Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Այսօր ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ադրբեջանական ավիաընկերությունը քաղաքացիական չվերթների համար օգտագործում է Հայաստանի օդային տարածքը։ Լուրն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում և սոցիալական հարթակներում, սակայն որոշ լրատվական կայքեր ինչպես նաև սոցիալական հարթակում որոշ անհատներ այս լուրը ներկայացրին մանիպուլյատիվ:  Մասնավորապես Գագիկ Համբարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում «Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին (լուսանկար)» վերտառությամբ գրառում է կատարել, որում Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքների համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Այս գրառումը տարածել են mamul.am, blognews.am, antifake.am լրատվական կայքերը։  Բացի այս գրառումից լրատվական կայքերը գրում են, որ Հայաստանն իր օդային սահմանը բացել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքների համար։ Արագորեն տարածվող լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ֆեյսբուքյան էջի գրառումն է, որտեղ ասվում է, որ այսուհետ «Ազալ» ավիաընկերությունն Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներն սկսում է իրականացնել նաև Հայաստանի օդային տարածքով, քանի որ այդպես կրճատվում է թռիչքի ժամանակը և վառելիքի ծախսը։ Բացի սրանից ասվում է, որ «Ազալն» այսուհետ կօգտագործի օդային բոլոր ճանապարհները թռիչքներ իրականացնելու համար, այդ թվում Հայաստանի և Իրանի օդային սահմանները։ Սակայն Հայաստանն իր օդային տարածքն ադրբեջանական ավիաընկերությունների համար չի բացել, քանի որ այն փակ չի էլ եղել։ Այսպես, օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և խնդրել պատասխանել թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների՝ Հայաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ մի քանի հարցերի։  Մասնավորապես հարցրել էինք, թե ադրբեջանական ավիաընկերությունը վերջին 10 տարիներին Հայաստանի օդային տարածքով Թուրքիա և Ադրբեջան թռիչքներ իրականացրել է, թե ոչ։ Քաղավիացիայից ստացած գրության համաձայն՝ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունը դեպի Թուրքիա թռիչքներ չի իրականացրել, իսկ դեպի Նախիջևան վերջին թռիչքներն իրականացվել են 2014 թվականին: Մենք նաև խնդրել էինք տրամադրել թռիչքային կոդերի համարները, սակայն վաղեմության պատճառով թռիչքների կոդերն ու օրերը ներկայացնելը հնարավոր չի եղել:  Թուրքական ավիաընկերության վերաբերյալ Քաղավիացիայի տրամադրած պատասխանում նշված է, որ Հայաստանի օդային տարածքով Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ի՞նչ թռիչքներ են իրականացվել Հայաստանի օդային տարածքով Դեռևս հուլիսի 30-ին անդրադարձել էինք Հայաստանի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու-Ստամբուլ երթուղով քաղաքացիական թռիչքներին և ներկայացրել վերջին մեկ տարվա տվյալներ։ Այժմ ներկայացնենք Flightradar-ում պահպանված թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների Գյանջա-Նախիջևան-Գյանջա և Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքները։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK 326 թռիչքային կոդով թուրքական ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան երթուղով թռիչքը Հայաստանի օդային տարածքով իրականացրել է 20 անգամ՝ մայիսի 15-ին, 29-ին, հունիսի 5-ին, 12-ին, 19-ին, 26-ին, հուլիսի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին, 31-ին, օգոստոսի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին, սեպտեմբերի 4-ին, 11-ին, 18-ին, 25-ին և հոկտեմբերի 2-ին։ Այս ընթացքում Իրանի օդային տարածքով թռիչք իրականացվել է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին։ Նախիջևան-Գյանջա երթուղով թռիչքները նույնպես իրականացվել են Հայաստանի օդային տարածքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK328 թռիչքային կոդով իրականացվել է 21 անգամ՝ մայիսի 18-ին, 25-ին, հունիսի 1-ին, 8-ին, 15-ին, 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին, օգոստոսի 3-ին, 10-ին, 14-ին, 24-ին, 31-ին, սեպտեմբերի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին և հոկտեմբերի 5-ին։  Նույն թռիչքային կոդով Հայաստանի օդային տարածքով 5 թռիչք էլ իրականացվել է Գյանջա-Ստամբուլ ուղղությամբ՝ հունիսի 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 24-ին և սեպտեմբերի 14-ին։  Ադրբեջանական ավիաընկերությունը, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի օդային տարածքով թռիչք չի իրականացրել 2014 թվականից ի վեր։ Սակայն այսօր՝ հոկտեմբերի 6-ին,  J2251 թռիչքային կոդով ադրբեջանական ավիաընկերությունն իրականացրել է Բաքու-Նախիջևան թռիչքը Հայաստանի երկնքով։ Նույն օրվա ընթացքում մեկ թռիչք էլ եղել է Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ J2252 թռիչքային կոդով։ Հետաքրքրական է J2252 թռիչքային կոդով մայիսի 16-ին իրականացված թռիչքը, որը եղել է Իրանի օդային տարածքով, սակայն, ըստ Flightradar-ի հետագծի՝ ինքնաթիռը մտել է Հայաստանի օդային տարածք։  Ի՞նչ է ասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մի շարք երկրներ վավերացրել են սույն կոնվենցիան, որով կարգավորվում է երկրների քաղաքացիական ավիացիաների միջև կապը, և համաձայն որի՝ գործում են համընդհանուր օրենքներ։ Սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 18-ից։ Համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերի՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից:  Հետևաբար՝ կոնվենցիան վավերացրած պետությունները չեն կարող արգելքներ սահմանել կոնկրետ մի պետության քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ և արգելք սահմանելիս էլ պետք է այն գործի բոլոր օդանավերի նկատմամբ անկախ դրանց ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ Հայաստանի օդային տարածքը մշտապես բաց է եղել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ավիաընկերությունների համար։ Թեմայի վերաբերյալ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այսպիսով՝ այն լուրերը, թե Հայաստանը օդային տարածքը բացել է կամ «օդային միջանցք» է տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, մանիպուլյատիվ են։ Նարեկ Մարտիրոսյան
16:35 - 06 հոկտեմբերի, 2021
Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքներ իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը․ դրանից հետո Ադրբեջանն իր նախաձեռնությամբ է դադարել է օգտվել  ՀՀ օդային տարածքից

Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքներ իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը․ դրանից հետո Ադրբեջանն իր նախաձեռնությամբ է դադարել է օգտվել ՀՀ օդային տարածքից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։ Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»:
16:28 - 06 հոկտեմբերի, 2021
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

fip.am: Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»-, հայտարարեց Սուքիասյանը։ Հաջորդ օրը Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ոչ միայն վերահաստատեց իր ելույթում արված պնդումները, այլև հայտնեց նոր մանրամասներ. «Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել»: Սարգսյանին՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում միլիոններ վատնելու մեջ բազմաթիվ անգամներ մեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարկ է նաև նշել, որ 2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, պատասխանելով այս մեղադրանքներին, Սարգսյանը չէր հերքել իր՝ Բադենում լինելը, բայց և նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, իսկ նա մշտապես շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։ «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը, և ուսումնասիրել է, թե որ ուղղություններով է այն թռել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Որոշ թռիչքների բացահայտման համար օգտագործվել են նաև բաց աղբյուրներ։ Բադենի ամենամյա հանգստի առեղծվածը Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքը Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրած տվյալներից։ Հարկ է նշել, որ չնայած տրամադրած տվյալների մի մասում որպես ժամանման քաղաք նշված է «Բադեն», մյուսներում՝ «Բադեն-Բադեն», իսկ որոշ դեպքերում նաև «Կարլսռուhե», սակայն ուսումնասիրելով այդ թռիչքների ժամանակագրությունը և համադրելով համացանցում եղած լուսանկարները՝ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում խոսքը Գերմանիայի Բադեն տարածաշրջանում Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների միջև գտնվող Կարլսռուհե/Բադեն-Բադեն (Flughafen Karlsruhe/Baden-Baden) օդանավակայանի մասին է: Այսպես, առաջին անգամ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր հանգստի համար Հայաստանի հարկատուների հաշվին պետական օդանավը օգտագործել է 2008 թ. օգոստոսին՝ Բադեն-Բադեն մեկնելու համար։ Համաձայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախագահը երկշաբաթյա արձակուրդ էր մեկնել օգոստոսի 4-ին։ Նշված էր, որ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, ինչից հետո կմեկնի Պեկին՝ պաշտոնական հանդիպման։ Թռիչքը, սակայն, իրականում տեղի էր ունեցել հայտարարությունից մեկ օր առաջ։ Օգոստոսի 3-ին EK-RA01 գրանցման համարով հայկական կառավարական օդանավը գերմանացի լուսանկարչի կողմից նկատվել էր առողջարաններով և խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Երկու օր անց՝ օգոստոսի 5-ին, մեկ այլ լուսանկարիչ կրկին ֆիքսել էր հայկական օդանավը նույն օդանավակայանում՝ հայտնելով, որ Հայաստանի նախագահը այնտեղ է մնացել 3 օր։ Հատկանշական է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցուցակում առկա չէ այս թռիչքը, ինչպես որ բացակայում են հաջորդ տարվա՝ 2009-ի օգոստոսին նախագահի արտերկրյա արձակուրդի թռիչքի տվյալները: Կարմիրով նշված են կառավարական օդանավի փաստացի կատարած, բայց Քաղավիացիայի տրամադրած տվյալներում բացակայող թռիչքները Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախագահն արձակուրդ էր մեկնել 2009 թ. օգոստոսի 11-ին, իսկ արդեն օգոստոսի 15-ին կառավարական օդանավը ֆիքսել էին Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում։ Թե որքա՞ն է այնտեղ մնացել Սարգսյանը՝ հայտնի չէ։ Ժամանում պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում, 2016 թ․ Նույն տարում՝ չորս ամիս անց, Սարգսյանը, օգտագործելով պաշտոնական հանդիպման առիթը, կրկին թռել է Բադեն։ Մյունխենում 2009 թ. նոյեմբերի 22-ին պլանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ղարաբաղյան խնդրով բանակցությունների համար։ Այս հանդիպման կազմակերպման համար նախագահը Քաղավիացիայի վարչությանը կարգադրել էր պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթերը։ Ընդ որում, ըստ կարգադրության, հանդիպումից 4 օր առաջ նախապես մեկնում են միայն նախագահ Ս․ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Ա․Ղահրամանյանը, ՊՊԾ պետի տեղակալ Վ. Ղազարյանը (Սերժի Վաչո) և անվտանգության ևս 5 աշխատակիցներ։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունխենում, 2009 թ․ Սակայն պատվիրակությունն ուղիղ մեկնում է ոչ թե Մյունխեն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, այլ Բադեն-Բադեն քաղաք, և ինքնաթիռը միայն նոյեմբերի 22-ին է նկատվում Մյունխենի օդանավակայանում։ Այսինքն՝ Ալիևի հետ հանդիպումից մի քանի օր առաջ Սարգսյանը ժամանակ է անցկացրել Բադեն-Բադենում, որտեղից էլ մեկնել է պաշտոնական հանդիպման։ Սարգսյանի հաջորդ այցը Բադեն-Բադեն կայացել է 2010 թ. հուլիսին՝ արձակուրդի ընթացքում։ Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանը հուլիսի 24-ին մեկնելու էր «կարճատև արձակուրդի», որի «միայն մի մասը» պետք է անցկացներ արտերկրում: Սակայն ի հակառակ աշխատակազմի հաղորդագրության, Սարգսյանն արձակուրդի ողջ ընթացքում մնում է արտերկրում։ Համաձայն թռիչքների ժամանակագրության՝  կառավարական ինքնաթիռը Երևանից մեկնել է հուլիսի 24-ին և մինչև օգոստոսի 8-ը մնացել Բադեն-Բադենի օդանավակայանում։ Այս շրջանում նախագահական կայքում ևս բացակայում են նախագահի մասին մամուլի հաղորդագրությունները։ Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ այնքան առողջարանային այս քաղաքում երկու շաբաթ գտնվելու փաստը, այլ օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրում Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել։ Բադեն-Բադեն ամենամյա այցելությունների շրջանակում 2011 թվականը ևս բացառություն չէր։ Նախագահը մեկնել էր «կարճատև» արձակուրդի։ Հուլիսի 30-ին նախագահական օդանավը մեկնել էր Բադեն-Բադեն։ Հատկանշական է, այս դեպքում թռիչքը դեպի գերմանական այս քաղաք նախագահի համապատասխան հրամանագրում չէր թաքցվում, ինչպես նախորդ անգամ։ Սարգսյանի «կարճատև» հանգիստը գերմանական այս քաղաքում տևում է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 11-ը և ավարտվում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ նախագահը ժամանել էր աշխատանքային այցով։ 2012 թ. հուլիսի 26-ին մեկնարկած Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի առիթը Սարգսյանը նույնպես հաջողացրել էր օգտագործել կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Այսպես, նախագահը պետք է ներկա գտնվեր Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Պաշտոնական այցի վերջում, սակայն, պետական ինքնաթիռը ոչ թե վերադառնում է Երևան, այլ վայրէջք կատարում Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայանում։ Արդեն օգոստոսի 2-ին նախագահականը հաղորդագրություն է տարածում՝ հայտնելով, որ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում։ Օգոստոսի 7-ին, ընդհատելով հանգիստը, 3-րդ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է ՌԴ նախագահի հետ։ Այս թռիչքը, սակայն, Քաղավիացիայից ստացած տվյալներում բացակայում է, և հարց է ծագում, թե ի՞նչ օդանավով և որտեղից է Սարգսյանը մեկնել Մոսկվա հանդիպման։ Հետաքրքրական է նաև պետական օդանավի՝ օգոստոսի 15-ին իրականացրած Երևան-Կալյարի-Երևան չվերթը, որի մասին տեղեկություն չկա ո՛չ նախագահականի հաղորդագրություններում, ո՛չ էլ կարգադրություններում։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառավարական ինքնաթիռը թռիչք կատարել իտալական Կալյարի հանգստյան քաղաք, որը հայտնի է իր տեսարժան վայրերով և խաղատներով։ 2013 թվականին Սարգսյանը, վերընտրվելով նախագահի պաշտոնում, չխախտելով ավանդույթը, հանգիստը կրկին անցկացրել է Բադեն-Բադենում։ Նախագահական օդանավը նրան հունիսի 12-ին տարել է գերմանական այս քաղաք։ Ուշագրավ է, որ օդանավը միանգամից չի վերադարձել Երևան, այլ կանգառ է արել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, Երևանից պետական օդանավը մեկնել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայան, որտեղից նրան տարել է Վիեննա՝ նույն օրը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որի ավարտից հետո՝ նույն օրը, Սարգսյանին վերադարձրել է Երևան: Սակայն պաշտոնական հանդիպումներով խաթարված իր հունիսյան հանգիստը Սարգսյանը շարունակել է մյուս ամիս։ Այսպես, հուլիսի 22-ին պետական օդանավը Սարգսյանին տարել է Բադեն-Բադեն, թողել նրան այնտեղ և տրանզիտային վայրէջք կատարելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ վերադարձել է Երևան։ Այս անգամ ևս նախագահի հանգիստը ընդհատվել է աշխատանքային այցով. օգոստոսի 4-ին Սարգսյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Պետական օդանավը, սակայն, նախագահին վերցրել է ոչ թե Բադեն-Բադենից, որտեղ նրան թողել էր, այլ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից, որը գտնվում է Բադեն-Բադենից ընդամենը 150 կմ դեպի հարավ։ Թե ինչու՞ և ինչպե՞ս էր նախագահը հայտնվել աշխարհի ֆինանսական և բանկային կենտրոն համարվող շվեյցարական այս քաղաքում՝ անհայտ է։ Սակայն երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո նա կրկին Ցյուրիխ է վերադառնում՝ ևս մեկ շաբաթ արձակուրդ անցկացնելու։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 11-ին, նախագահին արձակուրդից վերադարձնելու համար Երևանից Ցյուրիխ է մեկնում  պետական օդանավը, որը հետ գալու ճանապարհին վայրէջք է կատարում նաև Աթենքում, ամենայն հավանականությամբ՝ վերցնելու այն ուղևորին/ներին, որոնց թողել էր այնտեղ ավելի քան 20 օր առաջ։ Սերժ Սարգսյանն ու կառավարական օդանավը 2014 թվականի օգոստոսի 3-ին նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել, որտեղից էլ պետք է մեկներ Սոչի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Ուշագրավ է սակայն, որ Սարգսյանը, Ալիևի հետ հանդիպումից առաջ կրկին մեկնում է Բադեն-Բադեն։ Նա այնտեղ մնում է երեք օր՝ օգոստոսի 5-8-ը, որից հետո մեկնում է Սոչի, որտեղ կայացած եռօրյա հանդիպումներից հետո՝ օգոստոսի 11-ին, վերադառնում է ոչ թե Երևան, այլ Բադեն-Բադեն։ Նույն օրը նախագահականը հայտնում է նրա՝ կարճատև արձակուրդ մեկնելու մասին։ 2015 թ. ամռանը, չխախտելով ավանդույթը, Սարգսյանը արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում՝ պետական օդանավով այնտեղ մեկնելով հուլիսի 24-ին։ Պետական օդանավը այնտեղ մնում է երկու շաբաթ. Սարգսյանը օգոստոսի 1-ին վերադառնում է Երևան՝ արարողության մասնակցելու համար։ Երկու օր անց պետական օդանավը նրան տանում է Ցյուրիխ, որտեղ Սարգսյանը մնում է մինչև օգոստոսի 15-ը։ Նկատենք, որ օդանավակայանում պետական օդանավի կայանման համար անհրաժեշտ է վճարել  կայանման վճար։ Իր ղեկավարման վերջին երկու տարիներին՝ 2016 և 2017 թվականներին, Սարգսյանն այցելում էր Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ արդեն տարեկան երկուական անգամ։ Սակայն ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի այցն է Բադեն-Բադեն Ապրիլյան պատերազմի ֆորմալ ավարտից մի քանի ժամ անց՝ ապրիլի 5-ին։ Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 5-ին հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն, փաստացի, լարված իրավիճակը և ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով դեռ շարունակվում էին։ Ավելին՝ հակառակորդը շարունակում էր խոշոր տրամաչափի զենք կիրառել, հայկական կողմից գրանցվում էին զոհեր, իսկ բազմաթիվ զինվորներ կյանքի համար պայքար էին տալիս։ Եվ այս ծանր իրավիճակում, պարզվում է, Սարգսյանը ապրիլի 6-7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն մեկնելու համար։ Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն և մեկ օր անց միայն՝ ապրիլի 6-ին հայտնվել Բեռլինում։ Ի՞նչ էր անում Սարգսյանը Բադեն-Բադենում երկրի համար այդ սարսափելի ժամանակահատվածում և ինչու՞ Երևանից մեկնեց հանդիպումից մեկ օր առաջ՝ կրկին հայտնի չէ։ 2016 թ. օգոստոսին նախագահը կրկին մեկնում է Բադեն-Բադեն՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցից անմիմիջապես հետո։ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անմիջապես Բրազիլիայից, բայց ոչ նախագահական օդանավով։ Սակայն արդեն օգոստոսի 25-ին Երևանից մեկնած պետական օդանավը վերադարձրել է նրան Երևան։ 2017 թ. ամանորյա տոները նախագահը կրկին որոշում է անցկացնել արդեն հարազատ դարձած գերմանական քաղաքում և հունվարի 5-ին, հայտարարելով իր արձակուրդի մասին, պետական օդանավով մեկնում է Բադեն-Բադեն/Կարլսռուհեի օդանավակայան։ Պետական օդանավով Սերժ Սարգսյանի վերջին արձակուրդային թռիչքը դեպի Բադեն-Բադեն տեղի է ունեցել 2017 թ. հուլիսի 22-ին, ընդ որում՝ պաշտոնապես արձակուրդի հայտարարումից երկու օր շուտ։ Արդեն օգոստոսի 5-ին Սարգսյանն ընդհատում է արձակուրդը և գործարար Սամվել Կարապետյանին պատկանող օդանավով մեկնում է (կառավարական օդանավը խափանվել էր Գերմանիայում) Թեհրան՝ մասնակցելու Իրանի՝ վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Այնուհետև Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մեկնում է Ցյուրիխ, որտեղից օգոստոսի 14-ին պետական օդանավով վերադառնում է Երևան։ Շարունակությունը՝ fip.am-ում
