armenpress.am: Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու հարցով այս պահին քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել։ Այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Եղիշե Կիրակոսյանը նախ նշեց, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավական մարմին է, որի քննության առարկա են դառնում ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության մասին հարցերը։ Նրա խոսքով ՄՔԴ-ի գործառույթը կարող է իրականացվել երեք ձևով․ դատախազի նախաձեռնությամբ, որը կարող է իր որոշմամբ քրեական վարույթ սկսել, պետությունների կողմից իրավիճակի ներկայացմամբ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ։
«Այս պահի դրությամբ քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել»,- ասաց Կիրակոսյանը։
Եղիշե Կիրակոսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հայկական կողմը նախատեսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ներկայացնել հայց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների գործով։ «Չեմ կարող բարձրաձայնել հարցեր, որոնք կարող են ներքին քննարկումների առարկա լինել»,- ասաց նա։
Կիրակոսյանը նաև հավելեց, որ շատ է կարևորում Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալը, որովհետև վստահ է, որ ցանկացած իրավական գործընթաց՝ լինի Արդարադատության միջազգային դատարանում, թե Միջազգային քրեական դատարանում, ունեցել և ունենալու է շատ կարևոր անվտանգային նշանակություն։
comment.count (0)