Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Չի կարելի թույլ տալ իշխանությունների առաջարկած Սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Վազգեն Մանուկյան
 |news.am|

Չի կարելի թույլ տալ իշխանությունների առաջարկած Սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Ոչ ոք երբեք Հայաստանին հավակնություններ չի ներկայացրել Անկախության հռչակագրի հետ կապված։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր նպատակները նման փաստաթղթերում, եւ հայ ժողովուրդը նույնն է արել՝ Հռչակագրում հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության դրույթներին։ «Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ անգամ բանակցություններ վարել Թուրքիայի հետ, երբեք չի դարձել խոչընդոտ այլ երկրների հետ հարաբերությունների համար, եւ ոչ ոք նրան պահանջներ չի ներկայացրել»,- հիշեցրել է նա։ Մանուկյանի խոսքով՝ թշնամին պատերազմ կսկսի ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան գրված է Հռչակագրում, այլ որովհետեւ մենք թույլ ենք, մեր իշխանությունները մշտապես զիջում են։ «Ճնշման տակ Սահմանադրությունը փոխելով՝ մենք մեզ ամոթալի վիճակում ենք դնում։ Դա ինքնին կնշանակի նահանջ՝ էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես այս իշխանությունները կիրականացնեն նման հանրաքվեն։ Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի»,- զգուշացրել է Մանուկյանը՝ բոլոր ուժերին եւ քաղաքացիներին բարձր նպատակի շուրջ միավորվելու կոչ անելով։
12:40 - 29 փետրվարի, 2024
Ազգային կոմիտեի կազմակերպած քննարկմանը արժեքավոր առաջարկություններ են ներկայացվել, որոնք ամփոփվել են՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով

Ազգային կոմիտեի կազմակերպած քննարկմանը արժեքավոր առաջարկություններ են ներկայացվել, որոնք ամփոփվել են՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով

«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով: «Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում. Արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքներ ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն ազգային խնդիրների լուծման և անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում Ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներն ընդդիմությունից Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր և գործառնական առաջարկություններ Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզեր, սկզբունքներ և եղանակներ Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանում։ Քննարկման մասնակիցները իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ նաև մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։
15:24 - 16 հոկտեմբերի, 2023
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանին հեռացնելու իրենց մեկնարկած գործընթացը չստացվեց, քանի որ սխալվել են՝ գերագնահատելով իրենց մարդկային ու կազմակերպական ուժը

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանին հեռացնելու իրենց մեկնարկած գործընթացը չստացվեց, քանի որ սխալվել են՝ գերագնահատելով իրենց մարդկային ու կազմակերպական ուժը

Ազգային կոմիտեի այսօրվա հանրահավաքին կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանին հեռացնելու՝ իրենց նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, քանի որ իրենք սխալվեցին․  «Ես էի հայտարարել, որ 3 օր պարալիզացնում ենք քաղաքը, ապա ճաքեր ստեղծում կառավարական համակարգում, ապա ԱԺ-ի միջոցով լուծում հարցերը, չստացվեց, մենք սխալվեցին, սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային ու կազմակերպական ուժը, բայց մի շատ դրական բան կատարվեց․ շատ ուսանողներ միայն խոսքով, վրդովված այն ամենից, ինչ լինում է, դուրս էին գալիս»։ «Կոմիտեն այսպես միայն 5 հոգով աշխատել չի կարող, մենք ուզում ենք ընդլայնել այն։ Ես անձամբ դիմեցի մի քանի շատ արժեքավոր մարդկանց՝ հրավիրելով դառնալ կոմիտեի անդամ, նրանք դեռ պատասխան չեն տվել», - ասաց Մանուկյանը` դեռևս չնշելով այն մարդկանց անունները, որոնք հրավիրվել են կոմիտե։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ մտադրություն կա «վերցնել օդանավակայանը», որ Փաշինյանը չկարողանա գնալ Իսպանիա՝ Գրանադայում Ադրբեջանի նախագահի հետ հնգակողմ հանդիպմանը։ «Սա այս պահին ոգևորիչ միտք է, բայց ես այս պահին չեմ տեսնում, որ մեր ժողովուրդը՝ էս ջարդված, արցախցիների տեղավորումով․․․, դեռ չկոնսոլիդացված, կարողանա դա անել, բայց ամբողջ քաղաքը պիտի եռա, պետք ա ցույց տանք, որ մենք դրան դեմ ենք»։ Մանուկյանի խոսքով՝ այդ օրը հնարավոր է՝ պայմանագիր չստորագրվի, բայց նրա կարծիքով այլ «հիմնական սկզբունքեր վերջնականորեն կբերվեն ինչ-որ մի կետի»։ Ազգային կոմիտեի անդամը նշեց, որ զուգահեռ 2 պրոցես են տանելու․ «Մեկը կոնսոլիդացիան է, որ ես վաղվանից տարբեր քաղաքական ուժերի հետ տանելու եմ, բայց վաղվանից զուգահեռ պետք է շարունակվեն բողոքի ակցիաները՝ ոչ միայն կոմիտեի անդամ կուսակցությունների»։
19:47 - 30 սեպտեմբերի, 2023
Վաղը՝ ժամը 8-ից, մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու․ Ազգային կոմիտեն մտադիր է պարալիզացնել մայրաքաղաքը

