Կորոնավիրուս

Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը հարցաքննվել է կորոնավիրուսի հետ կապված գործով |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի համավարակի հետ կապված հնարավոր չարաշահումների գործով հարցաքննվել է նաև Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանն այս մասին հայտնեց ասուլիսում: «Հրավիրել են հարցաքննության, հարցաքննվել եմ կամ նոյեմբերի վերջին, կամ դեկտեմբերին (խմբ․ 2023 թվականի)»,- ասաց նախարարը: Հակակոռուպցիոն կոմիտեն կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում չարաշահումների առիթով քրեական գործ էր հարուցել:  Հարցաքննվել են տասնյակից ավելի անձնիք: Կոմիտեից հայտնել էին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էին շուրջ 1 տասնյակ անձինք: Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից մինչև 2021-ի հունվար զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:
15:09 - 12 հունվարի, 2024
Վերջին 7 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:   «Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%:   Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=0.82:   Հայաստանում այժմ շրջանառվում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել են օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1:   BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:   Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:45 - 01 դեկտեմբերի, 2023
Նոբելյան մրցանակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի ստեղծմանը նպաստող հայտնագործության համար

Նոբելյան մրցանակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի ստեղծմանը նպաստող հայտնագործության համար

1990-ականների սկզբին, երբ կենսաքիմիկոս Կատալին Կարիկոն աշխատում էր Փենսիլվանիայի համալսարանում, նա հավատում էր, որ ի-ՌՆԹ մոլեկուլները մի օր կարող են օգտագործվել թերապևտիկ նպատակով։ Նույն համալսարանում աշխատելու տարիներին նա ծանոթացավ իմունոլոգ Դրյու Վեյսմանի հետ։ Վեյսմանը հիշում է՝ տարիներ առաջ գիտական հոդվածներ կարդալու միակ տարբերակը դրանք ամսագրերից պատճենահանելն էր։ Կարիկոն ու Վեյսմանը պատճենահանման սարքի մոտ «պայքարում էին» իրենց հետաքրքրող հոդվածները տպելու համար ու հենց այդպես էլ ծանոթացան։ Նրանք զրուցում էին իրենց աշխատանքների շուրջ, համեմատում դրանք և ի վերջո որոշեցին համագործակցել։ Մոտ 30 տարի անց՝ կորոնավիրուսային համավարակի շրջանում, հենց այս երկու պրոֆեսորների հետազոտությունների շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել COVID-19-ի դեմ ի-ՌՆԹ պատվաստանյութեր։ Իսկ երկու օր առաջ Նոբելյան կոմիտեն հայտնեց, որ  Կարիկոն ու Վեյսմանը բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել իրենց հետազոտությունների համար։   Մինչև ի-ՌՆԹ պատվաստանյութերը Պատվաստանյութերը վիրուսների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն են։ Երբ վիրուսները թափանցում են մեր բջիջներ, մեր իմունային համակարգը փորձում է պաշտպանել մեզ վարակվելուց, բայց դա ոչ միշտ է ստացվում, և արդյունքում վիրուսներին հաջողվում է վարակել բջիջներն ու տարբեր հիվանդություններ առաջացնել։ Պատվաստանյութերի նպատակն է մեր իմունային համակարգին նախապես «սովորեցնել» պայքարել վիրուսների դեմ՝ արհեստականորեն առաջացնելով իմունային պատասխան։  Կան պատվաստանյութերի տարբեր տեսակներ․ որոշ պատվաստանյութեր պարունակում են ոչ ակտիվ կամ թուլացած վիրուս, որը մեր օգանիզմ ներարկելիս հիվադնություն չի առաջացնում, բայց խթանում է իմունային պատասխանի առաջացումը։ Որոշ պատվաստանյութեր էլ պարունակում են վիրուսի մի փոքր հատված, սովորաբար՝ այդ վիրուսի մակերեսին գտնվող սպիտակուցը։ Ե՛վ թուլացած կամ ոչ ակտիվ վիրուսը, և՛ այդ վիրուսի սպիտակուցը մեր օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան։ Երբ իրական վիրուսը փորձում է վարակել մեր բջիջները, օրգանիզմը ճանաչում է այն, և արդեն վարժված իմունային համակարգը սկսում է գործել ու ավելի արդյունավետ պայքարել դրա դեմ։ Բայց այս տեխնոլոգիաներով պատվաստանյութեր արտադրելը շատ ռեսուրսներ է պահանջում և ժամանակատար է․ հենց դա է պատճառը, որ երկար ժամանակ փորձ էր արվում ստանալ ի-ՌՆԹ պատվաստանյութեր։   Ի-ՌՆԹ պատվաստանյութերը Փորձենք հասկանալ, թե որն է ի-ՌՆԹ պատվաստանյութերի առանձնահատկությունը։ Մեր օրգանիզմում գենետիկական ինֆորմացիան պահպանվում է ԴՆԹ կոչվող մոլեկուլում։ Այդ ինֆորմացիան արտագրվում է ավելի պարզ մոկեկուլների՝ ի-ՌՆԹ-ների վրա։ Այնուհետև, կարդալով ի-ՌՆԹ-ի վրա արտագրված ինֆորմացիան, մեր օգանիզմն արտադրում է տարբեր տեսակի սպիտակուցներ, որոնք բազմաթիվ գործառույթներ ունեն, և որոնցով պայմանավորված են մեր հատկանիշները։  Ի-ՌՆԹ պատվաստանյութերի տարբերությունն այն է, որ դրանց միջոցով մարդկանց ներարկում են ոչ թե թուլացած կամ ոչ ակտիվ վիրուս կամ այդ վիրուսի մակերեսին գտնվող սպիտակուցը, այլ ի-ՌՆԹ մոլեկուլ, որը պարունակում է վիրուսի սպիտակուցի մասին ինֆորմացիա։ Երբ ի-ՌՆԹ պատվաստանյութը թափանցում է օրգանիզմ, դրանում պահպանվող գենետիկական ինֆորմացիայի հիման վրա արտադրվում են վիրուսի սպիտակուցները, և օրգանիզմում իմունային պատասխան է առաջանում։ 1980-ականներին մշակվեցին մեթոդներ, որոնց միջոցով in vitro, այսինքն՝ կենդանի օրգանիզմից ու բջիջներից դուս ի-ՌՆԹ մոլեկուլներ էին արտադրվում։ Հենց այդ ժամանակ էլ գաղափարներ ծնվեցին, որ  ի-ՌՆԹ մոլեկուլները կարող են որպես պատվաստանյութ կիրառվել։ Բայց կային մի քանի խնդիրներ, որոնցից հիմնականը հետևյալն էր․ in vtiro արտադրված ի-ՌՆԹ մոլեկուլներն օրգանիզմում առաջացնում էին անցանկալի բորբոքային ռեակցիաներ։ Բայց դա չհիասփաթեցրեց ո՛չ Կատալին Կարիկոյին, ո՛չ էլ Դրյու Վեյսմանին․ նրանք ուսումնասիրում էին, թե ինչպես են տարբեր տեսակի ՌՆԹ-ները փոխազդում իմունային համակարգի հետ, և հենց այս ուսումնասիրություններն էլ հանգեցրին նրանց բեկումնային բացահայտմանը։   Բեկումնային բացահայտումը Իրենց փորձերի ընթացքում պրոֆեսորները հասկացան, որ ի տարբերություն in vitro հավաքված ի-ՌՆԹ-ի՝ կաթնասունների բջիջներից անջատված ի-ՌՆԹ-ն մեր օրգանիզմում չի առաջացնում անցանկալի բորբոքային պրոցես։ Գիտնականները գիտեին, որ կաթնասունների բջիջներից անջատված ի-ՌՆԹ-ի որոշ  հատվածներ մոդիֆիկացիայի էին ենթարկված, այսինքն՝ դրանցում փոփոխություններ էին տեղի ունեցել, և այդ փոփոխությունները բացակայում էին in vitro հավաքված ի-ՌՆԹ-ում։ Նրանք ենթադրեցին, որ բորբոքային պրոցեսների պատճառը կարող էր լինել հենց այս փոփոխված հատվածների բացակայությունը։  Կարիկոն և Վեյսմանը Այս հարցի պատասխանը ստանալու համար նրանք հավաքեցին տարբեր տեսակի ի-ՌՆԹ-ներ, որոնցից ամեն մեկում փոփոխված հատվածներ կային։ Կարիկոյի և Վեյսմանի ենթադրությունը ճիշտ էր․ նրանց իրականացրած փոփոխությունների հետևանքով բորբոքային պատասխանը գրեթե անհետացավ։  Պրոֆեսորներն իրենց հետազոտությունների առաջին արդյունքները հրապարակեցին 2005-ին։ Հետագա հետազոտությունների արդյունքներն էլ հրապարակվեցին 2008-ին և 2010-ին։ Կարիկոն և Վեյսմանը նաև ցույց տվեցին, որ փոփոխված հատվածներով ի-ՌՆԹ-ների դեպքում ավելի շատ վիրուսային սպիտակուցներ են արտադրվում, իսկ այս սպիտակուցների արտադրությունը, հիշեցնենք, ի-ՌՆԹ պատվաստանյութերի գլխավոր նպատակն է։ Դե իսկ արդեն կորոնավիրուսային համավարակի բռնկումից հետո Moderna-ն ու Pfizer-BioNTech-ը ստեղծեցին ի-ՌՆԹ պատվաստանյութեր, որոնց պաշտպանիչ ազդեցությունը վիրուսների դեմ մոտ 95% է։ Այժմ ի-ՌՆԹ պատվաստանյութեր են մշակվում գրիպի, ՄԻԱՎ-ի, մալարիայի և Զիկա վիրուսի դեմ: Ապագայում այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաև բուժիչ սպիտակուցներ օրգանիզմ մատակարարելու և քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար:   Օգտագործված աղբյուրներ The Nobel Prize in Physiology or Medicine 2023, nobelprize.org;The Story Behind mRNA COVID Vaccines: Katalin Karikó and Drew Weissman, Penn Medicine;Pioneers of mRNA COVID vaccines win medicine Nobel, nature.com. Գլխավոր լուսանկարը՝ Փեգգի Փեթերսոնի (Penn Medicine)   Աննա Սահակյան  
13:35 - 04 հոկտեմբերի, 2023
Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը. Առողջապահության նախարարություն

Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը. Առողջապահության նախարարություն

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: Հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով: Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%): «Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանում ՍՇՎ և կորոնավիրուսային հիվանդության դեպքերը կանխարգելելու և վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ, սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության բարձրացում (մինչև 38-40◦ C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն՝ դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման և ժամանակին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով: Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում COVID-19-ի վաղ հայտնաբերման նպատակով այժմ ՍՇՎ-ով պացիենտների շրջանում իրականացվում է կասկածելի դեպքերի թեստավորում:
16:33 - 13 սեպտեմբերի, 2023
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին |news.am|

Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին |news.am|

news.am: Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ես հարցաքննության գնալու ծանուցում դեռ չեմ ստացել։ Երբ որ ստանամ, հրապարակայնորեն կտեղեկացնեմ։ Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։ Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Ապրիլի 27–ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ Սիմոնյանն ազատ էր արձակվել։
13:21 - 06 հուլիսի, 2023
Covid 19-ի դեպքերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են. ԱՆ |armenpress.am|

Covid 19-ի դեպքերն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են. ԱՆ |armenpress.am|

armenpress.am: Covid 19-ի դեպքերն  աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են: Համավարակը դեռ շարունակվում է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին շրջանում նվազել է և՛ վարակման դեպքերի,  և՛մահվան դեպքերի թիվը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում նույնպես գրանցվել է կորոնավիրուսային համավարակի կտրուկ նվազում: Մասնագետն ընդգծեց, որ  Covid 19-ի վերարտադրողականությունը վերջին օրերին  1 տոկոսից ցածր է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղել են: «Ամբողջ աշխարհում քանի որ իրավիճակն ավելի կայուն է,  թեստավորումն իրականացվում է ավելի պակաս: Շատ են նշում, որ մարդիկ ավելի թեթև են տանում և թեստավորում չեն իրականացնում, բայց պետք է արձանագրեմ, որ մենք երկու հրաման ունենք,  ըստ որի՝ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով բուժառուները ինչպես  առաջնային պահպանման օղակում, այնպես էլ բժշկական ցանկացած կազմակերպությունում պարտադիր հետազոտվում են, և այդ տվյալները հավաքվում, ամփոփվում և վերլուծվում են: Նշեմ, որ մեզ մոտ թեստավորումը շատ ավելի ակտիվ է իրականացվում և թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը 4,1 տոկոս է կազմում»,-նշեց Ռոմելլա Աբովյանը: Նա ընդգծեց, որ մեր երկրում Covid 19-ով պայմանավորված մահացությունն այս պահին  կազմում է 2 տոկոս. վերջին մի քանի ամիսներին այդ ցուցանիշը պահպանվում է, իսկ վերջին օրերին մահվան դեպքեր  չեն գրանցվել: «Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 2 դեպք՝ նախորդ 7 օրվա 9 դեպքի փոխարեն:  Վերջին 14 օրվա ընթացքում ունենք 11 դեպք, իսկ նախորդ նույն ժամանակահատվածում 19 դեպք, սա նշանակում է, որ  ունենք 42 տոկոսով նվազում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով  (ԱՀԿ) մայիսի 22-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,2 մլն մարդ, մահացել` 7100-ից ավելին։ Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 58%-ով, վարակման դեպքերի թիվը՝ 48%-ով:  
11:27 - 03 հուլիսի, 2023
«Covid 19»-ի գործընթացում կատարված հանցագործություններում մեղադրվող 20 անձի մասին վարույթներն ուղարկվել են դատարան

