Արմեն Սարգսյան

ՀՀ գործող նախագահն է։

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։ 

Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ. հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների դեմ. այստեղ նոր իրավիճակ էր, երբ ՄԽ համանախագահները ոչինչ չէին կարող անել. Արմեն Սարգսյան

Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ. հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների դեմ. այստեղ նոր իրավիճակ էր, երբ ՄԽ համանախագահները ոչինչ չէին կարող անել. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։ «Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ,- ասել է Հայաստանի նախագահը։ -Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։ Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվեց Ադրբեջանին։ Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, այնուհետև 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահող երկրները աջակցում էին խնդրի խաղաղ լուծման գործընթացին։ «2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը, -ասել է Հայաստանի նախագահը։ -Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է»։ Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։ «Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա, -նշել է Արմեն Սարգսյանը։ -Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ: Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին»։ «Այդ դեպքում կարող ես ունենալ 15 մլն բնակչություն, ժամանակակից պետություն՝ տեղակայված ողջ աշխարհով մեկ, որը կարող է օգնել քեզ տեխնոլոգիաներով, գաղափարներով, -նշել է նախագահը։ -Վաղը հաջողություն ունենալու համար պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և շատ ավելի խորը ձևով: Մենք պետք է հիմնովին փոխենք մեր դիտակետը, ըմբռնումը: Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է մի կողմ դնենք մեր դասական մտածելակերպը և գտնենք նոր մոդել, նոր փիլիսոփայություն: Մենք ունենք գերփոխկապակցված աշխարհ: Եվ մեր փոխկապվածությունը լույսի արագություն ունի: Նոր, քվանտային աշխարհում մենք բոլորս մասնիկներ ենք: Սա մեզ համար անկանխատեսելի է: Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը: Կան մի քանի կարևոր կատեգորիաներ, որոնցում մենք ապրում ենք: Դրանցից մեկը կանվանեմ ասիմետրիա: Աշխարհում այսօր պատերազմում են ոչ միայն անօդաչուներով, այլև կիբեր հարձակումների միջոցով: Այդ կիբերպատերազմներն ասիմետրիկ են։ Չկա աշխարհաքաղաքական սիմետրիա պետությունների միջև պատերազմում։ Անհատների պատճառով աշխարհը ասիմետրիկ է դարձել՝ չափսերով, ազդեցության տեսանակյունից: Դասական աշխարհում ժողովրդավարությունը մեզ ամեն 5 տարին մեկ տանում է քվեարկելու, ստեղծվում է կառավարություն: Սակայն շատ երկրներում, այդ թվում և իմ երկրում, ժողովրդավարությունը չունի զսպման մեխանիզմներ: Ավելին, հիմա կարող ես քո տեսակետը հայտնել ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ, այսինքն, ապրում ենք ամենօրյա ժողովրդավարության ռեժիմում: Այսօր աշխարհում անհատները կարող են իրենց գաղափարները հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ ասում են նախագահը, վարչապետը, պատգամավորները»: Նախագահ Սարգսյանը համավարակը նույնպես համարել է փոփոխվող աշխարհի հետևանքը․ «Աշխարհը չի փոխվել կորոնավիրուսի պատճառով, աշխարհը փոփոխությունների գործընթացում էր, այդ պատճառով կորոնավիրուսը տեղի ունեցավ այնպես, ինչպես եղավ: Նույն վիրուսը տարիներ առաջ այլ կերպ էր դրսևորվում, սակայն հիմա մենք խիստ փոխկապակցված ենք։ Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այլ հետևանքը, դրա արագացուցիչը»: Հայաստանի նախագահի խոսքով՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերաբացահայտենք ինստիտուտները, արժեքները և ժողովրդավարական մոդելները. Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»:
20:14 - 18 սեպտեմբերի,2021
Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովի երկու օրերի քննարկումների գլխավոր թեմաներն են առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա: Թեմատիկ քննարկումերի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում են իրենց փորձառությունը, մտքերն ու գաղափարները ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այդ համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով: Հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 23-24-ը, Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է հայաստանյան այդ բացառիկ միջոցառմանը, որն այսօր հայկական ինքնատիպ բրենդ է դարձել: Գագաթնաժողովը յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման համար:
11:12 - 18 սեպտեմբերի,2021
«Մտքերի գագաթնաժողով»-ում Արմեն Սարգսյանը խոսել է 44-օրյա պատերազմի և հայկական բանակի զինվորների խիզախության մասին