Վաղը՝ ժամը 8-ից, մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու․ Ազգային կոմիտեն մտադիր է պարալիզացնել մայրաքաղաքը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը՝ ժամը 8-11-ը, մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել։ Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։ Նա նաև նշեց, թե Երևանի տարբեր վարչական շրջանների որ հասցեներում են հավաքվելու քաղաքացիները՝ անհնազանդության ակցիաներն իրականացնելու համար։ «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի։ ․․․․ Եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կագնեցնելու ենք»,- ասաց Սաղաթելյանը։ Նա ուսանողներին կոչ արեց շարունակել դասադուլը, նաև դիմեց մարզերի բնակիչներին․ «Հանրապետության բոլոր մարզերում գլխավոր մայրուղիները փակում և կանգնեցնում, պարալիզացնում եք պետական ողջ ապարատի գործունեությունը»։ Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը «գնալու է 100%-ով, ցանկացած գնով»։ «Բայց մենք դա փորձում ենք անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ։ Եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի»,- ասաց նա։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ոստիկանություն: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ գնում են Ոստիկանություն՝ «ցույց տալու իրենց ուժը ու զգուշացնելու, որ վաղը հանկարծ չսխալվեն»։ Երթով շարժվող քաղաքացիները բացականչում են՝ «Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան»։
20:22 - 24 սեպտեմբերի, 2023
Ընդդիմության հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը

Ընդդիմության հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որի ժամանակ Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի կազմը․ «Նախատեսված էր, որ կոմիտեն պետք է լինի մինչեւ 11 հոգի, մենք առայժմ 5 հոգով համալրեցինք Կոմիտեն եւ դիմեցինք շատ արժեքավոր անհատների եւ կառույցների, որպեսզի ներգրավվեն այդ կոմիտե, նենց որ կոմիտեն դեռ նույնիսկ կեսից փոքր է, ես ազգանունները կնեկայացնեմ․ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թեւանյան, Իշխան Սաղաթելյան եւ ես»,- ասաց նա։ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ հիմա արագորեն պետք է սկսել անհնազանդության եւ իշխանությանը ծնկի բերող գործողություններ․ «Սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները, դրանց պետք է միանան ոչ միայն Երեւանի բնակչությունը, այլ նաեւ շրջաններում դա պետք է կատարվի, շրջաններից էլ պիտի գան Երեւան շարասյունով, որովհետեւ էս կենտրոնում է հարցը լուծվելու։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին ամեն տեղ անհնազանդության ակցիաներ կատարելու, կլինեն գործադուլներ, կլինեն դասադուլներ, կլինեն փողոցներ փակել, բայց խաղաղ ձեւով, այսինքն՝ ոստիկանների հետ կռվել պետք չէ, այդ ընդհարումը մեզ ոչինչ չի տալիս։ Հանրահավաքը վերջացնելուց հետո խմբերով գնացեք, մինչեւ ժ 21։30 փակեք փողոցները։» Հաջորդիվ առաջարկվեց անհնազանդության ակցիաներ իրականացնել վաղն առավոտյան․ «Վաղը՝ առավոտյան 07։30-ից սկսած, հնարավոր բոլոր խմբերով Երեւանի տարբեր հատվածներով բոլորս մեր մոտակա խաչմերուկները եւ փողոցները փակում ենք, որպեսզի սրանց տեղաշարժը պարալիզացվի, թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքենա, հրշեջ եւ խիստ ծանր վիճակում, ենթադրենք, հղի կին են տեղափոխում, միայն այդ մեքենաները»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը։ Դրանից հետո, ըստ հավաքի կազմակերպիչների, պետք է բոյկոտել Կառավարության վաղվա նիստը․ «Վաղը՝ ժամը 11-ին, այս շենքում տեղի է ունենալու Կառավարության նիստ, որը մեզ համար Կառավարություն չէ, այն Կառավարությունը, որը դրդեց, նպաստեց Արցախի ցեղասպանությանը եւ այժմ սպառնում է ՀՀ-ի սահմաններին, գոյություն չունի, ժամը 10-ին այս շենքը կշրջափակենք, թույլ չենք տա, որ այդ նիստը լինի»,- ասաց նա։
19:39 - 21 սեպտեմբերի, 2023
Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Վաղվա հանրահավաքին կհրապարակվի Ազգային կոմիտեի կազմը

