Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին. Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել
13:49 - 15 սեպտեմբերի, 2022

Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին. Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության ու գնդակոծության առնչությամբ:

Արմեն Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ անում է միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ ճշմարտությունը և իրականությունը ներկայացնելու ուղղությամբ:

«Մեր երկիրը հերթական անգամ բախվել է դաժան և բացահայտ ագրեսիայի: Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակները պարզ ու հասկանալի են, բայց դրանց հասնելու համար նա պետք է կարողանա մեզ ստիպել հանձնվել և դադարել հավատալ ինքներս մեզ: Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այս պահին բոլորս պետք է դրսևորենք մեր գլխավոր որակները՝ տոկունություն և հավատ սեփական ուժերի հանդեպ: Այսպիսի պահերին չկա ոչ մի «ես», կա միայն «մենք» որպես մի ամբողջություն՝ համախմբված մեկ միասնական նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր պետականությունը»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել ակտիվորեն աշխատել երկրի օտարերկրյա բարեկամների և դաշնակիցների հետ, միջազգային հանրությանը հասցնել տեղի ունեցողի ողջ էությունը և հետագա գործողությունների ռազմավարություն կառուցել:

«30 տարի առաջ մենք կրկին գտնվում էինք նույնքան բարդ իրավիճակում, սակայն կարողացանք դրանից դուրս գալ արժանապատվորեն՝ դառնալով հաղթող: Վստահ եմ, որ եթե այսօր կարողանանք դրսևորել մեր բոլոր լավագույն որակները՝ միանշանակ կհաղթահարենք նաև այս ճգնաժամը»,-ասել է Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել