Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Այս մասին եռատոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը: Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի»,- նշված է ուղերձում: Արցախի պետնախարարը վստահ է՝ քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի: «Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու»,- ասված է Բեգլարյանի ուղերձում:
16:15 - 09 մայիսի, 2022
Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ «Շիրակացու ճեմարան»-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արցախում կրթահամալիր հիմնելու վերաբերյալ «Շիրակացու ճեմարան»-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:Պետական նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր: Հուշագրով կողմերը միավորում են իրենց ջանքերը Արցախի Հանրապետությունում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի փորձի հիման վրա նոր որակի Ուսումնական հաստատության ստեղծման շուրջ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:Արտակ Բեգլարյանը ողջունել է պատվիրակության այցը՝ ընդգծելով վերջին ամիսների ընթացքում ունեցած քննարկումների կարևորությունն ու երկկողմանի հաստատակամությունը կրթահամալիրի գործունեությունը Արցախի Հանրապետությունում կազմակերպելու առումով: Հատկապես Մայիսյան եռատոնին ընդառաջ, պետական նախարարի հավաստմամբ, Արցախի գիտակրթական ներուժի զարգացման հարցում հաստատության հետ կապերի առարկայացումը կարևոր նշանակություն ունի, որը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար:«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բարձր է գնահատել Արցախի իշխանությունների որոշումը կրթահամալիրի գործունեությունը Արցախում մեկնարկելու առումով՝ նշելով իրենց պատրաստակամությունը հաստատության ներուժն ու տարիների փորձը ծառայեցնելու Արցախի աշակերտների որակյալ ուսման ապահովմանը:
11:26 - 07 մայիսի, 2022
Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան

Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով. «Մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու»: Բելգարյանը նկատել է, որ այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: «Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում: Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում: Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն՝ արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա»,- հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարարը:
11:05 - 30 ապրիլի, 2022
Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսպիսի հռետորական հարց իր թելեգրամյան ալիքում հնչեցրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Դա, անկասկած, նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում են ինքնորոշման իրենց իրավունքի համար, որոնց շարքում Արցախի բնիկ ժողովուրդը առաջնային դիրքերում է: Ավելորդ է անգամ փաստարկներ բերել, թե տասնամյակների ընթացքում Արցախի հայությունն ինչպիսի ցեղասպան քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և մի շարք այլ գոյաբանական սպառնալիքներ, որոնց մասին են վկայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը: Իսկ հիմա հռետորական հարցը՝ ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ: Չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չէր կատարում իր կանխարգելիչ պարտականությունները, ինչի հետևանքով տարբեր ժողովուրդներ ենթարկվում էին ցեղասպանության»,- նշել է Բեգլարյանը։
22:31 - 29 ապրիլի, 2022
ՀՀ կառավարությունը 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին»,-գրել է նա՝ հավելելով, որ ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները: «Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,-նշված է պետնախարարի գրառման մեջ:  
15:00 - 29 ապրիլի, 2022
Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել․ Արտակ Բեգլարյան

Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իլհամ Ալիևը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ՝ ԼՂԻՄ-ի ժողովրդագրության մասին: Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահը բռնազավթված Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, թե խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, այնինչ իրականությունը, Բեգլարյանի վստահեցմամբ, ճիշտ հակառակն է: «1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը 4% էր, իսկ հետագա տասնամյակներում՝ ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով՝ 1926թ.՝ 10.06%, 1939թ.՝ 9.32%, 1959թ.՝ 13.80%, 1970թ.՝ 18.08%, 1979թ.՝ 22.98%, 1989թ.՝ 21.52%: Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ փոքր տոկոսով՝ այլազգիներ: Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հենց իրենք՝ խորհրդային Ադրբեջանի իշխանություններն (այդ թվում՝ Իլհամ Ալիևի հայրը) են հավաքագրել, ուստի, հաստատ, զգալիորեն ուռճացված են: ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների կայուն աճող թիվը պայմանավորված է հայ բնիկ բնակչության դեմ իրականացված սպիտակ ցեղասպանությամբ: Թող ադրբեջանական իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնություն»,- գրել է նա:
10:16 - 23 ապրիլի, 2022
Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ պնդումներին ու հայտարարություններին: Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ: «Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան­ հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով: Ի լրումն իրավական ու պատմական բավարար հիմքերի՝ վերջին 34 տարվա ցեղասպանական քաղաքականությունը հայության հանդեպ և համակարգային հայատյացությունն Ադրբեջանի կողմից լրացուցիչ հիմքեր են եզրահանգելու, որ Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով»,-նշել է Արտակ Բեգլարյանը: Արցախի Հանրապետության պետական նախարարը նշել է, որ Արցախի զինված ուժերը Փառուխից ու Քարագլխից երբևէ կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի ու Ակնայի (Աղդամի) ուղղությամբ, և եթե Ալիևն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի: Այնինչ Փառուխի գրավմանը նախորդող շաբաթների ընթացքում Ադրբեջանն էր սադրում՝ ականանետերով կրակելով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ գազատար խողովակը դիտավորյալ պայթեցնելուց հետո այն ձգձգումներով վերականգնելն ընդհանրապես բարի կամքի դրսևորում չէ:
16:56 - 14 ապրիլի, 2022
Արտակ Բեգլարյանն այցելել է Ասկերանի շրջանի առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր ու Սառնաղբյուր գյուղեր

Արտակ Բեգլարյանն այցելել է Ասկերանի շրջանի առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր ու Սառնաղբյուր գյուղեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ միասին, այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։ Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման ծրագրերին: Արտակ Բեգլարյանը նշել է, որ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև որոշ հատվածներում ջրամատակարարման խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ միջոցառումներ: Պետական նախարարը բնակիչների հարցումներին ի պատասխան՝ անդրադարձել է Հանրապետության անվտանգային, ներքին և արտաքին օրակարգերին վերաբերող մի շարք հարցերի: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը Հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ:
14:54 - 03 ապրիլի, 2022
Արցախի պետական նախարարը խորհրդակցություն է հրավիրել քաղպաշտպանության աշխատանքների համակարգման շուրջ

Արցախի պետական նախարարը խորհրդակցություն է հրավիրել քաղպաշտպանության աշխատանքների համակարգման շուրջ

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Արտակ Բեգլարյանը մարտի 29-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղպաշտպանության բոլոր ծառայությունների ղեկավարների ընդգրկմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։ Պետական նախարարը, նախ, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերին Փառուխ գյուղ ներխուժմանն ու մոտակա բնակավայրերի ուղղությամբ սադրանքներին, տեղում իրականացված քաղաքացիական պաշտպանության միջոցառումները գնահատել է բավարար: Արտակ Բեգլարյանը նշել է, որ Փառուխ և Խրամորթ բնակավայրերի բնակչության տարհանումից հետո սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը հրահանգել է գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: «Անդրադարձ  է կատարվել նաև այս օրերին տարբեր պետական մարմինների աշխատանքներին՝ իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Պետական նախարարը նշել է, որ քաղաքացիական պաշտպանության առումով վերջին ամիսների լրացուցիչ քննարկումների ու մշակումների արդյունքում մի շարք ուղղություններ են նախանշված և աշխատանքների զգալի մասն արդեն հաջողությամբ իրագործվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ծառայությունների ղեկավարները: Քննարկվել են քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները:  Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև ավելի երկարաժամկետ ու համակարգային աշխատանքների իրականացման ուղղությամբ:
18:56 - 29 մարտի, 2022
Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին և տարեց. աշխատանքներ են տարվում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Խրամորթից ու Փառուխից տարհանվել է շուրջ 200 երեխա, կին և տարեց. աշխատանքներ են տարվում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ. Արտակ Բեգլարյան

Քանի որ հաճախակի են հարցումներով դիմում կատարվող աշխատանքների մասին, հայտնեմ, որ այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները: Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ: Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան»,- հայտնում է Բեգլարյանը:
14:56 - 29 մարտի, 2022
Խաղաղապահ զորակազմը պետք է ունենա Արցախի բնակչության անվտանգությունն  ապահովելու բոլոր լծակները. Արտակ Բեգլարյան

Խաղաղապահ զորակազմը պետք է ունենա Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու բոլոր լծակները. Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարությունէ տարածել օրերս Արցախում ծավալված իրադարձությունների վերաբերյալ․ «Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում: Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը: Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով: Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը»:
12:21 - 27 մարտի, 2022
Ադրբեջանցիները Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանցիները Քարագլուխ բարձունքի հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել․ Արտակ Բեգլարյան

Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։    Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:   Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:   Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների:
13:57 - 26 մարտի, 2022
Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Դատապարտելի է ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին. Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:   «Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և մասնակցությունը ադրբեջանական սադրանքին:   Եվ ՄԱԿ չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝   1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ՝ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով,   2. 40000 տեղահանված, որից 5000 շուշեցի, զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.   3. նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100 000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:   Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները»,- գրել է Արցախի պետնախարարը:  
19:11 - 19 մարտի, 2022
Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչ ամբողջովին զրկված է գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից. Արտակ Բեգլարյան

Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչ ամբողջովին զրկված է գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից. Արտակ Բեգլարյան

Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Իսկ խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո: Դրան զուգահեռ շարունակվում են քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զենքերից, ինչպես նաև խոչընդոտները գյուղատնտեսական աշխատանքների կատարման հանդեպ: Հետևությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել իր հանցագործությունը մարդկության դեմ և հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինավուրց հայրենիքում և ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը»,- գրել է Բեգլարյանը:
12:00 - 12 մարտի, 2022