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ուսանողներին ստիպել իրենց դասախոսներին դասադուլ իրականացնել։  «Բացի հատուկ նշանակության կառույցներից՝ մենք պետք է գործադուլների շարք սկսենք։ Մենք պետք է կարողանանք ամբողջ հանրապետությունով այս հրապարակի ոգին տարածել։ հավատացնում եմ ձեզ՝ այդ դեպքում է միայն հնարավոր, որ մենք կարողանանք արդյունք ապահովել»,- ասաց նա։ Հանրապետության հրապարակում էր նաև Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց՝ վաղվա հանրահավաքին կասի Ազգային կոմիտեի կազմը, ինչպես նաև այն, թե ինչ գործունեությանբ է կոմիտեն զբաղվելու։  Հիշեցնենք՝ Ազգային կոմիտե ստեղծելու մասին այսօր հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ որոշմանն են հանգել ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի հետ խորհրդակցությունից հետո։ «Ես կարծում եմ, որ մենք մտնում ենք նոր փուլի մեջ։ Ի տարբերություն նախորդ շարժումների՝ Փրկության կոմիտեի, Դիմադրության շարժումի, որոնք բավականին արդյունավետ բաներ անում էին, մենք հիմա մի շրջանում ենք, որ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը, և նույնը լինելու է հիմա Հայաստանում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Հանրահավաքի ժամանակ մարդկանց կոչ արեցին վաղը՝ Անկախության օրը, առավոտյան 7-ից սկսած, հավաքվել Եռաբլուրում։ 
21:29 - 20 սեպտեմբերի, 2023
ԱԺՄ. Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ. Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության հայտարարությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ Հայաստանում 1995-96 թվականներից սկսած ավանդույթ դարձավ, որ ընտրություններում մշտապես հաղթում է իշխանությունը: Իրականում 1995 թվականից ի վեր Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել երկու անգամ, ընդ որում երկու անգամ էլ իշխանությունը նախ փոխվել է դե ֆակտո, որից հետո միայն ընտրություններով «լեգիտիմացվել է» (1998 թ․, 2018 թ․)։ Չնայած այդ ամենին՝ ԱԺՄ կուսակցությունը մասնակցել է բազմաթիվ ընտրությունների՝ համոզված լինելով, որ միայն պայքարելով կարելի է կոտրել իշխանության վերարտադրման «կախարդական օղակը», մյուս կողմից՝ ընտրությունների ժամանակ պայքարը հնարավորություն է տալիս տարածել գաղափարներ և ձեռք բերել համախոհներ։Մեզ համար բացառություն էին 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։ Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։ Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։Մեզ համար բացառություն էին 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։ Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։ Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։ Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։ Հիմնական մրցակից 4 ուժերից մեկը իշխանությունն է, մյուս երկուսը կապված են եղել իշխանության հետ և միայն մեկն է, որին մենք դիտարկում ենք որպես սկզբունքային ընդդիմադիր ուժ։ Դա «Մայր Հայաստան» դաշինքն է և դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Վերջինս նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարն այս իշխանության դեմ՝ անկախ ընտրությունների արդյունքներից, ինչը նույնպես մեզ համար կարևոր գործոն է։ Սկզբունքային է նաև այն, որ Անդրանիկ Թևանյանն առաջին օրվանից եղել է այս իշխանության կոշտ քննադատը և կանխատեսել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը, պայքարել Արցախի անվտանգության և անկախության համար։ Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանի ավագանու ընտրություններում մենք պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ կոչ անելով մեր համախոհներին ու բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին և իրենց քվեն տալ «Մայր Հայաստան» դաշինքին։
11:21 - 12 սեպտեմբերի, 2023
Դատախազը պահանջեց տուգանել Վազգեն Մանուկյանին |armeniasputnik.am|

Դատախազը պահանջեց տուգանել Վազգեն Մանուկյանին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրգործով դատախազ Ալիկ Ստեփանյանը քիչ առաջ կարդաց մեղադրական ճառը։ Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Մանուկյանը ներկա է նիստին։ Ստեփանյանն ասաց` Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է շարունակման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին։ «Այսպիսով, դատաքննությամբ ապացուցվեց Մանուկյանին առաջադրված մեղադրանքը։ Պահանջում եմ Մանուկյանին մեղավոր ճանաչել 301-րդ հոդվածով, դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով` 500 000 դրամ»,-ասաց Ստեփանյանը։ Մեղադրող դատախազը հավելեց` Մանուկյանը հանդիսացել է ՀՀ 3-րդ վարչապետը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զբաղեցրել է պետական նախարարի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնները, իսկ հետագայում ԱԺ պատգամավոր է եղել, Հանրային խորհրդի նախագահ։ Սրանք պատիժը մեղմացնող հանգամանքներ են։ «Պահանջում եմ Մանուկյանի դեմ ընտրված խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատարանի որոշումը մտնի ուժի մեջ»,-ասաց դատախազը։ Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը (կամ «պլան Բ»-ն) իշխանության արագ զավթումն էր։
16:40 - 17 ապրիլի, 2023
Անհաղթահարելի ցանկություն․ Վազգեն Մանուկյան