13:25 - 16 սեպտեմբերի, 2021
«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է  Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

Օդեսա-Երեւան չվերթն ադրբեջանական ավիաընկերության կողմից իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «SkyUP» ավիաընկերության հետ, ինչին ի պատասխան՝ ավիաընկերությունն իր խոր մտահոգությունն է հայտնել։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քաղավիացիայի կոմիտեից։ Այս տարվա օգոստոսի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Սարգսյանը գրել էր, որ նույն օրը Օդեսայից Երեւան թռիչքն իրականացրել է ադրբեջանական Buta Airways ավիաըներությունը։ Գրառման մեկնաբանությունների դաշտում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը նշել էր, որ 06.08.2021 թվականի Օդեսա-Երեւան (չվերթի համարը PQ 407) չվերթն իրականացրել է ուկրաինական «SkyUp» ավիաընկերությունը, որին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տվել է համապատասխան թույլտվություն, իսկ Buta Airways ավիաընկերությանը Քաղավիացիայի կոմիտեն որեւէ չվերթի թույլտվություն չի տրամադրել: Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Օդեսա-Երեւան երթուղով չվերթի թույլտվություն տրամադրվել է բացառապես ուկրակինական «SkyUP» ավիաընկերությանը։ «SkyUP»-ից նշել են, որ նստեցման կտրոնի տրամադրման պատասխանատուները հանդիսանում են միջնորդ ընկերությունները (handling companies): Քաղավիացիայի կոմիտեից ստացած պատասխանի համաձայն՝ ուկրաինական ավիաընկերությունը հայտնել է նաեւ, որ հետաքննությունն է սկսել՝ պարզելու սխալ նստեցման կտրոնների տրամադրման պատճառները։  Կոմիտեից հայտնում են, որ Օդեսա-Երեւան չվերթի հաշվառումն իրականացվել է Օդեսա քաղաքի օդանավակայանում եւ նստեցման կտրոնները տրամադրել են Օդեսա քաղաքի օդանավակայանի ծառայությունները։ Ասպրամ Փարսադանյան
18:05 - 23 օգոստոսի, 2021
ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 13-ին այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր մոտեցումները։ Ողջունելով ՔԱԿ անձնակազմին՝ Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության միջոցով հնարավոր կլինի առկա խնդիրների վերհանման և հետագա մարտահրավերների կանխատեսման և հաղթահարման ուղղությամբ հաջողությունների հասնել, և այդ առումով կարևորել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմի մասնագիտական բարձր ներուժը։ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացրած և շարունակվող աշխատանքները, ոլորտի զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարության տեղեկացմամբ՝ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ում նախարար Գնել Սանոսյանը գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է ՀՀ օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, մասնավորապես, օդային երթևեկության կարգավարական և աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման համակարգերին ու գործառույթներին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՏԿԵ նախարարն այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ժամանման, մեկնման սրահներում, ուղևորների նստեցման և սպասարկման հարակից գոտիներում, ծանոթացել է նաև օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնի աշխատանքին։ «Մարսելո Վենդեն նախարար Գնել Սանոսյանին ներկայացրել է օդանավակայանի ուղևորահոսքերի սպասարկման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ուղևորների սպասարկման կազմակերպման դժվարությունների մասին։ Մարսելո Վենդեն և ՀՀ ՏԿԵ նախարարը, մասնավորապես, անդրադարձել են օդանավակայանի սպասարկած ուղևորահոսքերի հեռանկարային աճի պայմաններում օդանավակայանի սպասարկման սրահների ընդլայնման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ ոլորտի պետական գերատեսչության ու օդանավակայանի կառավարիչի միջև հետագա գործակցության վերաբերյալ հարցերին»,- հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Շրջայցի ավարտին Գնել Սանոսյանը այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենք, որտեղ քննարկվել է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցի պահպանման և հնարավոր օգտագործման տարբերակների, ինչպես նաև օդանավակայանի զարգացման համար ենթակառուցվածքների հետագա ընդլայնման հնարավորությունների ուղղությամբ հավասարակշռված լուծումներ գտնելու հարցը։
19:39 - 13 օգոստոսի, 2021
Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված օդանավի շվեյցարական սեփականատիրոջը |hetq.am|

Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված օդանավի շվեյցարական սեփականատիրոջը |hetq.am|

hetq.am: «Fly Armenia Airways» ավիաընկերությունը դատի է տվել իր ավապարկում գրանցված ու փետրվարի 20-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում վայրէջք կատարած «Boeing 737-300» ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-FAA) սեփականատեր շվեյցարական ընկերությանը: Հիշեցնենք, որ շվեյցարական «BK Impex» բաժնետիրական ընկերությունը 2020 թ. օգոստոսի 31-ին այս ինքնաթիռը լիզինգով հանձնել է հայկական ավիաընկերությանը, սակայն, ըստ լուրերի, այն մինչ այդ արդեն վաճառված է եղել իրանական «Caspian Airlines» ավիաընկերությանը: Ստացվում է, որ օդանավը պատժամիջոցների տակ Իրան տեղափոխելու գործընթացը կյանքի կոչելու համար ինքնաթիռը ձեւական գրանցվել է Հայաստանում (մինչ այդ այն Լիտվայում էր գրանցված, բայց տեւական ժամանակ չէր շահագործվում եւ կայանված էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանում): Նկատենք, որ նախկինում մեր երկրից դեպի Իրան օդանավեր տեղափոխելու լայն պրակտիկա է գործել: Իրանը օդանավերի եւ դրանց պահեստամասերի խիստ կարիք ունի, սակայն արեւմտյան պատժամիջոցների պարագայում մեծապես դժվարացել է դրանց ներկրումը: Իրանի համար միջնորդի դեր խաղացող երկրների շարքում նշվում են նաեւ Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի անունները: Ընդ որում՝ EK-FAA-ն Տալլինից (այստեղ այն տեխսպասարկում էր անցնում) դեպի բուլղարական Վառնա, ապա Թեհրան են տեղափոխել տաջիկական «Tajik Air»-ի օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը, որոնց ներգրավել էր շվեյցարական լիզինգատուն: Հայկական կողմի երկարատեւ ջանքերի արդյունքում ապրիլի 23-ին օդանավը Թեհրանից տեղափոխվեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ կանգնած է մինչ օրս: Դրա վրա ԱԱԾ-ն կալանք է դրել: Հիշեցնենք, որ ծառայությունը փետրվարի 25-ին քրգործ է հարուցել օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով: «Fly Armenia Airways»-ը պնդում է, որ ինքնաթիռը Թեհրան է տեղափոխվել առանց իր գիտության եւ թույլտվության: «Ավիաընկերությունը տուժել է այդ հանցավոր գործունեության հետեւանքով եւ իր հնարավորության սահմաններում նախաքննության մարմնին տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները եւ փաստաթղթերը։ Ընկերությունը հույս է հայտնում, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն եւ կենթարկվեն պատասխանատվության»,- «Հետքին» փոխանցել են հայկական փոխադրողի գրասենյակից։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ շվեյցարական ընկերությունը ինքնաթիռը վաճառել է իրանական կողմին եւ օգտագործել է հայկական ավիափոխադրողին (ավելի կոնկրետ՝ ինքնաթիռի ՀՀ գրանցումը)՝ գործարքն ավարտին հասցնելու՝ բորտը Իրան տեղափոխելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից, հուլիսի 29-ին «Fly Armenia Airways»-ը դիմել է Երեւան քաղաքի դատարան՝ ընդդեմ օդանավի սեփականատեր «BK Impex»-ի: Պահանջը գումարի բռնագանձումն է: Այսինքն՝ ընկերությունը «Boeing 737-300»-ի անօրինական տեղափոխության պատճառով կրած վնասների փոխհատուցում է պահանջում լիզինգատուից: Գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին (Արաբկիր նստավայր):       Չնայած EK-FAA-ն այս պահին էլ մնում է «Fly Armenia Airways»-ի հաշվեկշռում (լիզինգային պայմանագրով այն ՀՀ-ում գրանցված է մինչեւ 2025 թ. օգոստոսի 20-ը), իսկ մյուս կողմից՝ նախաքննություն վարող ԱԱԾ-ն դրա վրա կալանք է դրել, մեր տեղեկություններով, հայկական փոխադրողն այլեւս մտադիր չէ շահագործել ինքնաթիռը: 1997 թ. արտադրված այս օդանավը նախկինում շահագործվել է Նոր Զելանդիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Աֆղանստանում, Հունաստանում, Ջիբութիում, Սլովենիայում, Ռումինիայում, Լիտվայում, Գերմանիայում, Թունիսում, Իռլանդիայում: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:06 - 31 հուլիսի, 2021
Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Երեկ Times.am լրատվական կայքը հրապարակել է «Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ Երևանի երկնքով բավական քիչ բարձրության վրա ինքնաթիռ է անցել, որը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստացել են օդային միջանցք։ Սակայն նյութում առկա պնդումները մանիպուլյատիվ են։ Ուսումնասիրելով Ստամբուլից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվող քաղաքացիական չվերթները՝ Flightradar համակարգից տեղեկացանք, որ նման չվերթներ իրոք տեղի ունեցել են և ոչ մեկ կամ երկու անգամ։ Այսպես, համաձայն Flightradar համակագի վերջին մեկ տարվա տվյալների՝ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ավիաչվերթներ սկսել է իրականացնել միայն վերջին ամիսներին։  Ստամբուլից Բաքու TK332 չվերթային կոդով թռիչքներ իրականացնող Turkish Airline թուրքական ավիաընկերության թռիչքուղին սովորաբար եղել է Վրաստանի օդային տարածքով՝ շրջանցելով Հայաստանի օդային տարածքը, սակայն 2021 թվականի մայիսի 5-ին Վրաստանի օդային տարածքով Բաքու գնալու փոխարեն, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Բաքու մեկնել է Հայաստանի օդային տարածքով։ Նման երթուղով չվերթներ եղել են նաև մայիսի 23-ին, հունիսի 8-ին, 10-ին, 28-ին, հուլիսի 4-ին, 6-ին, 9-ին, 20-ին և 29-ին։ Նույն ուղղությամբ թռիչքներ իրականացվել են նաև TK 334 և TK 338 չվերթային կոդերով։ Այս դեպքում նույնպես պարբերաբար դեպի Բաքու թռիչք իրականացնելիս օգտագործվել է Հայաստանի օդային սահմանը։ Մայիսի 1-ին, 20-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին, 3-ին երկու անգամ, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին երկու անգամ, 11-ին, 12-ին 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 21-ին, 22-ին երկու անգամ, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին, 14-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին երկու անգամ, 25-ին, 27-ին, 28-ին և 29-ին երկու անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Ստամբուլից Բաքու իրականացվող թռիչքների ժամանակ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով դեպի Բաքու իրականացրել է 58 չվերթ։ Բաքվից Ստամբուլ չվերթներ Հայաստանի օդային տարածքով նույնպես եղել են։ Հայաստանի օդային տարածքով դեպի Ստամբուլ չվերթները եղել են 35-ը։ Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 11-ին, վերջինը՝ հուլիսի 29-ին։ Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածում հնչած այն պնդմանը, որ ինքնաթիռը Երևանի երկնքով անցել է բավական քիչ բարձրությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Հուլիսի 29-ին, Հայաստանի օդային տարածքով անցել են  թուրքական ավիաընկերության 4 ինքնաթիռներ, որոնցից երկուսի թռիչքուղին եղել է Բաքվից Ստամբուլ, մյուս երկուսինը՝ Ստամբուլից Բաքու։ Այս ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով անցնելիս եղել են 10-11 կմ բարձրության վրա։ Մյուս պնդման՝ Ադրբեջանի ու Թուրքիայի օդային միջանցք ունենալու վերաբերյալ կապ հաստատեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման․ «Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- հեղինակ ) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով և մոտեցումը դա է»,- զրույցի ընթացքում ասաց Սարուխանյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի օդային տարածքով անցնելուն, ապա Սարուխանյանը նշեց, որ թույլատրության խնդիր չկա, պարզապես պետք է օդային տարածքով անցնել ցանկացող ավիաընկերությունը ներկայացնի թռիչքային ծրագիրը, որտեղ նշված կլինի, թե որ ժամին են մուտք գործելու Հայաստանի օդային տարածք, որ ուղղությամբ են շարժվելու և որ ժամին են դուրս գալու։ Հետևաբար առանց հայկական կողմի իմացության թուրքական ավիաընկերությունը չէր կարող հատել Հայաստանի օդային սահմանները։ Մեր զրուցակիցն իր խոսքում նշում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերը, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանի օդային սահմանները փակ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի օդանավերի համար, այլ հարց է, որ նախկինում թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով չվերթներ չէր իրականացնում։ Նարեկ Մարտիրոսյան
18:51 - 30 հուլիսի, 2021
Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների, ինժեներների և անձնակազմի անդամների

Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների, ինժեներների և անձնակազմի անդամների