«Մտքերի գագաթնաժողով»-ում Արմեն Սարգսյանը խոսել է 44-օրյա պատերազմի և հայկական բանակի զինվորների խիզախության մասին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 17-ին մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Շամոնիի գագաթնաժողովը յուրօրինակ հարթակ է նոր գաղափարների, նոր նախագծերի փոխանակման համար: Տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այս համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով: Նախագահ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին և հայկական բանակի զինվորների խիզախությանը: «Ես մի ժողովրդի նախագահ եմ, որի զավակները նախորդ տարի պատերազմի մեջ էին Ադրբեջանի հետ: 44 օր տևած պատերազմը միայն Ադրբեջանի դեմ չէր, քանի որ այդ երկիրը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ էր պատերազմում՝ նրա անօդաչու սարքերով, տեխնիկայով և այլն։ Երբ ես որպես նախագահ՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարգևատրում էի նրանց, ովքեր զոհվել էին, միայն այդ հրամանագրերն ստորագրելն իսկ արդեն ծանր էր, քանի որ յուրաքանչյուրի ետևում հերթական խզված երիտասարդ կյանքն էր ու այն ամենի նկարագրությունը, ինչ տեղի էր ունեցել այդ երիտասարդների հետ: Նրանք մոտ 20 տարեկան էին և հերոսաբար պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով իրենց «Գողիաթի» դեմ»,- իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:  Շարունակելով համարձակության ու խիզախության թեման՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ճշմարտությունն ընդունելն ու ասելը ևս խիզախություն է պահանջում. «Ամբողջ աշխարհում շատ խնդիրներ ունենք, որովհետև քաղաքական գործիչները, կազմակերպությունները, անհատները, գործարարները, մշակութային գործիչներն ազնիվ չեն: Մեր կյանքում՝ և՛ անձնական, և՛ քաղաքական, տեսնում ենք, որ շատերը ձևացնում են՝ ազնիվ լինելու և չստելու փոխարեն: Վախը հաղթահարելու և քաջ լինելու համար պետք է չստել, առաջին հերթին՝ չխաբել ինքդ քեզ: Փոխարենը՝ պետք է առերեսվել իրողության հետ և գործել»: Նախագահ Սարգսյանը քննարկման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:
17:38 - 17 սեպտեմբերի,2021
ՀՀ նախագահը Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային հայտնի ընկերություներին

ՀՀ նախագահը Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային հայտնի ընկերություներին

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Շամոնիում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, որւմ ասված է. «Հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսական ներուժը, զարգացման լուրջ կարողություններ ունեցող ոլորտներն ու փոխգործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին: Խոսելով կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների ու մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանալ ճիշտ ելքեր գտնել առկա իրավիճակից, պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, և նախանշել է առավել հեռանկարային ու զարգացման լուրջ հնարավորություններ ապահովող ոլորտները։ Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է ապագայի՝ ուժեղ Հայաստանի իր տեսլականը, որին հասնելու համար պետք է օգտագործել հայ ազգի ամենամեծ առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, հօգուտ երկրի զարգացման ծառայեցնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը: Որպես մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Նախագահը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Նախագահ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»»:
13:55 - 17 սեպտեմբերի,2021
Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահի և վարչապետի գործով վարույթը կարճվել է |armtimes.com|

Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահի և վարչապետի գործով վարույթը կարճվել է |armtimes.com|

armtimes.com: Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Սույն գործով Օնիկ Գասպարյանը խնդրել է ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը՝ ներկայացնելով ճանաչման հայց: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ընդունված հրամանագիրը, որը հաստատվել է 10.03.2021թ. վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, (թիվ ՎԴ/2029/05/21 վարչական գործը, որը գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում) վարչական գործը, այսինքն՝ հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար նշված գործի շրջանակներում կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է սույն գործով վեճի առարկայի հիմքում ընկած զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագիրը: Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել իր խախտված իրավունքը վերականգնել վիճարկման հայցի շրջանակներում, որպիսի հնարավորությունն էլ օգտագործել է, հետևաբար վերջինս չէր կարող ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով։ «Հայկական ժամանակը» կապ հաստատեց Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ՝ պարզելու՝ արդյոք դատարանի որոշումը բողոքարկվելո՞ւ են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Օրբելյանը հայտնեց, որ հավանաբար կբողոքարկեն. «Ինչը չի նշանակում, որ մեր ունեցած տեղեկությունների և մեր պնդումների շրջանակներում որևէ սկզբունքային անհամաձայնություն ունենք: Դա ավելի շատ նշանակում է, որ ինստիտուտի մեկնաբանման ոչ միանշանակության հարց կա, որպեսզի բուն գործիքակազմի բացթողնելու խնդիր չլինի, հնարավոր է բողոքարկենք»: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն՝ ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։  Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա Վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում: Հետևաբար դատարանը զուգահեռաբար երեք հայց իրար հետ չէր կարող քննել, այդ իսկ պատճառով Մհեր Պետրոսյանին մակարգրված վարույթը կարճվել է: 
13:58 - 15 սեպտեմբերի,2021
ՀՀ նախագահն ու Իվան Կորչոկը անդրադարձել են Հայաստան-Եվրամիության համագործակցության զարգացման հեռանկարներին