Անհաղթահարելի ցանկություն․ Վազգեն Մանուկյան

Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝  -տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն,  -պաշտպանել ունեցածը, -այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։ (Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի): Նույնիսկ եթե առաջանում են նոր գաղափարներ, որոնք շրջում են մարդկության պատմությունը, գաղափարներ՝ հանուն որի մարդիկ գնում են բարիկադների, ուշ թե շուտ այդ պայքարը նորից վերաճում է նույն բանաձևին։ Սառը պատերազմի ավարտից հետո, թվում էր, թե սկսվում է մի նոր «ոսկե դարաշրջան», որտեղ ոչ թե արդեն այդ պայքարը նշանակություն ունի, այլ համամարդկային արժեքներն ու գաղափարները։ Թվում էր, թե նվազելու են հակամարտությունները պետությունների միջև, ստեղծվելու է համաշխարհային արդար, ազատ մի նոր հանրություն՝ բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով ու պետություններով։ Բայց վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ մարդկության համաշխարհային պատմության այդ բանաձևը՝ ունենալ, պաշտպանել և բաշխել, շարունակում է աշխատել: Ես այս տեսանկյունից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում և այլն, Արցախը դիտարկենք որպես հարստություն, որպես ռեսուրս։ Այս տեսակետից դժվար է հաշվել Արցախի գինը, բայց հաշվի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում հայտնաբերվեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշվի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարվում է ապագա սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մեկը, հաշվի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլև Հայաստանին էր ապահովում սննդի որոշ պաշարով, հաշվի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշվել, որ Արցախը մինչև 2020 թ․ եղած սահմաններով առնվազն 200-250 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը  Արցախի ու Հայաստանի յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։ Եթե վերոնշյալ բանաձևով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել և արդյունավետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստություն է։ Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա մենք այդ խնդիրը լիարժեք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտության պատճառներին, այդ մասին շատ է խոսվել)։ Երրորդ հարցը՝ հարստության ստեղծում և արդյունավետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախությունից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է և անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ոչ այնքան արդյունավետության գործոնով, այլ հիմնականում՝ իշխանությունների հովանավորչությամբ, մասնակցությամբ և ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանե ու շարունակվում է մինչ օրս։ Եվ դա բերեց նրան, ինչին որ բերեց։ Ո՞րն է Արևմուտքի հարստացման և հզորացման գաղտնիքը  Հարց է առաջանում՝ մի՞թե Արևմուտքի ներկա ապշեցուցիչ հարստությունն ու կյանքի բարձր որակը պայմանավորված են այն բանաձևով, որը ես նշեցի։ Որովհետև թվում է, թե Արևմուտքի հարստությունը ձևավորվում է իրենց ներքին կյանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտության, կրթության, տեխնիկայի,  տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի մյուս երկրներից, չնայած արդեն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։ Ինչի՞ց սկսվեց Արևմուտքի հարստությունն ու ազդեցությունը, որը գործում է արդեն շուրջ 500 տարի։ Մինչ այդ,  հարյուրամյակների ընթացքում, արևմուտքն աղքատ և բավականին անգրագետ մի հասարակություն էր, մոռացված էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժեքները, մոռացված էր ամեն ինչ։ Արևմուտքի զարգացման կարևոր նախադրյալ դարձան Խաչակրաց արշավանքները։ Այն ժամանակ հարստությունը, նաև գիտությունը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտությունը ոչ միայն ստեղծում է հարստություն, գիտությունը նաև արդյունք է այն հասարակության, որն արդեն հարստացած է և կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտության զարգացման համար։  Խաչակրաց արշավանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտություն, նոր ռեսուրսներ։ Արևմուտքի զարգացման կարևոր էջ դարձավ Ամերիկայի հայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթությունները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստությունը տեղափոխեցին Եվրոպա։ Երբ Մեծ Բրիտանիան գրավեց Հնդկաստանը, սկսվեց գաղութատիրությունը, որը մեծ դժբախտություններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձևավորումը։ Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արևմուտքի գաղութատիրության տակ էին։ Եվ աղքատ արևմտյան հասարակությունը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակույթը, գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները, կառուցվեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին և այդ պետություններին զարգանալու հնարավորություն էին տալիս։ Արևմուտքում սկսվեց արդեն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստությունը կուտակվել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձևավորվել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետությունների ներքին կյանքի կառուցվածքը, հարստության բաշխման անարդյունավետությունը  չէր խթանում հետագա զարգացումն ու նոր արժեքների ստեղծումը։ Եվ տեղի ունեցան հեղափոխություններ։ Լուծվում էր հարստության արդար և արդյունավետ բաշխման խնդիրը։ Այդ հեղափոխությունների միջոցով Եվրոպան կարողացավ կառուցել նաև դեմոկրատական հասարակարգ, որն արդեն լավագույն ձևով կարողանում էր ապահովել պետության հետագա զարգացումը և այնպես բաշխել ռեսուրսները, որ դժգոհություն չառաջացներ ժողովրդի մեջ և համապատասխաներ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման սկզբունքներին։ Ստեղծվեց ֆինանսական, բնական ռեսուրսների մի համաշխարհային համակարգ, որը հնարավորություն է տալիս մյուս ժողովուրդների հաշվին ապահովել իրենց ժողովուրդների բարեկեցությունը։ Կարողանալով զավթել հսկայական հարստություններ՝ Արևմուտքն այդ հարստության վրա կառուցեց հասարակություն, որը կրկնապատկեց, տասնապատկեց այդ հարստությունն արդեն իր ստեղծագործական աշխատանքով։ Նրանք կարողացան պաշտպանել իրենց ունեցվածքը՝ ստեղծելով աշխարհի ամենահզոր բանակները։ Այդպիսով, նշված բանաձևը՝ տիրել, պաշտպանել և բաշխել, լավագույնս իրականացրեց Արևմուտքը, և հենց դրանով է պայմանավորված նրա զարգացումն ու հզորությունը մինչ օրս։ Ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը Հայ ժողովրդի պատմությունը հիմնականում ներկայացնում են որպես պետության պատմություն։ Այդ 500 տարվա ընթացքում հայերը պետություն չունեին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը շատ արժեքավոր է։ Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նվաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստության, առևտրի, ազդեցության մի զգալի մասը գտնվում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակության չէին կարող նվաճել Հնդկաստանը։ Հայ վաճառականներին Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում տրվեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները։ Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրավունք ունեն ծառայելու նաև որպես սպա։ Մինչ այդ միայն անգլիացիները սպա լինելու իրավունք ունեին։ Հնդկաստանը նվաճելուց հետո անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարեզից, և Հնդկաստանում տեղի ունեցավ հայտնի Բենգալյան ապստամբությունն անգլիացիների դեմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբությանը մասնակցում էր 11 զորամիավորում, որոնցից մեկն ամբողջությամբ կազմված էր հայերից։ Երբ հոլանդացի առևտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարությանն ուղղված զեկույցներում հայտնում էին, որ Չինաստանի  առևտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հյուսում են չինացիների պես, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, և պետք է հայերի հետ լեզու գտնել, որպեսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։ Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նավատորմ, նավերից ամեն մեկն առանձին ընկերությունների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով ավելի մեծ էր, քան անգլիական ողջ նավատորմը։ Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերություն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսվելով տեղական իշխանությունների կողմից։ Որոշ ոլորտներում առևտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։  Մենք դիզել ենք հսկայական հարստություններ, արժեքներ մասնավոր, անհատական տիրույթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմյան քաղաքակրթության մեջ, մասնավորապես՝ մշակույթի, զինվորականության, գիտության, հեղափոխությունների, Ռեֆորմացիայի մեջ։  Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդյունքների հասնելու հնարավորություններ, ցույց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։ Ազգերի մասին իր հոդվածում Կանտը գրում է, որ հայերը մի յուրահատուկ շնորհք ունեն և Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում են առևտուր անել, զբաղվել տնտեսությամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների հարգանքն ու սերը։  Այդ ամենի հետ մեկտեղ մենք չունեինք պետություն և չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստությունը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամենը, այլև կամաց-կամաց մեզ դիտավորյալ մոռացության էին տալիս պատմությունից։ Բոլոր պետություններն էլ շահագրգռված էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմությունը գրում են հաղթողները։ Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստությունները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Պետությունը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց և շփվելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագավառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եվ ցանցային կառուցվածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակություն ունեն այսօրվա ժամանակաշրջանում և մեզ լրացուցիչ առավելություններ են տալիս։  Այդ որակները գումարվեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժեքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց ավելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետությունը պայքարում էր Հռոմի դեմ և իր գաղափարական, կրոնական զարգացումն ապրում Երուսաղեմում։ Ի՞նչ խնդիր ենք մենք այժմ դնում մեր առջև 1988 թ․ ԽՍՀՄ-ում գտվող Հայկական հանրապետության զարգացումով, Սփյուռքի հզորացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով  մեզ համար ստեղծվել էր ամենաբարենպաստ վիճակը, որը չենք ունեցել հարյուրամյակների ընթացքում․  Այդ ժամանակ խնդիր դրվեց․  - Արցախը՝ մեր պատմական այն բեկորը, որը բնակեցված է մեր հայրենակիցներով, վերամիավորել Հայաստանին, ստեղծել ազգային արժեքների վրա հիմնված ժամանակակից անկախ պետություն՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատությունները, պաշտպանվածությունը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։ -Վերամիավորել Սփյուռքը՝ ունենալով ոչ միայն պետություն, այլ նաև համաշխարհային թիմ, կառույց և այլ ժողովուրդների ու պետությունների հետ մրցակցության, համագործակցության միջոցով դառնալ ազդեցիկ, բարգավաճող և հարգված մի ազգ, մտնել արդեն հայտնի համաշխարհային մեծ խաղի մեջ։ Որոշ բաներ ստացվեցին, որոշ հարցերում ձախողվեցինք։ Եվ այդ ձախողումների, անհաջողությունների մեղավորն ուրիշները չեն, այլ միայն և միայն մենք։  Այժմ ունեցանք ցավալի պարտություն և կրում ենք այդ պարտության հետևանքները։ Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։ Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը։  Հետևաբար մենք պետք է կարողանանք կրկին մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնել և, օգտվելով այն հնարավորություններից, որոնք գոյություն ունեն այսօր նույնիսկ մեր պարտությունից հետո՝ կապված աշխարհում տեղի ունեցող նոր իրողությունների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջև 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաև յուրաքանչյուրիս անձնական ձգտումը՝ հասնելու հաջողության ու երջանկության։    Հազարամյակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք և պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր և ապագա սերունդների արժանապատիվ ու ազատ կյանքը, այլ մենք պատասխանատու ենք նաև մարդկության առջև։ Ես համոզված եմ՝ ճիշտ է այն միտքը, որ մարդկության զարգացումը տեղի է ունենում ազգերի, պետությունների մրցակցության միջոցով, և յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը։ Եվ եթե ինքն իր առաքելությունը չի կատարում, ապա դրանով վնաս է բերում ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը։  Իսկ ինչպե՞ս է հնարավոր լուծել այն մեծ խնդիրները, որոնք դնում ենք մեր առջև։  Նախևառաջ դա հնարավոր է այն դեպքում, երբ մեծ խնդիր լուծելու այդ գաղափարով վարակվի մեր ժողովուրդը, լինի գիտակցում, որ դա միակ ճանապարհն է և դա է ապահովելու բոլորիս հպարտությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը։ Այդ դեպքում մենք պահանջատեր կլինենք արդեն ոչ թե այլ երկրների նկատմամբ, այլ ինքներս մեր նկատմամբ, մեր հասարակության նկատմամբ, պետական ինստիտուտների, պետության ղեկավարների նկատմամբ։ Այդ դեպքում մենք միշտ էլ որպես պետության ղեկավար կգտնենք այն մարդկանց, որոնք կարող են մեզ տանել այդ ճանապարհով, ազնիվ, հայրենիքն ու ժողովրդին սիրող, այդ գաղափարին նվիրած խելացի մարդկանց։ Այդ դեպքում կլինի նաև միասնական հասարակական պահանջ, և մենք կկարողանանք հեշտությամբ փոխել այն իշխանությանը, որը չի համապատասխանում այդ չափանիշներին և վերջապես դուրս կգանք այն վնասաբեր բանաձևից, որը ձևավորվեց մեր անկախության ստեղծման գրեթե սկզբից՝ «ով ուզում է գա, միայն թե սրանք գնան»։ Ինչ վերաբերում է այս ճանապարհի առաջին քայլերին, ապա դա առանձին քննարկման առարկա է։ Բայց նշեմ, որ այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները՝ լինի դա պայմանագիր Ադրբեջանի, Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ։ Պետք է արագորեն կարողանալ արդիականացնել և նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակությունը, պետական ինստիտուտները և հատկապես կրթական համակարգը։  Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արևմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետև  մենք պետք է լինենք բոլորի հետ՝ ամեն անգամ հաշվի առնելով, թե ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխվեն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և այլն)։ Մենք պետք է լինենք մեզ հետ՝ չվանելով ոչ մի պետություն և կարողանալով համագործակցել բոլորի հետ։ Հետագա քայլերն արդեն կթելադրեն հանգամանքները, եթե մենք անշեղորեն հետապնդենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները։ Հայ ժողովուրդը մարդկության զարգացման արժեքավոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը»։ 
13:37 - 07 դեկտեմբերի, 2022
Պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում, Արցախում չեն հանձնվում, իսկ Հայաստանը հանձնվո՞ւմ է․ Վազգեն Մանուկյան

Պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում, Արցախում չեն հանձնվում, իսկ Հայաստանը հանձնվո՞ւմ է․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում: Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։ Ո՛չ։ Հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։Այդ կոչերը գալիս են վախկոտությունի՞ց, թե տգիտությունից, նյութական ու անձնական շահագրգռվածությունի՞ց, թե իրենց գաղափարներից, արդեն կարևոր չէ։ Նրանք մեր պետությունն ու ժողովրդին տանում են կործանման։ Տրդատ թագավորի ժամանակ Հայաստանի տարածքը 320 հազար քառ․ կմ էր, այն ժամանակվա աշխարհի համար՝ մեծաթիվ բնակչությամբ։ Այժմ մնացել է նվազող 29 հազար քառ․ կմ տարածքով Հայաստան, իսկ այս իշխանությունը հրաժարվում է նաև մեր հայրենակիցներով բնակեցված մեր պատմական ևս մեկ տարածքից՝ Արցախից, որի գոյության և անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կա՛մ Հայաստանի կազմի մեջ, կա՛մ անկախ՝ իր թիկունքին ունենալով Հայաստանը։ Եվ Արցախին սատար կանգնելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 1988 թվականին։ Մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է գաղափարական մի հոսանք, որը հատկապես անհաջողությունների ու պարտությունների ժամանակ ավելի ցայտուն է զգացվել, քարոզվել ու տարածվել՝ եկեք հանձնվենք, նվազեցնենք մեր պահանջները, հրաժարվենք մեր ազգային որոշ արժեքներից, խնդիրներից ու նպատակներից, որ կարողանանք գոյատևել։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ տրվելով այդ հոսանքին՝ ոչ միայն չենք կարողացել ապահովել այդ գոյատևումը, այլև ունեցել ենք տարածքային ու մարդկային ավելի մեծ կորուստներ։ Եվ դա բացատրվում է ոչ միայն մեր աշխարհաքաղաքական ու տարածքային առանձնահատկություններով, այլև ընդհանուր խնդիր է բոլոր ժողովուրդների համար։Այն զարգացած և հզոր պետությունները, որոնց մենք նախանձով ենք նայում, այդ հզորությունն ու բարգավաճումը կերտել են իրենց շահերը պաշտպանելու համառ պայքարով՝ չտրվելով թվացյալ խաղաղության ու գոյատևման պատրանքներին։Ուստի մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»։0
17:00 - 15 ապրիլի, 2022
Դատարանը մերժեց միջնորդությունը․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց |armtimes.com|

