«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան
 |aravot.am|
11:55 - 15 փետրվարի, 2024

«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան |aravot.am|

aravot.am: «Մեր գլխավոր ասելիքն այն է, որ մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի։ Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի նախկին ՄԻՊ եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ Վաշինգտոնում մասնակցել էին Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների հավաքական վերադարձն ապահովելու համար կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասաց նա։

Ըստ Բեգլարյանի՝ ԱՄՆ-ում բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։

«Միջազգային հետաքննություն կամ Ադրբեջան պետության եւ կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաեւ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ։ Գլենդեյլի քաղաքային խորհրդի նիստում ներկայացրեցինք իրավիճակը։ Եվ հենց մեր ներկայությամբ բանաձեւի նախագիծ ներկայացվեց, որը մեկ շաբաթ առաջ արդեն ընդունվեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի կողմից՝ շատ հստակ ուղերձներով, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելով եւ նաեւ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին եւ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հայրենիք»,- հավելեց նա։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ ասաց․ «Այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլեւս չպետք է խոսել կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ։ Ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ Եվ խնդիր էր մեզ համար՝ թե ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին եւ թե ամերիկյան շրջանակների հասցնել այս կարեւոր ուղերձը»։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել