Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ».  Լեհաստանի ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ». Լեհաստանի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում, քննարկումների ընթացքում՝ ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն էլ հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:    
16:27 - 09 մարտի, 2024
Արարատ Միրզոյանը Լեհաստանի իր պաշտոնակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Արարատ Միրզոյանը Լեհաստանի իր պաշտոնակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։  Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։  Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերի։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, վերջինիս ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ 
14:23 - 18 փետրվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ |factor.am|

factor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Շնորհավորանքներս, Դոնալդ Տուսկ՝ Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ակնկալում ենք երկկողմ և բազմակողմ մակարդակներում Հայաստան-Լեհաստան համագործակցություն, ինչպես նաև` սերտ գործընկերություն Եվրամիության շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- գրել է ՀՀ վարչապետը։ Լեհաստանի սեյմն անվստահություն էր հայտնել Մատեուշ Մորավիեցկիի կառավարությանը, ինչից հետո հայտնի էր դարձել, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածուն։ Լեհաստանի սեյմի պատգամավորները երեկ՝ դեկտեմբերի 11-ին կայացած նիստում, երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։ Նշվում է, որ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։ Առաջիկայում Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։  
10:22 - 13 դեկտեմբերի, 2023
Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Լեհաստանի դեսպան
 |armenpress.am|

Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Լեհաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին: «Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Պետք է նշեմ՝ Լեհաստանն առաջին երկրներից է, որ ֆինանսական և նյութական աջակցություն տրամադրեց այս տարվա սեպտեմբերին  տեղի ունեցած ողբերգական օրերին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում խաղաղություն լինի ու հայերն էլ կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,-ասաց դեսպանը: Լեհաստանի դեսպանն, անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝  Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանն, ընդգծեց, որ այս հարցում Լեհաստանը միանշանակ Հայաստանի համար խնդիրներ ստեղծող պետություն չէ:  «Գիտեք, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և ես հուսով եմ, որ ի վերջո կհասնենք այս նպատակին և մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա»,-ասաց դեսպանը:
12:09 - 14 նոյեմբերի, 2023
Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

Polish Aid-ի շրջանակներում Տեղ համայնքում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականներին նյութական օգնություն է տրամադրվել։ Օգնության փոխանցումը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից, մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ խոսքը 49 ընտանիքի 189 անդամների մասին է, որոնցից 77-ը երեխաներ են: Օգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային և հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հագուստ: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է մի տաքացուցիչ, իսկ մնացածն՝ ըստ անդամակազմի: Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ: Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունն է, որը գործունեություն է ծավալում զարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվել է այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից: Այժմ, երբ Լեհաստանը ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է դարձել զարգացմանն օգնելու դոնոր:
16:21 - 13 նոյեմբերի, 2023
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին: Պյոտր Սքվեչինսկին շեշտել է Լեհաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով և հավելել, որ գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերն՝ ի նպաստ երկկողմ կապերի հետագա զարգացման: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-լեհական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ փոխգործակցության և այլ հարցերի շուրջ: 
16:52 - 31 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ում էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ հասցեական քայլերի. Պարույր Հովհաննիսյան

ԼՂ-ում էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ հասցեական քայլերի. Պարույր Հովհաննիսյան

Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավելի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս համատեքստում կարևորվել է Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայականը: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
19:51 - 04 հոկտեմբերի, 2023
Հարյուր հազարավոր մարդիկ Վարշավայի կենտրոնում էին՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին

Հարյուր հազարավոր մարդիկ Վարշավայի կենտրոնում էին՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին

Հարյուր հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Վարշավայի կենտրոնում ու մասնակցում էին հանրահավաքին, որը կազմակերպել էր ընդդիմադիր առաջնորդ Դոնալդ Տուսկը։ Երկրում խորհրդարանական ընտրությունները կայանալու են երկու շաբաթից։ Սրանք վճռորոշ ընտրություններ են, քանի որ ազդեցիկ հետևանքներ են ունենալու Լեհաստանի քաղաքական կուրսի և Եվրոպայում նրա դերակատարության վրա։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Ըստ ընդդիմության առաջնորդի՝ հաղթանակն արդեն երևում է․ «Մեր հայրենիքի պատմության մեջ գալիս է շրջադարձային պահը։ Թող կառավարող թիմում որևէ մեկը պատրանք չունենա։ Դեպի ավելի լավը փոփոխությունն անխուսափելի է»։ Տուսկը պնդել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել հանրահավաքին, մինչդեռ Վարշավայի ոստիկանությունից նշել են, թե 100 000 մարդ է մասնակցել։ Լրատվականները գրում են 600 000 - 800 000 մարդու մասնակցության մասին։ Երթևեկություն Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում կանգնած է եղել, քանի որ մեծաթիվ մարդկանց խմբերը, Լեհաստանի ու ԵՄ-ի դրոշները պարզած, երթ են իրականացրել։ Նրանք ունեցել են նաև իշխող «Օրենք և Արդարություն» կուսակցության վերաբերյալ հումորային ու զայրույթով լի կարգախոսներով պաստառներ։ «Ոչ մեկը չէր հավատում, որ այսպիսի բազմություն ու այսպիսի զգացումներ կարող էին կրկին պատահել մեր պատմության մեջ։ Սա մեծ լեհական վերածննդի նշան է»,- ասել է Տուսկը։ Դոնալդ Տուսկը Լեհաստանի վարչապետն է եղել 2007-2014թթ․, ապա հեռացել է երկրից ու դարձել Եվրոպական խորհրդի նախագահը։ Նա վերադարձել է Լեհաստանի քաղաքականություն՝ ղեկավարելու ընդդիմության արշավը, որը, ըստ նրա, վերջին հնարավորությունն է փրկելու Լեհաստանի ժողովրդավարությունը։   Գլխավոր լուսանկարը՝ Reuters
22:42 - 01 հոկտեմբերի, 2023