Դատարանը մերժեց միջնորդությունը․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը քիչ առաջ մերժեց Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացնելու միջնորդությունը: Այսօր մեկնարկեց նախկին վարչապետի գործով դատական նիստը։ Նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել գործի քննությունը, քանի որ Վազգեն Մանուկյանի գործով ներգրավվել է երկրորդ փաստաբան՝ Էրիկ Ալեքսանյանը, որը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին:  Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը):
17:04 - 20 հուլիսի, 2021
Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը |armenpress.am|

Պաշտպանները միջնորդել են վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը |armenpress.am|

armenpress.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացրեց։ Պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։  Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։
15:19 - 20 հուլիսի, 2021
Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին Առաջին ալիքին տված հարցազրույցին․ «Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար: Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ և հազարավոր երիտասարդ կյանքեր, այլև մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը և մեր հավատն ապագայի նկատմամբ: Հետևաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարևորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից: Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաև փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով: Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարևորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ և լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը: Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, և անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ: 1. Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը: 2.Մենք ունենք դաշնակիցներ: Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաև 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում: Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաև նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից: 3. Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին: Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը: Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել: Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության և ժողովրդի համար: Դրա վառ ապացույցն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին»:
23:07 - 16 հունիսի, 2021
Եթե բանակն իր վրա չվերցնի իր պարտականությունը, պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց. ՀՓՇ

