Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նախագահի տեղակալն է «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել են՝ կարող է տրամադրվել, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար
 |news.am|

ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել են՝ կարող է տրամադրվել, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար |news.am|

news.am: Հայաստանը Եվրոպական միության հետ համաձայնություն ունի 2.8 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ, բայց ասել են` կարող է տրամադրվել, եթե լինեն համապատասխան ծրագրեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Եվրոպական ինտեգրման հարցերի եւ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատես նիստում 2022 թվականի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «ԵՄ–ի հետ համաձայնություն ունենք։ Նպատակ է դրվել ձևավորվել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն։ 1 օրում, 1 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ 2.8 մլրդ եվրոյի ծրագիր նախագծել։ Շարունակական աշխատանք է տարվում, և, որտեղ կա պատրաստի ծրագիր, ֆինանսավորվում է»,– ասաց Հովհաննիսյանը։ Նա նաև ներկայացրեց ԵՄ–ից ստացած վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցուցանիշները։ Նախորդ տարի Հայաստանը ԵՄ–ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ։ Սրանցից նպատակային դրամաշնորհ է եղել մոտ 2 մլրդ 980 մլն դրամը, իսկ ոչ նպատակային` 5 մլրդ 895 մլն դրամը։ Խոսելով ծախսերի մասին` նախարարը շեշտեց, որ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարվող ծախսերն առանց համաֆինանսավորման կազմում են 57 մլրդ դրամ։ ԵՄ–ից ստացված վարկերը կազմել են 10 մլրդ դրամ, իսկ դրամաշնորհները` 2.568 մլրդ դրամ։
15:37 - 05 հունիսի, 2023
Նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն

Նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք), որի ընդհանուր արժեքը գնահատվում է 236.681.000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի կողմի 150.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցները և ՀՀ համաֆինանսավորումը՝ մոտ 86,7 մլն դոլարի չափով: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանասավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին: Ըստ փոխնախարարի՝ ծրագրի նպատակն է վերոնշյալ ճանապարհահատվածի թողունակության բարձրացումն ու վթարայնության նվազեցումը: Քրիստինե Ղալեչյանի հավաստմամբ լրացուցիչ համաձայնագրով նախատեսվում է վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգում և Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար ֆինանսական միջոցների ավելացում: Փոխնախարարը փաստել է, որ այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները: Ըստ նրա՝ երեք տարի է նախատեսված շինաշխատանքների համար: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունը և մեր երկրի նպատակադրումը՝ դառնալ Հյուսիս-հարավ միջանցքի մաս, Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա-Հունաստան մեծ առևտրային ուղու մաս դառնալու համար անհրաժեշտություն է ունենալ ժամանակակից, զարգացած ենթակառուցվածքներ, ինչի իրականացմանն ուղղված են համաձայնագրով նախատեսված լրացուցիչ ծախսերը: Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
12:06 - 25 ապրիլի, 2023
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը


 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Տարեկան հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Հաշվետվությունը նախքան այս հանձնաժողովում քննարկումը քննարկվել է համատեղ հանձնաժողովների համատեղ նիստում: «2021-ը մենք բնորոշել ենք որպես շատ բարդ մարտահրավերների տարի, քանի որ անհրաժեշտ էր արձագանքել թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքներին, և ապահովել մակրոտնտեսական կայունություն, որը չափազանց կարևոր խնդիր էր: Համարում ենք, որ ընդհանուր առմամբ դա իրականացվել է շատ մեծ հաջողությամբ, որովհետև պետական եկամուտներն ավելացել են թե՛ բացարձակ, թե՛ հարաբերական ցուցանիշներով, ծրագրված ծախսերը կատարվել են ամբողջ ծավալով, չի եղել որևէ ծախս, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով հետաձգած լինենք: Պարտքի կառավարումն էլ դարձել է ավելի հուսալի»,-ասաց Խաչատրյանը: Տարվա ընթացքում զարգացումները եղել են կանխատեսվածից փաստացիորեն ավելի բարենպաստ. սկզբնապես նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն տարվա փաստացի տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս: Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 587 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը, դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավված էին 0.3 տոկոսային կետով, 2021-ին այն 147 մլրդ դրամով ավելին էր, քան սկզբնապես պլանավորվել էր: 2021-ին եղել է 2 տրլն 4 մլրդ դրամ փաստացի ծախս, որից ընթացիկ մասը՝ 1 տրլն 786 մլրդ, կապիտալ մասը՝ 218 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները կատարվել են ամբողջությամբ, կատարողականը շատ մոտ է 100 տոկոսին, իսկ կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը եղել է 92.3 տոկոս ճշտված պլանի նկատմամբ: Ըստ նախարարի՝ դա վերջին 4-5 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Իսկ ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Խաչատրյանն ասաց. «2021 թվականը նպատակ ուներ բարելավել պարտքի հարաբերական ցուցանիշը, որովհետև 2020-ին շատ բարձր աճ էինք արձանագրել, Կառավարության պարտքը 2019-ի նկատմամբ աճել էր 13.4 տոկոսային կետով՝ հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոսին: Մենք կարողացել ենք 2021-ի ընթացքում այդ ցուցանիշը նվազեցնել, այն կազմել է ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ մի կողմից ծրագրված և փաստացի իրականացված տնտեսական աճն է եղել ավելի բարձր, քան կարող էր գնահատվել սկզբնապես, մյուս կողմից՝ ծախսերը որոշակի իմաստով զսպվել են»: Պետբյուջեի դեֆիցիտը 2021-ին կազմել է 4.6 տոկոս, որը ՀՆԱ-ի նկատմամբ 0.8 տոկոսային կետով պակաս է, քան դրան նախորդող տարվա ընթացքում: Քվեարկությամբ՝ տարեկան հաշվետվությունը 5 կողմ ձայնով ստացավ դրական եզրակացություն: Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:  
12:56 - 13 հունիսի, 2022
Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում ապրանքների գնաճին: «Մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության ու մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պիտի հասկանանք, որ 9 տոկոս գնաճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասաց ԿԲ նախագահը: Գալստյանը նշեց՝ այս փուլում, երբ փոխարժեքն արժևորվել է,  զուգահեռաբար ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են: «Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Օրինակ՝ ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար ունենք միջազգային գների շատ մեծ աճ:  Բացի դրանից՝ արտահանողների հետ մեր շփումներում շատ հաճախ լսում ենք տրանսպորտային մեր խնդիրների մասին: Երբ խոսում ենք, փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, առաջնային է Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը: Ունենք արտահանողներ, որ ժամանակին արտահանում էին Ռուսաստան Լարսով, ու արտահանված ապրանքի փոխարեն նույն բեռնափոխադրող մեքենայով ներմուծում էին իրականացնում: Հիմա նույն արտահանողը կորցնում է ապրանքի մի մասը, որովհետև ապրանքը փչանում է  ճանապարհին, վերադարձի ժամանակ ներմուծվող ապրանք չի բերում, որովհետև դա տևում է 15 օր, եթե դատարկ է վերադառնում, դա տևում է 3 օր: Այսինքն՝ այդ ընկերությունների ծախսային կոմպոնենտներն էապես աճել են: Պատկան մարմինները պետք է համադրեն, թե ծախսերի աճն ու փոխարժեքի ազդեցությունն ինչքան է եղել, նոր որոշակի դատողություններ անենք՝ գները ճշգրտվել են թե ոչ»,- ասաց նա:
12:37 - 13 հունիսի, 2022
Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
 |hetq.am|