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրությունը ստորև. «Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։  Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։  Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև ներկայացնում ենք այդ, ինչպես նաև հաջորդած օրերին մեզ ուղղված հաճախ տրվող հարցերի պատասխանները։   Ի՞նչ նպատակ ուներ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը։ Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ.-ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցակցունակության բարձրացման ուղղությամբ։ Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։   Ինչո՞ւ են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է։ Կարծում ենք՝ առավել քան։ Աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե' բիզնես, թե' ներդրումային հեղինակության տեսանկյունից։ Սա ծախս չէ, այլ ներդրում խոստումնալից բիզնես ծրագրի մեջ, որը լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։   Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասնակցության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը։ Այս հարցին բազմակողմանի պատասխան տալու համար խորությամբ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ եւ մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։ Էյր Արաբիան իր հետ բերում է թե' արդյունավետ բիզնես մոդելից, թե' ավիափոխադրման ոլորտում տարիների հաջողված փորձից օգտվելու բացառիկ հնարավորություն, ինչը նոր ազգային ավիափոխադրողի համար լուրջ մրցակցային առավելություն է։ Բացի այդ, նման համապարփակ փորձառություն ունեցող ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս տուրիզմի ոլորտի համար բարդ շրջաններում, ինչպիսին, օրինակ, 2020 թվականն էր, ռիսկերի համատեղ, արդյունավետ կառավարման համար։   Արդյո՞ք օտարերկրյա ընկերության մասնակցությամբ ձեռնարկությունը կարող է «ազգային ավիափոխադրող» կոչվել։ Արդյո՞ք սա պարզապես կոմերցիոն ավիափոխադրող չէ։ Իրավական տեսանկյունից որեւէ կարգավորում՝ «ազգային ավիափոխադրող» անվանումը չի ենթադրում, ո'չ միայն հայաստանյան, այլև շատ երկրների օրենսդրությամբ։ Այդուհանդերձ, նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ միջոցով։ Կարծում ենք, որ պետության նման զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց՝ «ազգային ավիափոխադրող» է։ Վստահ ենք, որ ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն, կամ պետական դոտացիա։ Չենք կարծում, որ դոտացիան հարկատուների միջոցների արդյունավետ կիրառում է։ ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է արել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում, որը ներդրման լավագույն ձեւն է։ Ազգային ավիափոխադրողը չպետք է բեռ լինի պետության համար, այլ հակառակը՝ պետք է հավելյալ տնտեսական արժեք ստեղծի։ Այդ առումով համատեղ ձեռնարկության այս ձեւաչափը առավել արդյունավետ է։   Որքան է կազմում յուրաքանչյուր կողմի բաժնեմասնակցությունը։ Բաժնետոմսերը մոտավորապես հավասար են, բայց մեծամասնությունը տնօրինում է հայկական կողմը։ Մենք առաջնորդվել ենք գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքով, որ այն գործընկերը՝ տվյալ դեպքում՝ Էյր Արաբիան, որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողությունն ու փորձը պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ՝ օրինակ՝ նշանակի ընկերության ղեկավար կազմ, իհարկե նաեւ մեր կողմի համաձայնությամբ։   Ի՞նչպես է կառավարվելու ընկերությունը, ի՞նչ մոդելով է աշխատելու, արդյոք «բյուջետային» նշանակում է, որ տոմսերը լինելու են մատչելի։ Նոր ավիաընկերությունը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից, որը նշանակվելու է Էյր Արաբիայի եւ ԱՆԻՖ-ի համատեղ որոշմամբ։ Ընկերությունը կշահագործվի Էյր Արաբիայի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն։   Արդյո՞ք ընկերության անձնակազմում կլինեն հայ մասնագետներ, օդաչուներ։ Ինչպե՞ս է իրականացվելու կադրային քաղաքականությունը։ Նոր՝ համատեղ ավիաընկերության հենակետը լինելու է Երեւանը, ընկերության ղեկավար անձնակազմը նշանակվելու է համատեղ որոշման արդյունքում, իսկ հետագա անձնակազմի համալրումը իրականացնելու է արդեն նոր ընկերության ղեկավարությունը։ Ընկերության նպատակներից մեկն է նոր աշխատատեղերի ստեղծումը եւ այո՝ ներգրավվելու են հայ օդաչուներ, ինժեներներ, անձնակազմ։   Ինչո՞ւ է ընկերության անվանակոչությունը որոշվել իրականացնել քաղաքացիների առաջարկությունների միջոցով։ Իսկ ինչո՞ւ՝ ոչ։ ԱՆԻՖ-ը ցանկացած բիզնես ծրագրի մասնակցում է պետության անունից եւ հնարավորության դեպքում հանրության ուղղակի ներգրավումը մեզ համար կարեւոր է։ Ազգային ավիափոխադրողի անվանումը ընտրելը հենց նման ներգրավման հնարավորություն է։ Արդեն ունենք ավելի քան 300 առաջարկ ու հանրության շատ ակտիվ մասնակցություն։ Մրցույթը կամփոփվի 3 շաբաթից։ Ե՞րբ է սկսելու գործել ավիաընկերությունը։ Շուտով կտրվեն Օդանավ շահագործողի վկայականի ստացման աշխատանքները, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:
15:39 - 22 հուլիսի, 2021
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին |armtimes.com|

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին |armtimes.com|

armtimes.com: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն դատի է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Քաղավիացիայի կոմիտեի՝ օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցնելու մասին թիվ 299-Ա հրամանը: «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դատարան է դիմել հունիսի 21-ին: Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին: Հիշեցնենք՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին պատկանող «Բոինգ» տիպի հայկական գրանցմամբ համարանիշով ինքնաթիռը չարտոնված վայրէջք էր կատարել Իրանում: Մինչդեռ, ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից տրված թույլտվության, օդանավն իրավունք ուներ Տալլինից Կիեւ ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով: Սակայն օդանավի անձնակազմը, չպահպանելով ՔԱԿ-ի տրամադրած թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել էր դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետեւ՝ ուղղություն վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք էր կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Ինքնաթիռի՝ Իրանում չարտոնված վայրէջքի մասին լուրերը տարածվել էին փետրվարի 23-ից: Երկարատեւ բանակցություններից հետո օդանավը վերադարձվեց Հայաստանին:
20:18 - 23 հունիսի, 2021
Որոշում է կայացվել կասեցնել Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած օդանավ շահագործողի վկայականը․ Քաղավիացիայի կոմիտե