Եթե բանակն իր վրա չվերցնի իր պարտականությունը, պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց. ՀՓՇ

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից: Այս ամենը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի շարունակությունն է: Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և դրա իրագործումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները, խախտելով նույնիսկ մեզ համար անընդունելի այդ փաստաթուղթը, շարունակեցին զիջել նոր տարածքներ: Դուրս հանելով ՀՀ Զինված ուժերը Զանգելանից և Որոտանից (Կուբաթլու)՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ սկսեցին սահմանները գծել GPS-ով՝ ի վնաս մեզ: Հետագայում պարզվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան ստորագրված նաև գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկը պատահաբար բացահայտվեց 2020 թ. դեկտեմբերին: Այժմ, ըստ հավաստի տեղեկությունների,  կան այլ փաստաթղթեր ևս՝ ստորագրված 2021 թ. հունվարի 11-ին: Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, առանց հայկական կողմից որևէ դիմադրության, խախտելով նույնիսկ GPS-ով ապօրինի գծած սահմանները, ներխուժում և գրավում են ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող նոր տարածքներ: Եվ ո՛չ մի համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից: Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն, ինչպես բացատրելի չէ ՀՀ նախագահի վարքագիծը, որն ի պաշտոնե մեր պետության գլուխն է և մեր երկրի շահերի պաշտպանն ու երաշխավորը: Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունների կողմից բացատրվում է նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականությունն ամենակարճ ճանապարհն է դեպի լայնածավալ պատերազմ (հիշենք 1938 թ. Մյունխենի համաձայնագիրը): Բանակն ունի պարտականություններ՝ ենթարկվել իշխանության հրամաններին և պաշտպանել երկիրը: Սակայն այս երկու պարտականությունների միջև հակասության դեպքում պարտավոր է ընտրել հայրենիքի պաշտպանությունը, ինչը չանելու դեպքում մեղավորները վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության: Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց, որպեսզի ժողովուրդն իր վրա վերցնի երկրի պաշտպանության գործը»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:27 - 15 մայիսի, 2021
Այս իշխանությունը ոչ թե պետք է արտահերթ ընտրություններով փոխել, այլ ժողովուրդը պետք է վտարի նրանց. Վազգեն Մանուկյան |tert.am|

Այս իշխանությունը ոչ թե պետք է արտահերթ ընտրություններով փոխել, այլ ժողովուրդը պետք է վտարի նրանց. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր ինձ մոտեցավ մի պապիկ և հարցրեց՝ ի՞նչ արեցիք այս երկրի հետ, այս ամենը ինչ տեսնում եք, կառուցվել է կոմունիստների ժամանակ, երբ մենք աշխատում էինք, արարում, ստեղծում ու հանգիստ ապրում, ես 2 տարի առաջ կարող էի նրան պատասխանել, իսկ հիմա քաղաքացիներին պատասխան չեմ կարողանում տալ։ Այս մասին Սևանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը։ «Երկրում շատ թերություններ են եղել, բայց մենք նաև հաղթանակներ ունեցանք։ 5000 ժողովուրդ աշխարհի երեսին ուզում է անկախություն ունենալ, բայց գոյություն ունի ընդամենը  200 անկախ պետություն, որոնցից մեկը մենք ենք, մենք կառուցեցինք մի բանակ, որը ամենամարտունակն է Անդրկովկասում, մենք կարողացանք հետ վերցնել մեր հայրենիքը այն  հատվածը, որը կոչվում է Արցախ, բայց պատերազմի 44 օրից հետո ես քաղաքացիների պատասխան չունեմ. այն ինչ կատարվեց 44 օրերի ընթացքում պատերազմ չէր»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Նա նաև ընդգծեց՝ ամիսներ շարունակ հայ ժողովրդին խաբում էին, հիմա ժողովուրդը այլ ճանապարհով պետք է առաջնորդվի, արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։ «Մենք մտածում էինք՝ հաղթում ենք, բայց այնինչ մենք անընդհատ պարտվում էինք, իսկ հազարավոր երիտասարդներ գնում էին։ Այս իշխանությունը ոչ թե պետք է արտահերթ ընտրություններով փոխել, այլ ժողովուրդը պետք է վտարի նրանց: Ես ընտրությունները չեմ ընդունում, քանի որ դա իրենից ենթադրում է՝ վատ իշխանություն է լինում, փոխում ենք, բայց սա դավաճանություն է, իսկ սերունդներին պետք է ցույց տալ՝ չենք ներում դավաճանություն»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
15:49 - 06 ապրիլի, 2021