությամբ ստեղծելու են ազգ-բանակ և ապահովելու ենք լիակատար անվտանգություն ու խաղաղություն․ «Այդ ճանապարհին առաջին հերթին Սյունիքը և ամբողջ սահմանային գոտին վերածելու են անառիկ ամրոցի»։
11:17 - 12.հունիսի.2021
ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ Գլխավոր դատախազին։ «Հարգելի՛ պարոն Մուկուչյան 2021 թ. հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավի երկրորդ օրը, հունիսի 8-ին, ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված որոշ քաղաքական ուժեր աչքի են ընկել բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով, միմյանց սպառնալի վերջնագրեր ներկայացրել, քարոզել ոչ թե քաղաքական միտք, այլ՝ ատելության խոսք։ Այսօր՝ հունիսի 9-ին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հրապարակել է նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ։   Այս ամենը կատարում են քաղաքական ուժերի առաջնորդները, այն է՝ վարչապետի հավանական թեկնածուները։   Ընտրական գործընթացի շահառուն ու իրավատերը ՀՀ քաղաքացին է։ Վերոնշյալ քաղաքական անթույլատրելի վարքագիծը հասցեագրված է ՀՀ քաղաքացուն։ Հրապարակայնորեն միմյանց հայհոյող ու սպառնացող քաղաքական «գործիչները» չեն թաքցնում իրենց առհամարանքն ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու ու պետության նկատմամբ։   ՀՀ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»։   Օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը դա միայն քվեաթերթիկ տպելը կամ հանձնաժողովների կազմեր ձևավորելը չէ։ Դա միայն եթերաժամերը վիճակահանությամբ որոշելը կամ թեկնածուների ներկայացրած թղթերի ստուգելը չէ։   ԿԸՀ-ի իրական առաքելությունը շատ ավելի մեծ է, քան ընթացակարգային գործառույթներ իրականացնելը։   ԿԸՀ-ն պարտավոր է ՀՀ քաղաքացու համար ապահովել ոչ թե ձևական (ֆորմալ), այլ՝ բովանդակային ընտրություն բացառապես օրինականության չափանիշներով գործընթացին մասնակցող քաղաքական միավորների ու թեկնածուների մասնակցությամբ։   Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։  
10:00 - 10.հունիսի.2021
ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:  Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած: Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ինքնաբացարկի դիմում է ստացվել էր նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանից: Դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ նման դեպքում դիմումատուն պետք է ներկա գտնվի նիստին: Քանի որ նա ներկա չէր, ԿԸՀ-ն որոշմամբ նրա դիմումը մերժվեց:
13:07 - 08.հունիսի.2021
Փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել. ԱԺԲՀԿ նախընտրական քարոզարշավը |armtimes.com|

Փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել. ԱԺԲՀԿ նախընտրական քարոզարշավը |armtimes.com|

armtimes.com: Երևանի «Ուրարտու» ռեստորանային համալիրում մեկնարկել է ազգային-ժողովրդավարական բևեռի նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը սկսվել է մամուլի ասուլիսով՝ շարունակվել դրամահավաքով: Մամուլի ասուլիսի ժամանակ ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացնելով հայաստանյան ճգնաժամի հաղթահարման իրենց ճանապարհային քարտեզը՝ նշեց, որ ի տարբերություն մնացյալ ուժերի, նրանք հայաստանյան այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու ճանապարհը տեսնում են այլ կերպ: «Մենք 3 տասնամյակ ականատեսն ենք կիսագաղութային, ապապետական քաղաքականության և հայաստանյան փլուզման: Բոլորի համար ակնհայտ է, որ մեր պետականությունը և մեր ինքնությունը ճգնաժամի մեջ է: Բայց մենք հավատում ենք, որ կարող ենք առաջնորդել մեր ժողովրդին: Դա նախևառաջ նշանակում է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Սա կարևոր նախապայման է հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ»,- ասաց նա: Վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության մասնակցելու պատճառները՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական  բեւեռը արդեն մի քանի ամիս է, ինչ հայտարարել է քաղաքական Սարդարապատ: Նրա խոսքով՝ 33 տարի շարունակ փոխվում են ղեկավարներ, անհատներ, բայց նույնն է մնացել համակարգը, ու այսօր կանգնած ենք խոր ճգնաժամի առջեւ:  Նա նշեց, որ այս ընտրությունները առաջին հերթին միտված են համակարգը վերականգնելուն: Վահե Գասպարյանը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է իրագործվեն. առաջինը՝  նախեւառաջ իրավաքաղաքական գնահատականն է նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունը, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը: Նրա խոսքով՝ դառնալով խորհրդարանական ուժ՝ իրենք կճեղքեն այն տեղեկատվական պաշարումը, որին Հայաստանը ենթարկված է տարիներ շարունակ, եւ որը հետեւանք է Կրեմլից իջեցված քաղաքական պատվերին: «Մենք հայտարարում ենք, որ ՀՀ–ը պարտավոր է հռչակել Առաջին հանրապետության իրավահաջորդությունը: Առաջին հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում ենք մենք նաև տեսնում Արցախի հարցի լուծումը: Մենք ասում ենք, որ եկել է ժամանակը, որ ՀՀ-ը պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին՝ ստանալու ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը»,- եզրափակեց նա:   Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացրեց, որ նրանք որևէ կոալիցիա չեն կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: Լրագրողի այն հարցին, թե վստա՞հ են, որ իշխանությունները չեն կեղծելու այս ընտրությունները, եւ մանավանդ, որ  ահազանգեր կան, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած շտաբը ընտրակաշառք է խոստանում ու բաժանում, այս պարագայում ինչպե՞ս են պատկերացնում մուտքը խորհրդարան, Վահե Գասպարյանը պատասխանեց, որ կեղծիքներ անշուշտ լինելու են, սակայն ինքը վստահ է, որ իրենք շռնդալից են մտնելու խորհրդարան:Շարունակությունը՝ Armtimes.com-ում։
21:35 - 07.հունիսի.2021
Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 7-ից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից՝ ժամը 11:00-ից: Առաջին կանգառը Փարաքարն է՝ Մշակույթի տան դիմաց, ապա 11:40-ին՝ Էջմիածնում՝ կրկին Մշակույթի տան դիմաց: 13:20-ին կուսակցությունը լինելու է Գայ գյուղում՝ գյուղապետարանի դիմացի այգի, 14:00-ին՝ Գեղակերտում՝ Մշակույթի տան դիմաց, 14:40-ին՝ Մեծամոր քաղաքում՝ Մշակույթի տանը, 15:50-ին Մրգաշատում՝ Մշակույթի տան դիմաց, Փշատավանում՝ Մշակույթի տան դիմաց, 17:40-ին՝ գյուղ Արմավիրում՝ Մշակույթի տան դիմաց, 18:35-ին՝ Քարակերտում՝ Մշակույթի տան դիմաց: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է ժամը 11-ից և Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մշակույթի տան դահլիճում, այնուհետև 12:30-ին Մեղրի քաղաքի մշակույթի պալատում հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: 14:30-ին՝ Քաջարանում՝ Ֆ. Պետրոսյանի անվան հրապարակում և 18:30-ին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում հանրահավաքներ են լինելու: «Պատիվ ունեմ» դաշինքը ժամը 12:00-ին քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից, ապա վերադառնալու են Երևան, որտեղ կլինի ծրագրի հաստատման, քարոզարշավի մեկնարկի արարողություն: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախընտրական քարոզարշավը սկսելու է Արմավիրի մարզից: Նրանք ժամը 14:00-ին քայլերթ են իրականացնելու Էջմիածնի ակումբի մոտից մինչև հրապարակ, այնուհետև 16:30-ին նախատեսվում է հավաք Արմավիր քաղաքի նորաբաց այգում: Ժամը 17:30-ին դաշինքի թիմը լինելու է Խանջյան գյուղում, իսկ 20:30-ին քարոզչական օրն Արմավիրի մարզում եզրափակելու են հավաքով՝ «Մեյմանդարի» շուկայում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ժամը 11:00-ից սկսել են իրենց քարոզարշավը Կասկադ համալիրի ՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ժամը 17:30-ին՝ Աբովյան քաղաքից: Ժամը 19:00-ին նրանք կլինեն Նոր Հաճնում: «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը քարոզարշավը սկսել է 11։00-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, այնուհետև 13:30-ին լինելու են Սարուխան գյուղում, 13։30-ին՝ Գանձակում, 15։00-ին՝ Գավառում: Ժամը 18։30-ին քարոզարշավի առաջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կամփոփի Նորատուս համայնքում։ Ազգային-ժողովրդավարական բևեռը քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում (Պռոշյան փողոց, Ձորափի 1)՝ մամուլի ասուլիսը՝ ժամը 18։00-ին։ Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանից: 17:00-ից Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ հանդիպում   քաղաքացիների հետ. 19:30 Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի դահլիճ.  20:00-ից քայլերթ Էրեբունի Մասիվում
12:40 - 07.հունիսի.2021
Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31.մայիսի.2021