Որոշում է կայացվել կասեցնել Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած օդանավ շահագործողի վկայականը․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ: Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Հ.Գ. Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2021 թվականի փետրվարի 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու կապակցությամբ, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց օդանավակայանում»"
10:01 - 14 հունիսի, 2021
Տեխնիկական խնդիրների պատճառով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավի թռիչքը դարձել է անհնարին․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Տեխնիկական խնդիրների պատճառով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդանավի թռիչքը դարձել է անհնարին․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»,– ասվում է կոմիտեի տարածած հայտարարությունում:
18:28 - 16 մարտի, 2021
Հայկական ինքնաթիռի արկածներն ու անպատասխան հարցերը |hetq.am|

Հայկական ինքնաթիռի արկածներն ու անպատասխան հարցերը |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական ինքնաթիռի արկածները շարունակվում են: Սա բազմաշերտ պատմություն է, որում ներգրավված են մի քանի գործող անձինք՝ օդանավի սեփականատերը, շահագործող ընկերությունը՝ «Fly Armenia Airways»-ը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, Իրանն ու իրանական ընկերությունը, որն, ըստ ամենայնի, փորձել է ձեռք բերել այս օդանավը, ԱՄՆ-ն, որի արտադրանքն է «խաղասեղանին»: Եվ այդ «խաղասեղանի» մոտ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող մեր հարավային հարեւանը, ինչը չի կարող չմտահոգել ու, ճիշտ կլինի ասել, չզայրացնել ԱՄՆ-ին: Կծիկը քանդելու համար մի փոքր հետ կգնանք ու տեղի ունեցած առանցքային իրադարձությունները կներկայացնենք հերթականությամբ: 2020 թ. հուլիսին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացած «Fly Armenia Airways» ավիաընկերության անունով (որպես շահագործող) անցյալ տարեվերջին օդանավերի ռեգիստրում գրանցվել է ամերիկյան արտադրության 2 ինքնաթիռ՝ «Boeing 737-400» եւ «Boeing 737-300»: Սրանցից առաջինը Ուկրաինայից Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի 26-ին ու դեկտեմբերի 28-ին ՔԱԿ-ի կողմից գրանցվել ռեգիստրում որպես EK-FAB (ուկրաինական նախկին գրանցումը՝ UR-CNP): 1989 թ. արտադրված ինքնաթիռը նախկինում շահագործվել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հրվ. Կորեայում, Բելգիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ինդոնեզիայում, Ղրղըզստանում, Իրաքում, Ուկրաինայում, Հորդանանում, Էրիթրեայում: Օդանավի սեփականատերը ԱՄԷ-ում գրանցված «Eastok Avia (FZC)» ընկերությունն է: Հայաստան բերվելուց եւ մեկ ամիս անց հայկական գրանցում ստանալուց հետո մինչ օրս EK-FAB-ը կայանված է «Զվարթնոցում» (լուսանկարում):     Ըստ «Fly Armenia Airways»-ի կայքի՝ այն նախատեսված է 152 ուղեւորի համար: Օդանավի գրանցումը Հայաստանում վավեր է մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 12-ը, ինչն, ըստ էության, պայմանավորված է արաբական սեփականատիրոջ եւ հայկական շահագործողի միջեւ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետով: EK-FAB-ի գրանցումից 2 օր անց՝ դեկտեմբերի 30-ին, ՔԱԿ-ը գրանցել է «Fly Armenia Airways»-ի երկրորդ օդանավը որպես EK-FAA: Սա էլ արտադրվել է 1997 թ., նախկինում շահագործվել է Նոր Զելանդիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Աֆղանստանում, Հունաստանում, Ջիբութիում, Սլովենիայում, Ռումինիայում, Լիտվայում, Գերմանիայում, Թունիսում, Իռլանդիայում: 2020 թ. ապրիլի 6-ին այս «Boeing 737-300»-ի շահագործող լիտվական «GetJet Airlines»-ը Կաունասից օդանավը տեղափոխել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, որտեղ ինքնաթիռը մնացել է մի քանի ամիս: Planespotters.net-ն ինքնաթիռի սեփականատեր է նշում ամերիկյան «World Star Aviation»-ին, ինչը մի փոքր դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով, որ օդանավը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանում, ու այդ ամենից սեփականատերը դժվար թե անտեղյակ լիներ:     Դեկտեմբերի 30-ին հայկական EK-FAA գրանցումը ստացած օդանավը մինչ օրս Հայաստան չի բերվել: «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի արգելում մեր երկրում գրանցել օդանավ, եթե նույնիսկ գրանցման պահին այն Հայաստանում չի գտնվում: Այդպես էլ արվել է: ՔԱԿ-ը մարտի 4-ին հայտարարեց, որ չնայած գրանցվելուն՝ «Fly Armenia Airways»-ի ինքնաթիռին չի տրվել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ (չնայած այս հայտարարությանը՝ հունվարի 8-ին կոմիտեի հրապարակած ցուցակում նշում չկա այն մասին, որ EK-FAA-ն չունի նման սերտիֆիկատ. սա գուցե վրիպակ է, որովհետեւ փետրվարի 1-ի ու 22-ի ցուցակներում նման նշում կա): Թռիչքային պիտանիության սերտիֆիկատն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որը թույլ է տալիս օդանավը երկինք բարձրացնել: Էստոնիայի մայրաքաղաքում գտնվող հայկական EK-FAA-ն ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից չի ստացել նման սերտիֆիկատ, քանի որ Տալլինի օդանավակայանում տեխսպասարկում անցնելիս է եղել: «Fly Armenia Airways»-ը եւ ՔԱԿ-ը հայտարարել են, որ տեխսպասարկման աշխատանքների մի մասը պետք է կատարվեին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւից ոչ հեռու գտնվող Գոստոմել (Հոստոմել) քաղաքի օդանավակայանում: Տալլին-Գոստոմելի փոխարեն՝ Տալլին-Վառնա. ինչպե՞ս Տալլին-Գոստոմել տեխնիկական թռիչքի համար «Fly Armenia Airways»-ը, բնականաբար, պետք է թույլտվություն ստանար: ՔԱԿ-ը մարտի 4-ին հայտարարեց, որ ինքը «հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «օդանավի թռիչքի թույլտվություն» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թ. փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիեւ ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թ. փետրվարի 12-22-ը վավերության ժամկետով»։ Թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունեցող օդանավին թռիչքի թույլտվություն տալը նորմալ պրակտիկա է, եւ այն չի հակասում գործող նորմերին: ՀՀ կառավարության 2015 թ. որոշումը սահմանում է. «Այն դեպքերում, երբ օդանավը կարող է կատարել անվտանգ թռիչք, սակայն չունի օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, կոմիտեի կողմից ICAO-ի «Թռիչքային պիտանիության ձեռնարկի» (DOC 9760) դրույթներին համապատասխան տրվում է օդանավի թռիչքի թույլտվություն»: Կոմիտեն առաջնորդվել է հենց այս նորմերով: Ավիատոր Հակոբ Ճաղարյանն ասում է, որ թռիչքի իրավունք ստանալու կարգն այսպես է. շահագործողը թույլտվության համար դիմում է իր գրանցման երկրի ավիացիոն իշխանություններին (այս դեպքում՝ ՀՀ ՔԱԿ-ին)՝ նշելով թռիչքի նպատակը, ուղղությունը: Թույլտվությունից հետո (ինչպես վերեւում ասվեց, կոմիտեն այն տվել է փետրվարի 11-ին)՝ թռիչքից 2-3 օր առաջ, կազմվում է թռիչքի նախնական պլան, որի հիման վրա ստացվում են տարանցիկ չվերթի թույլտվություններ այն երկրներից, որոնց երկնքով անցնելու է օդանավը: Տալլին-Գոստոմել թռիչքի ժամանակ EK-FAA-ն, բացի Էստոնիայից ու Ուկրաինայից, պետք է օգտագործեր Լատվիայի ու Բելառուսի օդային տարածքները: Բնականաբար, ստացվում են նաեւ մեկնակետից ու վերջնակետից, այս դեպքում՝ Էստոնիայից եւ Ուկրաինայից, թռիչք ու վայրէջք կատարելու թույլտվություններ: Նախնական պլանի հիման վրա բուն թռիչքից 1-1,5 ժամ առաջ արդեն պետք է պատրաստ լինի թռիչքի պլանը (flight plan)՝ բոլոր մանրամասներով: Ինչպես արդեն գրել ենք, փետրվարի 19-ին EK-FAA-ն Տալլինից ուղղություն է վեցրել դեպի բուլղարական Վառնա՝ անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի վրայով (տես նկարում):     Ինչպե՞ս է օդանավն իրավունք ստացել Ուկրաինայում վայրէջքի փոխարեն տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարել դրա վրայով, ապա նույնկերպ անցնել Ռումինիայի երկնքով ու վայրէջք կատարել Բուլղարիայում, եթե նախնական պլանում եւ «flight plan»-ում պետք է լիներ Տալլին-Գոստոմել թռիչք Էստոնիա-Լատվիա-Բելառուս-Ուկրաինա ուղեգծով: Հարց է ծագում. արդյո՞ք «Fly Armenia Airways»-ը կեղծ փաստաթղթեր է կազմել ու այդպես օդանավը հասցրել Բուլղարիա: Մարտի 4-ին ՔԱԿ-ի տարածած հայտարարությունից հետեւում է, որ ամբողջ մեղավորությունը Տաջիկստանի քաղաքացի օդաչուներինն է:   Տաջիկական անձնակազմը «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է. «ՀՀ-ում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիները, եթե կոմիտեն բացառության կարգով այլ որոշում չի կայացնում»: Կոմիտեն հայտարարել է, որ «Fly Armenia Airways»-ը դիմել էր իրեն՝ «ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները եւ թույլատրել այդ անձնակազմով իրականացնել «մեկ թռիչք» դեպի Գոստոմելի օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թ. փետրվարի 12-20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիեւ երթուղիով»: Կառավարության 2015 թ. մեկ այլ որոշմամբ հաստատվել է թռիչքային անձնակազմի անդամների՝ այլ պետությունների կողմից տրված վկայականների ճանաչման կարգը: Ըստ այդ կարգի՝ հայկական օդանավ շահագործողը (այս դեպքում՝ «Fly Armenia Airways»-ը) սահմանված հայտ է ներկայացնում կոմիտեին՝ կցելով օդաչուներին վերաբերող մի շարք փաստաթղթեր, այդ թվում օտարերկրյա պետության կողմից տրված վկայականի պատճենը: Եթե դրանցում կոմիտեն խնդիր չի հայտնաբերում, էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրած պետության լիազոր մարմնին՝ վկայականի իսկությունը հավաստելու համար: Այս դեպքում էլ խնդիրներ չծագելու դեպքում կոմիտեն հայտատու ավիաընկերությանը տեղեկացնում է օդաչուների մասնագիտական համապատասխանության գործընթացի մասին, որը ներառում է անգլերենի իմացության չորրորդ մակարդակի թեստավորում: Թեստավորման դրական արդյունքի դեպքում ավիաընկերությանը տրամադրվում են օդաչուների վկայականների վավերագրերը, այսինքն՝ այդ ձեւով վկայականները ճանաչվում են ՔԱԿ-ի կողմից: Մարտի 4-ի իր հայտարարության մեջ կոմիտեն միայն հայտնել է, որ «իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները»: Այսինքն՝ ՔԱԿ-ի կողմից Տաջիկստանի քաղաքացիների անգլերենի թեստավորման մասին խոսք չկա: Նկատենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված վերոնշյալ կարգը չի տարբերակում՝ այլ պետության կողմից տրված եւ ՀՀ-ում վավերացման ենթակա վկայական ունեցող օդաչուները հայկական օդանավով մե՞կ թռիչք պետք է կատարեն, թե՞ մեկից ավելի, կամ նրանք Հայաստանի՞ քաղաքացի են, թե՞ այլ երկրի: Կարգի առանցքում այլ պետության կողմից տրված վկայականի ճանաչում-վավերացումն է՝ վալիդացիան: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:02 - 06 մարտի, 2021
Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ Իրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ

Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ Իրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Հարգելի քաղաքացիներ, Ի լրումն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ին տրված պարզաբանման՝ կապված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ավիաընկերություն) Boeing 737-300 տիպի (գրանցման համարը EK-FAA) օդանավի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ավիաընկերությունը օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է Ավիաընկերությունը: Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ: Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։ Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանում տեղակայված տեխսպասարկման կայանում՝ օդանավի թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ Կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։ Միաժամանակ, Ավիաընկերությունը դիմել է Կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել «մեկ թռիչք» դեպի Գոստոմել օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։ Այդուհանդերձ, օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացվել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Նշենք նաև, որ Ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։ Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար: Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստավել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության հետ: Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Համաձայն Քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի 13–րդ Հավելվածի (ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն), ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրամադրվել են իրավապահ մարմիններին: Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։ Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրանակացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։ Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների և քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում։ Նախաքննության շահերից ելնելով՝ խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- ասված է Քաղավիացիայի տարածած հայտարարության մեջ:
17:05 - 04 մարտի, 2021