«Covid 19»-ի գործընթացում կատարված հանցագործություններում մեղադրվող 20 անձի մասին վարույթներն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված և շարունակվող քրեական վարույթների շրջանակներում պարզվել են «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից նույնաբնույթ սխեմայով կատարված պաշտոնեական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Քննչական կոմիտեում կատարված ամփոփման տվյալներով՝ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական վարույթ (գործ)։  Դրանց նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավոր մեխանիզմը դրսևորվել է երկու հիմնական եղանակով. Մի դեպքում բուժհաստատությունների՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու լիազորություններով օժտված մի շարք պաշտոնատար անձինք, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնց բովանդակությամբ կեղծ տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ։ Արդյունքում այդ քաղաքացիներն ստացել են պատվաստված լինելու վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատներ և ստացել վարակվածության դեպքում պետության կողմից սահմանված սահմանափակումները շրջանցելու հնարավորություն: Ընդ որում՝ որոշ դեպքերում համավարակի դեմ պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատողները քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ քաղաքացիները «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկվել, որոնց արդյունքով, իբրև թե, առողջ են եղել, մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները պատվաստումների ժամանակ  ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել:  Քիչ չեն եղել դեպքերը, երբ առանձին բուժաշխատողներ պատվաստման կետերում կաշառքի դիմաց կազմակերպել են սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված օտարերկրյա քաղաքացիների պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը՝ ինչն իրականացնելու համար նաև կեղծվել են այդ օտարերկրացիների՝ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ անձնագրային գրառումները: Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական  պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել կամ՝ մուտք գործել ՀՀ տարածք: Համապատասխան բուժաշխատողներից շատերը կեղծված տվյալներով պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ տրամադրելու դիմաց շահառու քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով ստացել են տարբեր չափերի կաշառք: ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված վերոնշյալ քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը՝ բուժաշխատողներ: Քննված քրեական վարույթներից 12-ի նյութերը՝ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների վերաբերյալ 41 քրեական վարույթներով նախաքննությունը, 2023թ. մայիսի 1-ի դրությամբ, շարունակվել է, իսկ 8 քրեական վարույթ կարճվել է ռեաբիլիտացնող հիմքերով:
11:00 - 13 հունիսի, 2023
«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|

«Ստուգե՞լ եք, պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին |aravot.am|

aravot.am: ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին նման հարց ուղղեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստվածների առողջական վիճակը ստուգե՞լ են․ «Պատվաստվածները հետո երեխաներ ունեցե՞լ են, թե ոչ»։ ՔՊ-ականների շարքերում աղմուկ դուրս եկավ հարցադրումից։ Գեղամ Նազարյանը պնդեց, որ ցավոտ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ կեղծ են պնդումները, թե պատվաստումները վատ են ազդել կանանց առողջության վրա․ «Հարյուր հազարավոր կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը չեն ազդել նրանց վերարտադրողական առողջության վրա։ Հակառակը, կան ուսումնասիրություններ, թե չպատվաստվելն ինչ վատ է ազդել առողջության վրա»։ Առավել մանրամասն՝ aravot.am-ում
14:11 - 19 ապրիլի, 2023
Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն բոլոր երկրների պատվաստանյութերը. Ավանեսյան |1lurer.am|

Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն բոլոր երկրների պատվաստանյութերը. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ինչքան ժամանակն անցնում է, հետահայաց ավելի հեշտ է դառնում թե՛ համեմատելով, թե՛ նաև արդյունքները գրանցելով հասկանալ՝ ինչքանով էր էֆեկտիվ Հայաստանում կիրառված քաղաքականությունը: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ արձագանքելով Կառավարության՝ քովիդի դեմ պայքարի արդյունքների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Գնահատական տալու համար երևի ամենացավոտ, բայց խոսուն ցուցիչներից են Հայաստանում գրանցված մահվան տվյալները: Դրանք թափանցիկ կերպով մշտապես հասանելի են եղել: Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակներում է: Մեզ մոտ հարևան այլ երկրների համեմատ քովիդից մահացության դեպքերը կրկնակի պակաս են գրանցվել, այն պայմաններում, երբ Հայաստանը դիմակայել է մի կողմից քովիդին, մյուս կողմից՝ պատերազմին. կարծում եմ՝ սա շատ խոսուն գնահատական է»,- ասաց առողջապահության նախարարը: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն առաջին օրից աշխատել է, որպեսզի ապահովի մեր երկիրը տարբեր տեսակի պատվաստանյութերով: «Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն և՛ եվրոպական և՛ ռուսական, և՛ չինական, և՛ այլ երկրների առկա բոլոր պատվաստանյութերը»,- նշեց Ավանեսյանը:
12:25 - 19 ապրիլի, 2023
Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք քովիդի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար

Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք քովիդի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բացահայտվել են «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու և էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է:   «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ, ընդգրկված լինելով կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստման գործընթացին, տեղյակ լինելով միայն Հայաստանի Հանրապետությունում 10 և ավելի օր գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին պատվաստել թույլատրելու մասին, 2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ, որոնց հիման վրա նշված օտարերկրացիները պատվաստվել են: Այնուհետև հիշյալ բժիշկները կազմել և հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:   Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, լինելով կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում, կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետև պատվաստված չլինելու պայմաններում կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով նշված օտարերկրյա քաղաքացիների իբրև պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:   Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, կազմել է նրան իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր: Վերջինիս փաստացի պատվաստված չլինելու պայմաններում բժիշկը կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ՝ սերտիֆիկատներ, մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով գործընկերոջ ազգականի իբրև պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:   Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:   Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:12 - 19 ապրիլի, 2023
Կորոնավիրուսի թվերն աշխարհում կտրուկ նվազում են
 |azatutyun.am|

Կորոնավիրուսի թվերն աշխարհում կտրուկ նվազում են |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսային համաճարակի թվերն աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազում են: Worldometers կայքի փոխանցմամբ՝ վերջին մեկ շաբաթում հիվանդության նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 35 տոկոսով՝ կազմելով շուրջ1,55 միլիոն: Նույն ժամանակահատվածում վարակից մահացածների թիվը նվազել է 26 տոկոսով՝ կազմելով 10 հազար 835, բուժվածներինը՝ 9 տոկոսով՝ կազմելով մոտ 2,4 միլիոն: Ապաքինվածների քանակը շուրջ 830 հազարով գերազանցում է նոր վարակվածներինը: Հայաստանի առողջապահության նախարարությունը Ամանորի տոներից հետո կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ չի հրապարակել: Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 603,5 միլիոն մարդ, ապաքինվել՝ շուրջ 645,5 միլիոնը, մահացել է 6 միլիոն 748 հազար 120-ը: Տվյալ պահին աշխարհում Covid-19-ով վարակված է ավելի քան 21,24 միլիոն մարդ:
10:31 - 24 հունվարի, 2023
Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բուժկենտրոնի տնօրենի կողմից պատվաստված լինելու մասին կաշառքի դիմաց կեղծ սերտիֆիկատներ կազմելու և քաղաքացիներին տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ կազմած և ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստացած «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ.Մ.-ի, նրան օժանդակած նույն բուժհաստատության բուժքույր Օ.Կ-ի, կաշառքի միջնորդությունը ստանձնած Հ.Գ.-ի, կաշառք տվող Ք.Ք.-ի և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդող Ս.Թ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են  ձեռք բերվել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենը 2021 թվականին մի շարք քաղաքացիներից, այլ անձանց միջնորդությամբ, որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումար, ընդունել կաշառք տալու առաջարկներ, ինչպես նաև քաղաքացիների դրդմամբ կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ շահադիտական նպատակով քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ իբր պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները նույն բժշկական հաստատության այլ աշխատակցի օժանդակությամբ լրացրել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևաթղթում, ինչպես նաև մուտքագրել է պաշտոնական «Արմեդ» համակարգ՝ կազմելով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատ»,- նշված է հաղորդագրության մեջ: Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատությունների աշխատակիցներին և քաղաքացիներին զերծ մնալ նման հանցավոր գործունեությունից՝ հաշվի առնելով, որ դրա արդյունքում իրական վտանգ է ստեղծվում անձանց կյանքի և առողջության համար՝ որոշ դեպքերում հանգեցնելով անդառնալի հետևանքների: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:12 - 22 դեկտեմբերի, 2022