ՀՀ նախագահն ու Իվան Կորչոկը անդրադարձել են Հայաստան-Եվրամիության համագործակցության զարգացման հեռանկարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես  հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն ՍԱրգսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, մասնավորապես ասել է, որ երկու երկրների և Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները հիասքանչ պատմություն ունեն, սակայն անհրաժեշտ է խոսել ապագայի և ապագայի ծրագրերի մասին: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ ցանկանում են աշխատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: «Սլովակիան բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար»,-ասել է նա: Իվան Կորչոկն ընդգծել է տնտեսության, այդ թվում՝ գործարար կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությունը: Նա երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից կարևորել է նաև մշակութային գործընկերության ընդլայնումը: Հայաստանի նախագահն ու Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը մտքեր են փոխանակել նաև պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
18:25 - 14 սեպտեմբերի,2021
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ: Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ դեսպան Միխիլսենն ասել է, որ նման տարեդարձները լավ առիթ են՝ գնահատելու անցած ճանապարհն ու կատարված աշխատանքները, հստակեցնելու ապագայի անելիքները:Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և ընդլայնվելու լավ հնարավորություններ։ Հայաստանի նախագահը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական համագործակցությունը բարելավելու, առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հեռանկարներին։ Ընդգծվել է փոխգործակցության մեծ ներուժը հատկապես գիտության, կրթության, կենսատեխնոլոգիաների ոլորտում:Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով Երևանի և Բրյուսելի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:
21:02 - 13 սեպտեմբերի,2021
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ: Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը: Մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների: Ողջ պատմության ընթացքում տառապանքն ու ողբերգությունները եղել են մեր երկրի ճակատագիրը, մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը։ Համոզված ենք, որ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ համատեղ կարող ենք պայքարել ահաբեկչության և չարիքի դեմ։ Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան մեր աշխարհում։ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։ Ընդհանուր պատմությունը, արժեքներն ու հայացքները ամուր հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման համար։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, ընդհանուր գաղափարների և ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ ունեցած ամուր հավատի վրա»,- ասված է նախագահի ուղերձում:
14:42 - 13 սեպտեմբերի,2021
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է համաժողովի նպատակն ու օրակարգը՝ մասնավորապես նշելով, որ Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհի ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև հետպատերազմյան իրավիճակում մեր ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ. «Կենտրոնացանք հայկական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների վրա՝ դրանց ոչ միայն ֆիզիկական վիճակը պահպանելու, այլ նաև կենսագործունեությունը շարունակելու տեսանկյունից»։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները կարևոր նշանակություն ունեն մեր ժողովրդի համար. «Խնդիրները, որոնց շուրջ դուք քննարկումներ եք ունեցել, կարևորագույն նշանակություն ունեն բոլորիս համար՝ և' Հայաստանի ժողովրդի, և' Արցախի ժողովրդի, համայն հայության ու մարդկության համար»: Նախագահը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա: «Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք։ Վերապրումը ներառում է նաև հարգանք մյուսների հանդեպ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Արցախում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ այցելելով՝ բացահայտում ես պատմությունը, հարուստ մշակութային և ճարտարապետական հուշարձանները:Լինելով Շուշիում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես շատ հպարտ էի։ Հպարտ էի ոչ միայն նրա համար, որ այդ քաղաքն ուներ հիանալի եկեղեցիներ, այլ հպարտ էի, որ իմ հայրենակիցները ջանք և ֆինանսներ էին ներդրել՝ վերականգնելու նաև Շուշիում գտնվող մզկիթը։ Սա խոսում է ոչ միայն կրոնական ազատության, այլև մարդկային վարքագիծ դրսևորելու մասին»։ Նախագահն ընդգծել է, որ այսօր, ինչպես ցանկացած հայ, մտահոգ է հազարավոր պատմական և կրոնական հուշարձանների ճակատագրի համար, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն։ «Այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ, երբ ավելի քան հարյուր տարով հետ ենք գնում, հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև մեր եկեղեցիների, մշակութային կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք համակարգված կերպով ոչնչացվել են: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այն տարածքները, որոնք այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կունենան նույն ճակատագիրը,-նշել է նախագահը։ -Մենք բոլորս ունենք տարբերություններ, նույնիսկ քրիստոնյա լինելով՝ ունենք տարբերություններ, սակայն դրանք բեռլինյան պատեր չեն։ Հարգելով այդ տարբերությունները՝ կարող ենք գնահատել ու սովորել միմյանցից։ Արցախի դեպքում ձայները պետք է համախմբվեն՝ Արցախի ժողովրդին պաշտպանելու, ընտրություն կատարելու նրանց իրավունքն իրացնելու, ինչպես նաև հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային ու կրոնական արժեքները պաշտպանելու համար»: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ համաժողովին մասնակցելու և Հայաստան այցելելու համար. «Վստահ եմ, որ մեր ազգը բավականաչափ ուժ ունի ոտքի կանգնելու համար, պայքարելու մեր հավատքի, մեր Աստծո, մեր մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մենք բավականաչափ ուժ կունենանք՝ ոտքի կանգնելու մեր բարեկամների հետ միասին. դուք մեր բարեկամներն եք»։
13:14 - 11 սեպտեմբերի,2021
Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Այդ տարի միջոցառումն առաջին անգամ անցկացվեց Շամոնիից դուրս և ստացավ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը:   «Արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, որը այս տարվա հոկտեմբեր ամսին արդեն 3-րդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում, այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»,- հայտնում են նախագահի աշխատակազմից: «Մտքերի գագաթնաժողով»-ը համախմբում է աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը: Նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և բացահայտել նոր գաղափարներ ու հնարավորություններ՝ «Մտքերի գագաթնաժողով»-ն այս տարի կանցկացվի մի քանի երկրներում: 2021թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կքննարկվեն համաշխարհային հիմնական մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիա, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հավանական ազդեցությունը ներդրումային ու բիզնես որոշումների վրա: Հոկտեմբերին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ նոյեմբերին՝ Կանադայում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողովը տեղի կունենա նաև Միացյալ Նահանգներում: Նախագահականից հիշեցնում են, որ առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը («Armenian Summit of Minds»), որն անցկացվել է 2019-ին՝ Դիլիջանում, բավականին դրական արձագանքներ է ունեցել: Մասնակիցների թվում են եղել անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական ու պետական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից: Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվել է հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձել են Ադրբեջանի ռազմական ագրեսիային: 2021թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված է երրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը: Այն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարվա հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ: Գագաթնաժողովի մասնակիցների հետ վերջերս կայացած առցանց հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել էր.  «Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը»: Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցերը մասնավորապես կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը, հնարավոր ներդրումների ներգրավմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:
14:04 - 07 սեպտեմբերի,2021