Էլեկտրոնային դրամապանակներով խաղադրույքներն արգելող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Փոփոխություններով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելն ու ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ում խոսքով նախագիծն ամբողջովին բխում է կառավարության ծրագրից, նաև՝ իշխող քաղաքական ուժի նախընտրական խոստումներից՝ որքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների` դրանց հասանելիությունը: «Բազմաթիվ դեպքեր են մեզ հայտնի դարձել, որ այդ «թակարդի» մեջ են հայտնվում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ: Սոցիալապես ապահով մարդու խաղալը մեզ համար խնդրահարույց չէ, որովհետև կարող է իր ժամանցի համար իր իսկ ստացած գումարների մի մասը ծախսել, մենք էդտեղ խնդիր չենք տեսնում, բայց եթե քաղաքացին օրինակ սոցիալապես անապահով է, պետությունից նպաստ է ստանում, նվազագույն աշխատավարձ, ու միևնույն ժամանակ իր ստացած եկամուտների մեծ մասն ուղղում է բուքմեյքերական գրասենյակներում խաղալուն, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանի համոզմամբ` պետությունը որոշակի գործիքակազմ կիրառելով պետք է միջամտի, և այդ տրամաբանության շրջանակում է նախագիծը կազմվել: Ըստ նրա` փոփոխությունները նպատակ ունեն ավելի թափանցիկ դարձնել ոլորտը, այսինքն, որպեսզի տեսանելի լինի` ով է խաղում, որքան է խաղում, ինչը հնարավորություն է տալու հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնել: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները, կարող է ստացվել դեպք, որ էդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնա ու ամբողջ գումարը պարտվի բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի, իսկ իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է` չի կարողանալու խաղալ. արդեն իսկ մեծ խնդիր լուծում է»,- ասաց Գևորգ Պապոյանը: Նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ում խոսքով գործադիրի մոտեցումները համահունչ են առաջարկվող կարգավորումներին: Փոխնախարարը հիշեցրեց, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքը նախորդ տարի է ընդունվել, հետևաբար, տնտեսությունը պետք է գնա այն ճանապարհով, որ քիչ կանխիկով ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն, ուստի նախագիծը համահունչ է այդ ընթացքին: «Մենք չէին գնա այս ճանապարհով, եթե ֆինանսապես գրագետ լինեին ու խաղային էն մարդիկ, ովքեր հասկանում են, որ պարտվելու համար են խաղում, բայց ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, որ ամբողջ գովազդային դաշտը հաղթելու, մեծ շահումներ տանելու մասին է, իսկ խաղացողները խաղում են վատ օրից, դրան հասնելու նպատակով: Հետևաբար, բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք արդեն ֆինանսապես ավելի գրագետ կլինեն և կհասկանան բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսապես կրեն»,- ասաց ֆինանսների փոխնախարարը: Հայրապետյանը կարևորեց նախագծով առաջարկվող փոփոխությունները փողերի լվացման տեսանկյունից, ըստ նրա, եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն,  հավանականությունը փոքր է, որ փողերի լվացման ռիսկեր կպարունակեն իրենց մեջ: «Միակ բացառությունը, որ կարելի է թույլատրել, կենդանի խաղի ժամանակ ոչ ռեզիդենտների կողմից խաղատանը խաղադրույքների գնման դեպքերը պետք է լինեն, մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»,- ասաց նա: Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց գովազդային դաշտին, գովազդում են մեքենաներ, բարձր շահումային ֆոնդեր, այսինքն՝ ոգևորում են շահումը, սակայն, ըստ միջազգային ուսումնասիրությունների, խաղի մեջ երկար ժամանակ մնացողը պարտված է: «Հավանականությունը, որ երկար խաղի մեջ մնաս, շահած դուրս կգաս, չկա, կարող է՝ մի անգամ խաղաս, շահես, բայց էդ պահին պետք է դուրս գաս, շահողին պետք է շուտ հանել համակարգից»,-ե զրափակեց  փոխնախարարը: Նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով դրական եզրակացություն:
14:30 - 11 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին վերաբերող նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում սահմանված «Հատուկ քննչական ծառայություն»-ը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե»-ով: «Բոլորս տեղյակ ենք, որ դադարեցվել են Հատուկ քննչական ծառայության լիազորությունները, և այժմ գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձվեն կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի վերաբերյալ ծառայությունները: Ընդ որում՝ այս ծառայությունն ուներ Հատուկ քննչական ծառայությունը, որը հիմա փոխանցվում է Հակակոռուպցիոն կոմիտեին»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: Ըստ փոխնախարարի՝ այսկերպ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:
11:40 - 14 մարտի, 2022
Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Ջանջուղազյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:  Ջանջուղազյանն իր խոսքում խոսեց հաշվեքննիչ մարմինների գործառույթների և առաքելության մասին:  «Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը:  Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատում ներքին հսկողության համակարգ պետք է գործի՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ:   «Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասաց Ջանջուղազյանը:
12:56 - 14 փետրվարի, 2022
Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով |armenpress.am|

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Օրենքի նախագիծը վերաբերում է անկանխիկ գործառնությունների դաշտի ընդլայնմանը: Օրենքը հիմնականում դրույթներ է սահմանում, որով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար անկանխիկ գործառնությունները դառնան ավելի մատչելի, դրանք ավելի մասսայական կիրառվեն: «Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել՝ ծառայություններ և ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, և բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-ասաց Երիցյանը: Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն ասաց. «Օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի: Այսինքն՝ քաղաքացին կանխիկով է վճարում, թե այլ վճարային միջոցներով, իր համար չպետք է գնի փոփոխություն լինի: Մնացածը միջնորդավճարներ են. դրվել է դրույթ, որ ԿԲ-ն կարող է սահմանել վերին և ներքին շեմ, մեթոդաբանություն, կարգ, կարգավորում մտցնել գների մեջ, որոնք հընթացս մենք կիրականացնենք»: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ և ավել տրամադրվող վարկերը: Հիմնական զեկուցող չառարկեց առաջարկներին: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նախագծին դեմ արտահայտվեց՝ նշելով, որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: «Եթե դու հաշվին ես փոխանցում գումարը, և իմ բանկոմատը չկա, այլ բանկոմատից օգտվելու դեպքում ես տուժում եմ»,-ասաց նա: Քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
11:39 - 11 հունվարի, 2022
ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կայացել Հայաստանում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

ԱԺ-ում աշխատանքային քննարկում է կայացել Հայաստանում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆինանսական ոլորտով զբաղվող պատգամավորների առաջարկով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ «Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչ Կենտրոնական բանկից: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ՀՀ-ում արդունաբերության զարգացմանը միտված քայլերն ուսումնասիրելը, որի արդյունքում հասկանալի կդառնա, թե ինչպես մեր երկրում ներմուծման ծավալները փոխարինել արտահանման ծավալներով: Այդ համատեքստում կարեւոր է նաեւ հասկանալ, թե արդյունաբերության զարգացման համար ո՞ր ուղղություններն են ընտրվելու՝ ճյուղային, թե հորիզոնական: Խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ներքին արդյունաբերության քաղաքականության զարգացման մշակմանը, առանձնացրել է դրան միտված մի շարք ուղղություններ: Դրանց շարքում ԱԺ փոխնախագահն առաջնային է դիտարկել որակյալ տվյալների վիճակագրությունը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, կարեւորելով հայկական արտադրությանը զարկ տալը, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սոցիալական գովազդներ, փաթեթավորման առանձնահատկություն, որպեսզի սպառողի համար այն ավելի տեսանելի եւ գրավիչ լինի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ արդյունաբերության ոլորտի առաջնահերթությունների հայտարարումն ու հիմնավորումը եռամսյա ժամկետում արձանագրված է նաեւ Կառավարության ծրագրում: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, կարեւորելով արտահանման ծավալների ընդլայնումը, նշել է, որ դրան կնպաստի նաեւ թղթաբանության ժամկետների նվազումը: Ըստ նրա՝ արտահանող կազմակերպություններն ամենաքիչ ժամանակը պետք է ծախսեն հենց դրա վրա: Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Կողմերն առանձնացրել են արդյունաբերության գերակա ուղղությունները՝ նշելով, որ առաջնային է զարգացման  հիմնական ճյուղերը հասկանալը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել գերակա ուղղության նշանակությունը: Ըստ նրա՝ դա կարող է սկսվել դիվանագիտական աշխատանքից ու վերջանալ ֆիսկալ քաղաքականության վրա ազդեցություններով: Գեւորգ Պապոյանը, ամփոփելով աշխատանքային քննարկումը, նշել է, որ այն կլինի շարունակական եւ մի քանի շաբաթից վերստին կհանդիպեն գործադրի ներկայացուցիչների հետ՝ ավելի առարկայական քննարկում անցկացնելու ակնկալիքով»,- նշված է ԱԺ հայտարարության մեջ։
20:32 - 12 նոյեմբերի, 2021
Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է, փոփոխվել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում: «Պատերազմից առաջ Չինաստանից ստացանք մեծ խմբաքանակ, բայց պատերազմի ընթացքում էլ այնքան մաշվեցին մեր ռեսուրսները, որ այդ ընթացքում պետությունը հատկացրեց միջոցներ, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք ձեռք բերել ամենագնացներ: Այս պահին էլ դրանք շատ մեծ օգնություն են մեր մարզերում դժվարանցանելի ճանապարհներին»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Ճապոնիայի կողմից պետական դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվելու լավ հագեցված շտապօգնության մեքենաներ: «Չենք սպասելու, որ մեր պարկը որևէ կետում մաշվի այնքան, որ սպասենք փրկօղակների»,- ասաց Ավանեսյանը:
14:16 - 08 նոյեմբերի, 2021
Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար |armenpress.am|

Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք կամ ընդհանուր դպրոցի ուսուցչական կազմի մեջ կունենանք որոշ դեպքեր, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի»,-հիշեցրեց Ավանեսյանը: Ժամանակագրական առումով պատկերացում չկա, թե համավարակը երբ կավարտվի: Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված են եղել, և թույլ են տվել առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, ապա, նախարարի խոսքով, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավականին վնասակար հետևանքներ է ունենում: «ԱՀԿ-ն էլ իր ուղեցույցներում նշում է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմներով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, քանի որ մենք ունենք նաև մեր երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե թերսնուցման և թե մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չենք կարող աչք փակել»,- ասաց Ավանեսյանը:  Ավանեսյանը նշեց, որ ինքը, որպես առողջապահության նախարար, որքան էլ հակված լինի նրան, որ լոքդաունները շատ արդյունավետ, կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, սակայն բացվելուց հետո կրկին նկատվում է հիվանդության աճ: Բուհերը դեռ առցանց են անցկացնում դասերը: «Բայց դպրոցները կշարունակեն այս սկզբունքով: Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ թիրախային մոտեցում կկիրառեն:
11:50 - 08 նոյեմբերի, 2021
Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

Առողջապահության նախարարության բյուջեն տարվա ընթացքում ավելացվել է մոտ 27 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարութան բյուջեն 2021 թվականի ընթացքում մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է՝ տարեսկզբին հաստատված բյուջեի նկատմամբ:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետբյուջեով նախատեսված է, որ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերով պետք է ծախսվի մոտ 120 մլրդ դրամ՝ 2021-ին հաստատված 114 մլրդ 500 մլն դրամի դիմաց: Սա 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 4.7 տոկոսով»,-ասաց նախարարը: Տարվա ընթացքում, սակայն, պարբերաբար վերանայվել է Առողջապահության բյուջեն, կատարվել են լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով: «Եթե միայն 2021-ի նոյեմբերի 8-ի դրությամբ ճշտված բյուջեն դիտարկենք, ապա այն մոտ 142.2 մլրդ դրամ է: Հետևաբար` մենք տարվա ընթացքում արդեն իսկ մոտ 27 մլրդ դրամի ավելացումներ ենք կատարել: Դրանցից ուղիղ 18 միլիարդ դրամը կապ ունի  կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման և հետևանքների հետ կապված առանձին ծրագրերի, միջոցառումների հետ»,-ասաց Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ 2022 թվականին ևս բոլոր այն դեպքերում, որտեղ ակնհայտ անելիքներ լինեն, կկայացնեն համապատասխան որոշումներ ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
10:41 - 08 նոյեմբերի, 2021
Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան |armenpress.am|

Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ 2022-ին պատգամավորները պարգևատրում չեն ստանալու, պարգևատրումների ֆոնդը նախատեսված է աշխատակազմի աշխատակիցների համար, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ միևնույն ժամանակ վստահեցնում է, որ հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Նրանք այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե  Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական , դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը: «Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,-հարցրեց նա:  «Վստահեցնում  եմ, որ բոլոր հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել  պետբյուջեի նախագծում: Կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ չի կարող հաստատել կամ չհաստատել, որ ԱԺ-ում պարգևատրումները կազմում են ընդհանուր աշխատավարձերի մոտ 20-22 տոկոսը: «Բոլոր այն դեպքերում, երբ բյուջեի մասին օրենքի նախագծում համապատասխան հատվածներում ներառված են աշխատավարձային հավելումներ կամ պարգևավճարներ, ապա այդ հաշվարկները կատարված են օրենքով սահմանված իրավական հիմքերի վրա»,-ասաց նա ու վստահություն հայտնեց, որ  դրանք կվճարվեն միայն համապատասխան հիմնավորումների պարագայում: Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում, օրինակ` վարորդները ստանալու են 30 տոկոսով, փորձագետները՝ 30 տոկոսով, այն մարդիկ, որոնք ամեն առավոտ մաքրում են մեր և ձեր սենյակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգևատրում, իսկ պատգամավորները չեն ստանալու»: Նա շեշտեց՝ բյուջեի նախագծով նախատեսված չեն պարգևատրումներ պատգմավորների համար: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ այն, որ ՀՀ-ում ոչ պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն` հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանա ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է, որ նրանք պետք  է ստանան հավելավճաներ պարգևատրումներ, ևս միանշանակ է: «Այն պնդումը, որ պետական քաղաքական պաշտոնների մասով, օրինակ՝ պատգամավորների մասով նախատեսված չէ, կարևոր է»,-ասաց Վարդևանյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:26 - 03 նոյեմբերի, 2021
Սյունիքի հատվածում կառուցում ենք նոր ուղեկալներ․ կունենանք լավ պայմաններ. ԱԱԾ տնօրենի տեղակալ |hetq.am|

Սյունիքի հատվածում կառուցում ենք նոր ուղեկալներ․ կունենանք լավ պայմաններ. ԱԱԾ տնօրենի տեղակալ |hetq.am|

hetq.am: «Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը hետ է քաշվել, Սյունիքի այդ հատվածում ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որոնք նախկինում չենք ունեցել»,- այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի բյուջետային քննարկմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց բյուջեով նախատեսված դեղորայքի քանակի ավելացումից: ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ թվաքանակը չի կարող հայտնել, սակայն բավականին մեծ քանակի է: «Այդ պատճառով ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որպեսզի կարողանանք ապահովել: Գիտեք՝ ինչ պայմաններում են նրանք ծառայություն իրականացնում, կառուցում ենք նոր ուղեկալներ, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն ու կունենանք լավ պայմաններ, ու կարիքը կարող է պատահի՝ չլինի: Իսկ էս պահին ապրում են տնակներում, ծառայություն են իրականացնում բաց տարածքներում, և հաճախակի են պետք գալիս նման դեղորայքներ»,- ասաց Հակոբյանը: ԱԱԾ տնօրենի տեղակալի վստահեցմամբ` մինչև նոյեմբերի վերջ ծառայությունը կվերջացնեի սահմանային հատվածներում բոլոր տնակների տեղադրման հարցը: «Մեկ հատ անցած շաբաթ ենք դրել Որոտանի հատվածի վրա, մեկ տեղ է մնացել վրանային տիպ, դա էլ կվերացնենք, ու բոլորն ապահոված կլինեն տնակներով: Ես վերջերս եմ վերադարձել Սյունիքից, մեր զինծառայողները ճիշտ է բավական դժվար պայմաններում են ծառայում` եղանակով պայմանավորված, բայց բավականին ապահովված են՝ և' սնունդով, և' հագուստով»,- հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրացրեց սահմանապահ զորքերի և պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը` նշելով, որ վերջիններս այժմ բավական ծանր պայմաններում են ծառայություն իրականացնում: «Դուք էլ Ձեր խոսքում նշեցիք կենցաղային և անվտանգային որոշակի աշխատանքներ կան, որոնք դեռևս ավարտված չեն, այս տեսանկյունից ուզում էի հասկանալ` արդյոք սահմանային հատվածներում նախատեսված չէ սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում»,-հարցրեց պատգամավորը: ԱԱԾ տնօրենի տեղակալն արձագանքեց` հարցով զբաղվում են, ծառայության տնօրենը հանձնարարել է խնդրին լուծում տալ, հատկապես՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի առնչությամբ: «Բավականին ցածր է, ինչքան ստուգել ենք մյուս կառույցների հետ, մերոնք բավական ցածր աշխատավարձ են ստանում: Այդ իսկ պատճառով մեր մոտ թվաքանակը նվազել է, ազատվում են աշխատանքից, բայց տնօրենի հանձնարարությունը կա, շատ արագ պետք է արձագանքենք և հնարավորություն ստեղծենք, բարձրացնենք: Բարձրացումը 210-220 հազարի մոտ է լինելու, էս պահին մոտ 160 հազար են ստանում»,- նշեց Հակոբյանը: Նշենք, որ կան պատգամավորներ, որոնք դիմել են ԱԱԾ` գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել: Այդ պատգամավորները նիստի դռնփակ հատվածին չկարողացան մասնակցել, քանի որ պետական ու ռազմական գաղտնիքին առնչվող հարցեր էին քննարկվելու, որի ժամանակ չէին կարող ներկա լինել: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
13:35 - 01 նոյեմբերի, 2021