Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան
 |azatutyun.am|
17:23 - 09 դեկտեմբերի, 2024

Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Եղիշե Կիրակոսյանը վստահեցնում է՝ այժմ նման հարց չի քննարկվում:

«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ կմեկնաբանեմ, ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ: Հիմա աշխատում են, այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են գործերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար», - ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության բանակցությունների նախագծի չհամաձայնեցված կետերից է, հայկական կողմը սա չի հերքել: Ավելին՝ Հայաստանից ամենաբարձ մակարդակով հայտարարվել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում պատրաստ են դրան:

«Կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ո՛չ իրենք մեր նկատմամբ, ո՛չ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար, ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի», - հայտարարել է վարչապետը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի:

«Չեմ մեկնաբանում այդ հարցերը», - պատասխանեց նա:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը: Եվս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել